Արցախի Ազգային ժողովի պատգամավորը, որ չի ցանկացել հրապարակել ինքնությունը, բառացիորեն հետևյալն է ասել․ «Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ոչ թե Արցախի լուծարման, այլ բնակչության հավաքական և անվտանգ դուրս գալու մասին է»։
Ընդ որում, նա «բացահայտել է», որ այդ որոշումը նա կայացրել է Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ։ Ավելի վաղ Ստեփանակերտի քաղաէլիտայի ներկայացուցիչները, որպեսզի հիմնավորեն Երևանում Արցախի պետական ինստիտուտների պահպանման թեզը, պատճառաբանում էին, որ ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր ստորագրվել է ստեղծված ծայրահեղ իրավիճակում, բայց այն իրավական ուժ չունի, քանի որ Սահմանադրությունը նախագահին նման լիազորությամբ չի օժտում։
Այսօր արդեն վկայակոչում են Սամվել Շահրամանյանի մեկ այլ հրամանագիր, որով նա ԼՂՀ լուծարման մասին իր հրամանագիրը ճանաչել է ուժը կորցրած։ Թեման ինչո՞ւ է «վերաբացվել»։
Բանն այն է, որ մայիսի 21-ին սպառվում է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը, իսկ Ստեփանակերտի քաղէլիտան կարգավիճակ կորցնելու մտադրություն չունի։ Նրանք, իհարկե, դա բացատրում են ոչ թե անձնական ցանկությամբ կամ Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցելու մտադրվածությամբ, այլ Արցախից բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդու իրավունքրի պաշտպանության, հավաքական վերադարձի և ինքնորոշման իրավունքի իրացման հասնելու անհրաժեշտությամբ։
Ըստ մամուլի տեղեկությունների, քննարկվում է նոր նախագահի ընտրության կամ Սամվել Շահրամանյանի վերընտրության հարցը, առայժմ հստակություն չկա, պարզաբանումներ չեն արվել ո՛չ Արցախի Տեղեկատվական շտաբից, որ փոխարինում է նախագահի մամուլի ծառայությանը, ո՛չ Ազգային ժողովից։
Տպավորություն է, թե գործ ունենք ոչ թե քաղաքական Ստեփանակերտի ինքնուրույն քայլերից ենթադրվող զարգացումների, այլ ուղղորդված քարոզչության հետ, որի բուն նպատակը Հայաստանում «հեղափոխական իրավիճակի» ստեղծմանն աջակցությունն է։
Ասվածի «իրեղեն ապացույց» է սոցիալական մեդիան, որտեղ վերջին օրերին քարոզչական «պատերազմի են զորակոչվել» տասնյակ օգտատերեր, որ բռնատեղահանությունից հետո ավելի քան մեկուկես տարի «զորացրված էին»։
Ընդ որում, նրանք հիմնականում սեւեռված են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ ընդդիմության և քաղաքական մեծամասնության միջեւ ծավալվող բանավեճի վրա և գեներացնում են «ուժեղ տղայի պաշտամունք»՝ ի հակակշիռ ՔՊ-ականների «թուլամորթության և վախկոտության»։
Ի՞նչ կապ ունի այդ խնդիրն Արցախի սուբյեկտության պահպանման անհրաժեշտության հետ կամ ո՞վ է սահմանել, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված չէ» խոսույթը միայն Սամվել Շահրամանյանը և նրան Արցախի նախագահ ընտրած քսաներկու պատգամավորները, նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարող են պաշտպանել և միջազգային հարթակներում ներկայացնել։
Այդ էլիտան, ի վերջո, մոտ երեք տարի Ստեփանակերտում պաշտպանել է «Արցախը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում» քաղաքական նարատիվը, քարոզել «նոր Սարդարապատ» և հասել բնակչության հավաքական դուրս գալու մասին հրամանագրի ստորագրման՝ ինչպես իրադարձություններից ավելի քան մեկուկես տարի անց բացահայտել է Արցախի Ազգային ժողովի ինկոգնիտո պատգամավորը։
Որևէ մեկը բռնատեղահանված բնակչության շրջանում գոնե սոցհարցում անցկացրե՞լ է, թե նա որքանով է վստահում Սամվել Շահրամանյանին, Ազգային ժողովին, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարներին, նրանց լիազորո՞ւմ է, որ Հայաստանի իշխանությունների կամ միջազգային կենտրոնների հետ շփումներում պաշտպանի իր շահերը։
Չկան նման ուսումնասիրություններ, ուստի այն խմբակը, որ հանդես է գալիս Արցախի ամբողջ բնակչության անունից, նախ պետք է լուծի իր լեգիտիմության հարցը։ Հակառակ դեպքում պետք է արձանագրել, որ նրանք, ձգտելով ուզուրպացնել ԼՂ բնակչության ընտրված ներկայացուցիչների մանդատը, փաստացի ծառայում են այն ապալեգիտիմացնելու ադրբեջանական ջանքերին։
Բաց մի թողեք
Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին. Middle East Eye
Ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի, որ ամեն մեկն իր տեղում լինի մեր երկրում
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է