12/07/2025

Ալիևը վերջնագիր է ներկայացնում Հայաստանին, այս անգամ ինչ է պահանջում նա

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվում է «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային համաժողովը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրել է Հայաստանին «արմատականության», «ծայրահեղականության» «մշակութային վանդալիզմի», «հարյուր հազարավոր մարդկանց իրենց նախնիների տարածքներից բռնի կերպով վտարելու» մեջ, որոնք, նրա մառազմատիկ բնորոշմամբ, «ենթարկվել են զանգվածային սպանությունների և բռնության»։

Միևնույն ժամանակ, նա, ինչպես  ենթադրելի էր, անտեսել է 1988-1990 թվականներին Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական քաղաքներից հայերի տեղահանման և էթնիկ ջարդերի փաստը։

Իր ուղերձում Բաքվի բռնապետը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի հարցն արդեն իսկ ներառված է միջազգային օրակարգում։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախաձեռնությունները աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից»։

«Արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների հարգման և հաշտեցման հաստատման համար։

Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից և քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը վերականգնելու և պաշտպանելու համար։

Հայաստանը պետք է հստակորեն արտահայտի իր դիրքորոշումը արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ժամկետների և պայմանների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կընդունի Համայնքի ներկայացուցիչներին»,- նշել է նա։

Ալիևի պնդմամբ, «Արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և պետք է դադարեցվեն հայկական կողմի փորձերը՝ այն այլ կերպ ներկայացնելու համար»։

Հատկանշական է, որ Ալիևը մեղադրում է հայ հասարակությանը «ատելության» և «Մեծ Հայաստանի մասին երազանքների» մեջ, մինչդեռ իր սեփական երկրում հայատյացությունը բարձրացվել է պետական ​​քաղաքականության մակարդակի։ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը պետության կողմից սերմանվում է վաղ մանկությունից։ Ադրբեջանական դասագրքերում ողջ կրթական գործընթացը կառուցված է հայերի բացասական կերպարի շուրջ։

Հավելենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասածը Բաքվի կողմից հրապարակ նետված քարոզչական քաղաքական հասկացություն է: Այն հիմնականում օգտագործվում է նկատի առնելով Հայաստանի Հանրապետության այժմյան տարածքը, որտեղ ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիներ են բնակվել: