Նախօրեին տարօրինակ իրադարձություն է եղել Երևանում: Հայաստանում կոնյակ և գինի արտահանող մի խումբ ձեռնարկատերեր, որոնք արտահանում են իրենց ապրանքը դեպի Ռուսաստան և Մերձբալթյան երկրներ, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանության դեմ:
Նրանց դժգոհությունն այն է, որ Վրաստանում իրենց ապրանքը ենթարկում են անհարկի ստուգման, ինչը խլում է ժամանակ, քանի որ բեռնափոխադրողները երկար կանգնում են Վրաստանում, և դա բերում է ֆինանսական կորստի:
Դժգոհությունը հասկանալի է: Գուցե իր բացատրությունները կունենա վրացական կողմը: Ով է այստեղ առավել հիմնավոր դիրքերում, տվյալ պարագայում էական չէ, որովհետև տվյալ պահին առավել առանցքայինն այն է, որ փաստորեն իր դիրքում չէ Հայաստանի կառավարությունը:
Եթե Հայաստանի կառավարությունը լինի իր դիրքում, Հայաստանի տնտեսվարողը, Հայաստանի արտադրողը չի ունենա անհրաժեշտություն գնալ և բողոքի ակցիա անել որևէ օտար երկրի դեսպանատան առաջ, լինի դա Վրաստանը, թե այլ երկիր:
Որովհետև այդօրինակ մեթոդներով տնտեսական հարցեր լուծելու փորձերը կարող են առաջացնել քաղաքական հարցեր, դառնալ քաղաքական լարվածության ու մանիպուլյացիաների առիթներ:
Իսկ թե հայ-վրացական հարաբերությունը որքան զգայուն է այդօրինակ ռիսկերի նկատմամբ, և որքան շատ են հայ-վրացական հարաբերության լարվածության անմիջական մոտ ու հեռու շահառուները, թերևս բարդ չէ պատկերացնել ու ընկալել:
Հետևաբար, եթե կան տնտեսական հարցեր, ապա դրանք պետք է լուծվեն կառավարությունների մակարդակով, համապատասխան գերատեսչությունների, նախարարությունների ներգրավմամբ:
Եթե Հայաստանի արտադրողը, արտահանողը ստիպված է գնալ և բողոքի ակցիա անել օտար երկրի դեսպանատան առաջ՝ իր խնդիրները լուծելու համար, դա նշանակում է, որ Հայաստանի այսպես կոչված պատկան մարմինները չեն կատարում Հայաստանի տնտեսվարողների շահերի պաշտպանության իրենց առաքելությունն ու գործառույթը, իրենց պարտականությունը: Խնդիրները, որ ունեն տնտեսվարողները, բնորոշ են բոլոր երկրներին:
Կառավարությունները, պետական ինստիտուտները հենց նրա համար են, որ դրանք լուծվեն՝ միջպետական հարաբերությունները նվազագույն, գրեթե զրոյական ռիսկի ենթարկելու միջոցով: Իսկ դրա համար հենց կարևոր է, որ լինի խնդիրների ուղղությամբ միջպետական աշխատանք՝ Հայաստանի տնտեսվարողը հարաբերվի Հայաստանի կառավարության հետ, ներկայացնի խնդիրը, իսկ Հայաստանի կառավարությունն աշխատի տվյալ երկրի, այս դեպքում՝ Վրաստանի հետ: Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ էր Հայաստան այցելել Վրաստանի նախագահը:
Մոտ երեք ամիս առաջ Հայաստանում էր Վրաստանի վարչապետը, անցկացվեց միջկառավարական հանձնաժողովի նիստ: Եթե կան խնդիրներ, որոնք խանգարում են արտահանողին և չեն ստանում լուծումներ, ուրեմն կա կառավարությունների խիստ անարդյունավետ աշխատանք, տվյալ դեպքում՝ Վրաստանի «պատկան մարմինների» հետ Երևանի «պատկան մարմինների» աշխատանքի անարդյունավետություն:
Իսկ դա պետք է առաջին հերթին հուզի, օրինակ, Հայաստանի քաղաքական իշխանությանը, երբ տնտեսական խնդիրները կարող են տնտեսական հարցերի համար պատասխանատու գերատեսչությունների անբավարար աշխատանքի պատճառով հասնել մինչև քաղաքական ռիսկի մակարդակ: Իսկ որևէ դեսպանատան դեմ բողոքի որևէ ակցիա՝ անկախ թեմայից ու ոլորտից, ինքնին քաղաքական ակցիա է, հետևաբար քաղաքական ռիսկ:
Բաց մի թողեք
Կովկասի հարցում հնարավոր է ապավինել լարվածության ռիսկի արդյունավետ ու «կայուն կառավարմանը»
ՔՊ-ը քաղաքական այլընտրանք չունի՞, Հայաստանի երկրորդ ընտրությունը կրոնապետությո՞ւնն է
Քելոգը ՌԴ նախագահ Պուտինին «խնդրել է խելքի բերել Մեդվեդևին»