03/07/2025

Հայաստանը հայտնվում է Կովկասը պարփակող երկու խոշորագույն անվտանգային կառուցվածքների միջև՝ Եվրոպա և Միջին Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՆԱՏՕ արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպումից հետո տված հարցազրույցում ասել է, որ շաբաթներ անց տեղի ունենալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում բոլոր երկրները կհամաձայնեն առաջիկա տասնամյակում ՀՆԱ 5 տոկոսը պաշտպանական ծախսերին ուղղելուն:

Պարզ չէ, թե արդյո՞ք Ռուբիոն այդ հավաստիացումն արել է Թուրքիայում ՆԱՏՕ արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման հիման վրա:

Հրապարակային մակարդակում, կարծես թե, հիմք չկա եզրակացնելու, որ ՆԱՏՕ բոլոր անդամներն են դրան կողմնակից: Գերմանիայի պաշտպանության նախարարը, օրինակ, ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ իրատեսական և ընդունելի է ՀՆԱ 3 տոկոսի սահմանը: Կան այլ կարծիքներ:

Սակայն այստեղ բանը, ըստ երևույթին, լոկ ՀՆԱ տոկոսի ցուցանիշը, թվաբանությունը չէ, այլ այն, որ առաջանում են, կարծես թե, տարբեր պատկերացումներ անվտանգության մեխանիզմների և մոդելների առնչությամբ:

Դրա վկայություն է, օրինակ, այն, որ Անթալիայում ՆԱՏՕ արտգործնախարարների հանդիպումից հետո հյուրընկալող Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը ամփոփիչ ասուլիսում նշել էր, որ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը ոչ թե ընտրության, նախապատվության հարց է, այլ անհրաժեշտություն:

Ֆիդանի այդ հայտարարությունը հուշում է, որ հարցը քննարկվել է ՆԱՏՕ ԱԳ նախարարների հանդիպմանը և դրա վերաբերյալ առնվազն կան էապես տարբեր պատկերացումներ: Դրա մասին հնարավոր է դատել նաև Եվրոպայից հնչող հայտարարություններից:

Գերմանիայի նոր կանցլեր Մերցը հայտարարել է, որ գերմանական բանակը պետք է լինի Եվրոպայում ամենամեծը և ուժեղագույնը: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է եվրոպական տարբեր քաղաքներում տեղակայել ֆրանսիական ռազմական միջուկակիր օդանավերը:

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի միջուկային զինանոցը այսպես ասած օդանավային «բազավորման» է: Ֆրանսիան փաստորեն պատրաստակամ է Եվրոպային առաջարկել միջուկային հովանոց, ԱՄՆ փոխարեն:

Զուգահեռ, Եվրոպայում արտահայտվում են անվտանգային նոր սխեմաների վերաբերյալ քննարկումներ ու համաձայնություններ: Բոլորովին վերջերս Փարիզն ու Վարշավան հայտնեցին այդպիսի համաձայնության մասին:

Նրանք երկուսն էլ ՆԱՏՕ անդամ են, և, եթե կայացնում են անվտանգության հարցերում գործակցության ու գործընկերության, անգամ փոխօգնության տրամաբանությամբ երկկողմ համաձայնություններ, ապա դա նշանակում է, որ լուրջ կասկածներ կան ՆԱՏՕ մեխանիզմի աշխատունակության վերաբերյալ:

Ավելի վաղ՝ ուկրաինական պատերազմի ընթացքում, Բրիտանիան անվտանգային եռակողմ գործակցության համաձայնություններ է ստորագրել Լեհաստանի և Ուկրաինայի հետ:

Սերբիան հայտարարում է Հունգարիայի և Սլովակիայի հետ ձևաչափի մասին: Ակնառու է, եվրաատլանտյան անվտանգության միջավայրում ընթանում են ակտիվ քննարկումներ նոր սխեմաների վերաբերյալ:

Դժվար է չհամաձայնել Ֆիդանի հետ, որ եվրոպական անվտանգության համակարգի նոր ճարտարապետությունը անհրաժեշտություն է, քանի որ ակնհայտ է ներկայիս ճարտարապետության ողնաշարի՝ ԱՄՆ դիրքորոշումների ընդհուպ ռազմավարական վերանայման պրոցեսը:

Դրա վկայություն է, երբ Պենտագոնի ղեկավարը հայտարարում է, որ ԱՄՆ չի կարող այլևս լինել Եվրոպայի անվտանգության միակ երաշխավոր: Մեծ վերափոխման պրոցեսը երևում է նույնիսկ Մերձավոր Արևելք ԱՄՆ նախագահ Թրամփի այցից, որտեղ նա հարյուրավոր միլիարդ դոլարների տնտեսական համաձայնություններ է կնքում Ծոցի արաբական միապետությունների դեմ:

Իսկ տնտեսական համաձայնությունների այդ ծավալը, ըստ էության, նշանակում է անվտանգության ռազմավարական առաջնահերթությունների համարժեք տրանսֆորմացիա: Մեծ հաշվով, Հայաստանը հայտնվում է Կովկասը պարփակող երկու խոշորագույն անվտանգային կառուցվածքների միջև՝ Եվրոպա և Միջին Արևելք:

Սա պետք է լինի հայաստանյան ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը, որովհետև այդ խոշոր տրանսֆորմացիաների առնչությամբ մտքերն ու գաղափարներն են, որ կարող են Հայաստանն օժտել սուբյեկտային հեռանկարով:

Անվտանգության երկու այդ խոշոր համակարգերում նոր հարաբերությունների ու ճարտարապետության ձևավորումը, թերևս, անհրաժեշտություն է դարձնելու Կովկասում դրանց համադրության հարցը, նույնիսկ անխուսափելիություն: