Գորիսը գտնվում է Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Գորիսում Ֆրանսիայի Պատվո հյուպատոսության բացմանը: Նա հայտարարել է, որ Գորիսը եղել է կարևոր խաչմերուկ, ու կրկին կլինի այդպիսին:
Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին հանձնելուց և Արցախի կորստից հետո Գորիսն, ըստ էության, դարձավ «փակուղի»: Երբ Ֆրանսիայի դեսպանը խոսում է կրկին խաչմերուկ դառնալու մասին, ապա դա՝ կամ բարի ցանկություն է, կամ դեսպանը խոսում է հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգի մասին, որը վերջին շրջանում ակտիվացել է նկատելի:
Ընդ որում, ակտիվության մեկնակետը, թերևս, ապրիլի սկզբին էր, երբ Եվրամիությունը մեծ ուշադրության արժանացրեց Կենտրոնական Ասիան, նախ այնտեղ տեղի ունեցավ ԵՄ բարձր հանձնակատար Կալասի հանդիպումը ԿԱ երկրների արտգործնախարարների հետ, իսկ հետո արդեն ԵՄ ղեկավարության և ԿԱ երկրների մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը:
Այդ միջոցառումների ընթացքում տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի հարցը եղել է առանցքային: Այդ թեման առանցքային էր նաև Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական թեմատիկայի համատեքստում: Թեմայի շարունակությունը ծավալվեց նաև Բուդապեշտում Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, և հետո Լաչինում՝ Ադրբեջան, Պակիստան, Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին:
Թեման, անկասկած, առանցքային է եղել թե ՌԴ արտգործնախարարի Հայաստան այցի շրջանակում, թե Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակում: Միով բանիվ, ակնառու է, որ կա շոշափելի ակտիվություն հաղորդուղիների ապաշրջափակման թեմայի շուրջ, որում բնականաբար շարունակում են բախվել իրարամերժ ռազմավարություններ:
Որտե՞ղ է Ֆրանսիան, և ի՞նչ խաչմերուկ է Փարիզը պատկերացնում Գորիսում, «երթևեկության» ինչ կարգավորումներով: Որովհետև, տրամաբանությունը հուշում է, որ այդ խաչմերուկը կարող է գործել, եթե դրանով երթեւեկեն Թուրքիան ու Ադրբեջանը:
Իսկ դրանք պատրաստ են երթևեկել միայն իրենց «կանոններով», կամ համենայն դեպս հայտարարում են այդ պայմանների մասին: Իսկ դրանք ավելի շատ «միջանցքի» մասին են, ոչ թե «խաչմերուկի»:
Այստեղ է, որ շատ էական է դառնում, թե «խաչմերուկ» ասելով ինչ է պատկերացնում Ֆրանսիան, որը Հայաստանին հայտնում է իր աջակցության մասին:
Բաց մի թողեք
Թեման «թեժացվում է» Փաշինյանի Անկարա այցի հավանականության մասին տեղեկատվության ֆոնին
Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է խաբելու համա՞ր
Ծիծեռնավանքը դարձնում կամ կոչում է Աղօղլանի վանք․ Լուսանկար