Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ձևավորված է բացասական վերաբերմունք, բայց իր նախագահության տարիներին և մինչ այդ էլ նա ոչինչ չի արել, որ կարող էր նույնիսկ դժգոհության տեղիք տալ:
«Ընդհակառակը, (Լուկաշենկոն) միշտ կանգնած է եղել մեր կողքին»,- վստահաբար հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահի խոսույթից հասկացվում է, որ եթե հաջորդ շրջանում, երբ ինքը նախագահ չէր, Բելառուսը Հայաստանի դեմ ինչ-որ քայլեր է ձեռնարկել կամ «մեր կողքից հեռացել է», պատճառը պետք է փնտրել Երևանում:
Այսինքն, նա ակնարկում է, որ Լուկաշենկոյին կարելի էր «մեր կողքին պահել» կամ գոնե հարաբերությունների այնպիսի մակարդակ պահպանել, որ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «թանկագին եղբայր» չանվաներ, բայց իրեն փոխարինողները թերացել են:
Ինչպես Նոդար Դումբաձեի հերոսը կասեր՝ «աշխարհը ծղոտով ծածկված չէ», որևէ հայտարարություն հիմնավորելու կամ դրա հավաստիությունը ստուգելու համար բավական է համացանցում մեկ-երկու րոպե որոնում անցկացնել:
Եվ ահա պարզվում է, որ Բելառուսի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունն սկսվել է… 2005 թվականին: Համենայն դեպս, ըստ «Վիքիպեդիայի», Ադրբեջանը Բելառուսից ռազմական առաջին մատակարարումն ստացել է այդ տարում:
Իսկ ի՞նչ է Բելառուսը վաճառել կամ նվիրաբերել Ադրբեջանին: Առաջին տարում՝ 19 միավոր T 72 տանկ, 2006 թվականին՝ արդեն 41 միավոր: Երրորդ տարում Ադրբեջանը Բելառուսից ստացել է 3 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգ:
2009 թվականին Բելառուսն Ադրբեջանին մատակարարել է 5 միավոր Су- 25 կործանիչ և ևս 3 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգ: Իսկ ընդհանուր առմամբ 2002-2012 թվականներին Ադրբեջանը Բելառուսից ստացել է 112 միավոր T 72 տանկ, 60 միավոր հետևակի մարտական մեքենա, 90 միավոր Д 30 հրետանային համակարգ, 6 միավոր Су 25 կործանիչ:
Կրկնենք, որ այս տեղեկությունները քաղված են «Վիքիպեդիայից», այսինքն՝ բաց աղբյուրից, որն էլ իր հերթին հիմք է ընդունել այն, ինչ հրապարակել են կողմերը՝ Բելառուսը և Ադրբեջանը: Իսկ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սպառազինությունների շուկայում բազմաթիվ գործարքներ կնքվում են միջնորդավորված, այդպես էլ իրականացնում են մատակարարումները, ինչպես նաև տեղի են ունենում գաղտնի, նույնիսկ մաքսանենգ գործարքներ:
Եթե համադրենք տասը տարում Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունները, ապա դրանք, հավանաբար, կբավարարեն մեկ համազորային բանակի կարիքները կամ, կոպիտ ասած, եթե այդ տասնամյակում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նման ծավալի և որակի զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և օդուժ ստանար, ապա Կուր-արաքսյան հանրապետության հռչակումը կմնար զուտ ժամանակի և արդյունավետ դիվանագիտության խնդիր:
Բելառուսը և Հայաստանը խնդրո առարկա տասնամյակում հանդիսացել են նույն ռազմա-քաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ, և Երևանը չէր կարող տեղյակ չլինել, որ մերձավորագույն դաշնակից երկիրը սպառազինում է իր հակառակորդին:
Հարց է, թե ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոյի այդ քայլերը Հայաստանի իշխանությունների դժգոհությունը չեն հարուցել կամ ինչո՞ւ նրանք տպավորություն են ունեցել, թե Բելառուսը «կանգնած է մեր կողքին»:
Բաց մի թողեք
Երևանն ինչու է անարձագանք թողնում Պեկինի առաջարկը
Ռուսաստանին ի՞նչ է սպասում հետկոնֆլիկտային փուլում
Ինչպե՞ս է Հայաստանում բաշխվում մեծ տնտեսական վիճակագրական աճը, որ իբր արձանագրվել է 3 – 4 տարիներին