08/06/2025

Մտածելու ունակ մարդիկ նման զարգացումներ շատ ավելի վաղ էին սկսել կանխատեսել

Եկեղեցու դեմ այս արշավից ապշածները պետք է խոստովանեն, որ այն դատարկ տեղը եւ մեկ օրում չի ծնվել: Մտածելու ունակ մարդիկ նման զարգացումներ շատ ավելի վաղ էին սկսել կանխատեսել: Դրա համար կային բոլոր հիմքերն ու նախադրյալները:

Հրապարակ թերթը գրել է․ «Շնաբարո դուրսպրծուկներ», «կոշիկ լիզող դիվանագետներ», «պատերի տակ վնգստացող դատավորներ» ասող մարդն ակնհայտորեն պետք է մի օր հասներ «դոմփելուն»:

Այն, որ երկրի ղեկին հայտնված մարդը պարբերաբար կորցնում է իրականության ու չափի զգացումը, խելահեղության նոպաներ ունենում, պետք է նկատած լինեինք: Դրա մասին էր խոսում դատարանները շրջափակելու նրա կոչը, ապա ՍԴ դատավորներին պաշտոններից հեռացնելու սեւեռուն արշավը, երբ բոլոր հնարավոր մեթոդները գործի դրվեցին, եւ անգամ սահմանադրական հանրաքվե անելու փորձ ձեռնարկվեց:

Ու այդ ընթացքում փորձեցին ամեն գնով վարկաբեկել ՍԴ-ն, եւ մի օր էլ ճտիկով գրիչի մասին մի պատմություն ներկայացվեց` որպես Հրայր Թովմասյանի ծախվածության «զորեղ» ապացույց:

Ինչեր ենք լսել եւ ինչերի ենք ականատես եղել մենք այս տարիներին: Պետության ղեկին գտնվող անձն ասում էր․ ի՞նչ տարբերություն՝ Շուշին կտա՞նք, թե՞ Շուշիում մինչեւ 88 թիվն ապրած ադրբեջանցիները կվերադառնան իրենց տները:

Ասում էր` պետությունը վտանգի մեջ է, ամեն մեկդ մի տեղից կասկա, բրոնեժիլետ ճարեք, գնացեք կռվելու: Պատերազմի ժամանակ հոխորտում էր` թող ոչ մեկը չկասկածի իմ՝ գերագույն գլխավոր հրամանատարի ընդունակություններին, իսկ պատերազմից հետո ասում էր` ես մա՞րտ եմ վարել:

Հազարավոր հայտարարություններ ու քայլեր են արվել այս տարիներին, որոնք պետք է հստակ ահազանգ լինեին, SOS` ուղղված հանրությանը, որ հիվանդությունը խորանում է, մարդը չի պատկերացնում իր լիազորությունների շրջանակը: Իսկ մենք լեթարգիական քնի մեջ էինք: