Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին կգտնվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ գումարվում է Թուրքական պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովը:
Թուրքիայի նախագահի գրասենյակի հանրային կապերի վարչության պետ Ալթունը մամուլին տեղեկացրել է, որ նախագահ Էրդողանը կմասնակցի ԹՊԿ խորհրդի նիստին, ինչպես նաև կունենա երկկողմ հանդիպումներ:
Միջոցառումը կազմակերպվում է «Արևմուտքի և Արևելքի հանդիպման վայր» կարգախոսի ներքո՝ նկատի ունենալով, որ Հունգարիան, լինելով Եվրամիության անդամ, ԹՊԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ:
Ավելի վաղ «Անադոլուն» ներկայացրել է, որ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԹՊԿ առաջնորդներին կներկայացնի «Հյուսիսային Կիպորսի թուրքական հանրապետության հետ համերաշխության կարեւորությունը»: Ըստ երևույթին, ԹՊԿ բուդապեշտյան գագաթաժողովի ամենաառանցքային հարցը հենց դա է:
Բանն այն է, որ ապրիլի առաջին օրերին Սամարղանդում գումարված Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթով Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները պարտավորվել են Կիպրոսի հարցում հավատարիմ մնալ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջներին հավատարմության սկզբունքով:
Դա, ըստ էության, նշանակում է, որ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Թուրքմենստանը պարտավորվել են չճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»:
Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն վարչախմբի ղեկավար Էրսան Թաթարը խստագույն քննադատության է ենթարկել Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների առաջնորդներին: Պաշտոնական Անկարան հրապարակային դժգոհություն չի հայտնել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիությանը քննադատել է «երկակի ստանդարտներ կիրառելու» համար:
Որքանով հասկացվում է ԹՊԿ բուդապեշտյան գագաթաժողովի շուրջ տեղեկատվական հոսքերից,«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ» Էրսան Թաթարը մասնակցության հրավեր չի ստացել: Հունգարիան, չնայած վարչապետ Օրբանի հռետորաբանությանը, չէր կարող նման քայլի գնալ՝ խախտելով Եվրամիության կոնսենսուսային մոտեցումը:
Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձելու է Կիպրոսի հարցում ԹՊԿ անդամ պետությունների առաջնորդների նկատմամբ որոշակի ճնշումներ գործադրել: Այս առումով ամենաթիրախային դիրքում, անկասկած, Ադրբեջանի նախագահն է, որ թեև փաստացի հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հյուսիսի թուրքական վարչախմբի ղեկավարի հետ, բայց պաշտոնական ճանաչման մասին որոշում այդպես էլ չի կայացրել:
Անկասկած, Էրդողանը «բացատրություն է պահանջելու» Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների առաջնորդներից, թե ինչու՞ են «խախտել թուրքական աշխարհի համերաշխությունը»:
Եվ խնդիրն այստեղ միայն Կիպրոսը չէ: Էրդողանը միջազգային քաղաքականության հիմնական դերակատարների հետ հարաբերություններում հանդես է գալիս որպես «թուրքական աշխարհի առաջնորդ», հանգամանք, որ մեծացնում է նրա և Թուրքիայի կշիռը, աշխարհաքաղաքական կարևորությունը:
Եվրամիություն-Կենտրոնական Ասիա, Չինաստան-Կենտրոնական Ասիա առևտրա-տնտեսական և կոմունիկացիոն նախագծումները Թուրքիայի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի քաղաքական ինքնությունը կարող են փոխակերպել՝ ի վնաս համաթուրքական ինքնության:
Թուրքիան, սակայն, լրջագույն տնտեսական խնդիրներ ունի և չի կարող Եվրամիության և Չինաստանի «էքսպանսիան» հակակշռել սեփական ներդրումային ծրագրերով:
ԹՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներով սպասվում է «Բուդապեշտյան հռչակագրի» ընդունում: Ի՞նչ արձանագրումներ կարվեն, ի՞նչ հեռանկարներ կնախանշվեն՝ շատ բան կախված է նրանից, թե Էրդողանին որքանո՞վ կհաջողվի «վերահպատակեցնել» Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրների և Ադրբեջանի առաջնորդներին:
Բաց մի թողեք
«ԽՍՀՄ-ը դեռևս գոյություն ունի. Խորհրդային Միության փլուզման իրավական ընթացակարգը խախտվել է». Պուտինի խորհրդական
Թրամփը դավաճանեց Ուկրաինային․ NYT
Իլհամ Ալիևը շարունակում է խոսել ուժի կիրառման սպառնալիքի լեզվով