02/07/2025

Մի՞թե Ադրբեջանը «Սարդոստայնի» մասնակից է

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի դումայի պատգամավոր Խալիդ Թաղիզադեն հունիսի 2-ին չի ներկայացել տեղական խորհրդարանի ընտանիքի և սոցիալական հարցերով կոմիտեի նիստին, որի փոխնախագահն է, իսկ հաջորդ օրը հայտնի է դարձել, որ նա լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքը:

Բաքվի իշխանամերձ մամուլը գրում է, որ Թաղիզադեն, խուսափելով իր դեմ հետապնդումներից, հունիսի 3-ին Ադրբեջանից ապաստան է խնդրել։ Այսինքն՝ նա արդեն իսկ գտնվում է Ադրբեջանում:

Ըստ ադրբեջանական վարկածի՝ Թաղիզադեի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով գլխավոր դատախազությանը դիմել է ՌԴ պետական դումայի պատգամավոր Մաքսիմ Իմանովը:

Բանն այն է, որ Թաղիզադեն Խանտի-Մանսիյսկը և առհասարակ Արեւմտյան Սիբիրն անվանել է պատմական թյուրքական տարածք, որ միջին դարերում մտնում էր ուզբեկական խանության կազմի մեջ:

Ռուսաստանը, իհարկե, ավտորիտար երկիր է, բայց անհավանական է, որ ինքնավար օկրուգի դումայի պատգամավորը մի ելույթի համար, որ ընդամենը պատմական փաստի արձանագրում է, ենթարկվի այնպիսի հետապնդման, որ նա հարկադրված լինի քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից: Ըստ տեղեկությունների, Թաղիզադեն Խանտի-Մանսիյսկում հայտնի գործարար է:

Ուշադրություն է գրավում իրողությունը, որ Թաղիզադեն փաստացի Խանտի-Մանսիյսկից հեռացել է հունիսի 2-ին, Ռուսաստանի ռազմական օդանավակայանների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների իրականացրած «Սարդոստայն» հատուկ գործողության հաջորդ օրը:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռազմական օդանավակայանները գրոհած դրոնները և անհրաժեշտ ռազմամթերքն Ռուսաստանի տարածք է տեղափոխվել բեռնատարներով:

Այդ հայտարարությունը կասկածի տակ է դնում Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունեցող բոլոր երկրներին, այդ թվում և՝ Ադրբեջանին, որ մշտապես սատարել և շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Եվ դա միայն քաղաքական հայտարարություն չէ: Դեռևս 2023 թվականի տարեվերջին ռուսաստանյան РБК-ն տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանը հրետանային 122մմ. Տրամաչափի արկեր է մատակարարում Ուկրաինային՝ նշելով նաև արտադրող ընկերության իրավաբանական անվանումը՝ Paladium:

Ադրբեջանական ընկերությունն, իհարկե, հերքել է այդ տեղեկությունը, բայց РБК-ի հետաքննող հեղինակը պարզել է, որ Paladium –ը ռազմաարդյունաբերական հոնդինգ է, որի կազմի մեջ մտնող Palladium Defense and Security Solutions ձեռնարկության արտադրանքի գնորդների ցանկում առկա է նաև «Ուկրօբորոնպրոմը»:

Տեղեկատվական այս սկանդալից երեք ամիս անց, 2024 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հրամանագրով Բաքվում դեսպան է նշանակվել Յուրի Գուսևը, որ դիվանագիտական աշխատանքի անգամ մեկօրյա փորձ չուներ, վերջին տարիներին զբաղեցրել էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ապա նշանակվել «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գլխավոր տնօրեն:

Այդ նշանակումն ակնհայտորեն նշանակում էր, որ Ուկրաինան Ադրբեջանի հետ ունի ռազմական համագործակցություն, որ խորացման և կատարելագործման կարիք ունի, և երկրի ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենը դիվանագիտական ծառայության ծածկաքողի տակ Բաքվում փաստացի զբաղվում է այդ հարցերով:

Ուշագրավ է նաև, որ պատերազմի սկզբից ի վեր ադրբեջանա-ուկրաինական պաշտոնական շփումների դադարը խզվել է մայիսի 25-ին: Այդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբային: Դա Կրեմլին հղած քաղաքական ազդակ էր:

Սիգիբայի Բաքու այցից մեկ շաբաթ հետո Ուկրաինան իրականացրել է «Սարդոստայն» հատուկ գործողությունը, որի հաջորդ օրը Խանտի-Մանսիյսկի դումայի էթնիկ ադրբեջանցի պատգամավոր Խալիդ Թաղիզադեն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Մի՞թե Ադրբեջանը «Սարդոստայնի» մասնակից է: