01/07/2025

Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթները:

Ըստ այդմ՝

Ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները:
Շարքայինների՝ 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվում է ընդհանուր՝ 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով՝ սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) ծառայություն անցնողների համար ընդհանուր՝ 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը տրվելու է ծառայության ընթացքում հավասար երեք մասերով:

Պարտադիր զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:

Արձակուրդի տրման կարգը սահմանվում է պաշտպանության նախարարի հրամանով:
Նշենք՝ հարցը քննարկվել է ՀՀ կառավարության նիստում ևս:

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։

«Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և բրիգադի հրամանատարը:

Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին ու շնորհավորելով ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Ռուբեն Պապյանին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում ՀՀ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող ՀՀ բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։

Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: