07/06/2025

Ինչ է կատարվում հայ – վրացական հարաբերություններում՝ բացասական է

Հունիսի 6-ին պետք է կայանար Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Հայաստան, սակայն վրացական կողմը չեղարկել է այն: Ըստ պաշտոնական Երևանի, Թբիլիսիից ներողություն են խնդրել և ասել, որ ծանրաբեռնված են:

Այստեղ ինտրիգն այն է, որ Վրաստանի գյուղնախարարի այցի ընթացքում կարող էր քննարկվել Հայաստանում արտադրվող կոնյակի և գինու արտահանման ընթացքում առաջացող խնդիրը, որի մասին արդեն մի քանի շաբաթ բարձրաձայնում են որոշ տնտեսվարողներ:

Նրանք ասում են, որ վրացական կողմը անհարկի ու երկարատև ստուգում է իրենց բեռը, ինչի հետևանքով ունենում են ժամանակի և ֆինանսի կորուստ: Պաշտոնական Երևանը ընդունում է, որ խնդիրը կա, ասում է, թե զբաղվում են դրանով, բայց լուծում, կարծես թե, չկա:

Նախօրեին թեմային անդրադարձել էր նաև արտգործնախարար Միրզոյանը՝ ասելով, որ աշխատում են, սակայն արագ լուծում չի նշմարվում: Պատկերն առնվազն տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ խոսքը ռազմավարական գործընկերություն հռչակած երկրների մասին է:

Ինչո՞ւ չի ստացվում լուծել Վրաստանում երկարատև զննությունների հարցը: Ընդ որում, այստեղ կարծես թե նշմարվում է ոչ միայն խնդրի առկայություն զուտ այդ իմաստով, այլ նաև այդ համատեքստով հայ-վրացական որոշակի լարվածություն կամ նյարդ:

Ես անդրադարձել եմ տևական ժամանակ առաջ Վրաստանում կայացած մի արտասովոր ձևաչափի հանդիպման, երբ Թբիլիսիում Հայաստանի դեսպանը հանդիպում էր ունեցել Վրաստանի պետանվտանգության ծառայության՝ այսինքն` հատուկ ծառայության ղեկավարի հետ:

Դեսպանների և հատուկ ծառայության ղեկավարների հանդիպումները մեղմ ասած սովորական չեն: Ընդ որում, դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Երևանում տնտեսվարողները բողոքի ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան առաջ, իսկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ոչ ուղիղ, սակայն, ըստ էության, արդարացված էր համարել դա:

Թբիլիսին կարո՞ղ էր ունենալ մտավախություն, որ հենց Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ էլ կազմակերպել էին տնտեսվարողների ակցիան Վրաստանի դեսպանատան դիմաց, ինչը արտառոց է բոլոր դեպքերում:

Տարօրինակ է, երբ որևէ երկրի տնտեսվարող իրեն հուզող խնդիրները բարձրացնում է ոչ թե սեփական կառավարության առաջ՝ որին պահում է իր հարկերով, այլ ուրիշ երկրի դեսպանատան: Բոլոր դեպքերում, կոնյակի և գինու այս պատմությունը ստանում է բավականին խորհրդավոր «երանգներ», առաջացնելով հարց, թե ի՞նչ է կատարվում հայ-վրացական հարաբերության տիրույթում, և կոնյակի ու գինու հարցն այստեղ պատճա՞ռ է, թե՞ առիթ:

Համենայն դեպս դժվար է պատկերացնել, որ այն պատճառ է, ու արդեն շաբաթներ շարունակ չի հաջողվում հասնել պատճառի հանգուցալուծման: Հետևաբար` կա մտավախություն, որ այն առիթ է, իսկ պատճառներն՝ այլ են: Եվ սա իսկապես կարող է լինել մտահոգիչ, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերության կարևորությունը մի շարք առումներով: