08/06/2025

Թրամփի հետ լարվածության ֆոնին Մասկն առաջարկել է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն ԱՄՆ-ում

Միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն ԱՄՆ-ում և այս հարցի շուրջ քվեարկություն է անցկացրել իր X սոցիալական ցանցում։

X-ում ընտրողների 80%-ը պաշտպանել է կուսակցություն ստեղծելու գաղափարը, և Մասկն անուն է նշել՝ «Ամերիկա» կուսակցություն։

Մասկը լարված հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Միացյալ Նահանգներում բռնկվել է Մասկ-Թրամփ դիմակայություն: Նախագահի ընտրության գործընթացում և հետագայում արդեն նոր վարչակազմի պաշտոնամուտին թիմակիցներ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը դարձել են միմյանց հասցեին սուր արտահայտություններ անող հակառակորդներ:

Դա տեղի է ունեցել նախօրեին, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ նրանք միասին ասուլիս էին տալիս և հավաստիացնում, որ չնայած Մասկը հեռանում է վարչակազմից, բայց կլինի նրա կողքին և կաջակցի ըստ անհրաժեշտության:

Հատկանշական է, որ Մասկը հայտարարել է կուսակցություն բացելու հնարավորության մասին՝ ասելով, թե պետք է նոր կուսակցություն, որը կմիավորի ամերիկացի ժողովրդի մեծամասնությանը: ԱՄՆ-ում, իհարկե, անկասկած է հոգնածությունը երկկուսակցական համակարգի երկու թևերից՝ դեմոկրատներից ու հանրապետականներից: Վերջին տարիներին այդ համակարգի հանդեպ ամերիկացիների անվստահությունը աճում է:

Դրա պատճառները շատ խորն են, անշուշտ: Մասկը, որպես հմուտ ձեռնարկատեր ու տեխնոկրատ, թերևս տեսնում է իր քաղաքական հավակնությունները առանձին, այսպես ասած ինքնուրույն ձևաչափով իրացնելու հնարավորություն:

Բայց, Մասկի այդ հավակնությունը արդյո՞ք նրա դեմ չի միավորի թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին, որոնք, անշուշտ, միմյանց հանդեպ լինելով շատ սուր դիմակայության մեջ, այդուհանդերձ իրենց երկկուսակցական համակարգը պահելու հարցում կլինեն «դաշնակիցներ»: Սակայն, այստեղ գուցե առանձին «դրույթ» է հենց Թրամփը իր թիմով:

Ֆորմալ առումով այն, իհարկե, հանրապետական կուսակցության տիրույթում է, բայց նաև բավականին նկատելի է, որ Թրամփը Հանրապետական կուսակցության ներքո, այդուհանդերձ, ձևավորում է թրամփյան մի թիմ, որը զգալիորեն երիտասարդ է, նոր մոտեցումներով ու հայացքներով և ամենևին «մոնոլիտ» չէ Հանրապետական կուսակցության հետ:

Այլ կերպ ասած, Թրամփի թիմը կարող է ամենևին դեմ չլինել երկկուսակցական համակարգը «ճեղքելու» Մասկի հնարավորությանը, ինչը նրանց թույլ կտա թերևս նոր իրավիճակում զբաղվել նաև իրենց քաղաքական ռազմավարության նոր ձևաչափի մշակումով, առնվազն Հանրապետականում իրավիճակ փոխելով:

Առավել ևս, որ Թրամփի և նրա թիմի համար ամեն հաջորդ օր ավելի է մոտենում 2028-ի մարտահրավերը, այն պարագայում, երբ գրեթե անկասկած է՝ Թրամփի և թիմի վարկանիշը ունենալու է նվազման միտում, քանի որ շատ բարդ են այն խնդիրները, որոնք հանձն են առել լուծել:

Դրան զուգահեռ, լիբերալ-գլոբալիստական դիրքավորման իսթեբլիշմենտը, իհարկե, ավելի է ուժգնացնելու դիմակայությունը: Այդ ֆոնին, Մասկի քաղաքական հաջողությունը, այդուհանդերձ, Թրամփի թիմին ավելի շատ կարող է լինել օգտակար, քան հակառակը:

Եվ այս իմաստով, միանգամայն հնարավոր է, որ նախօրեին բռնկված կոնֆլիկտը ոչ թե անձնական հավակնությունների և իրավիճակային տրամաբանության դաշտում է, այլ քաղաքական ռազմավարական խորքային պլանավորումների, որոնք կարող են դառնալ ամերիկյան ներքաղաքական համակարգի վերափոխման սկիզբ:

Կրկնեմ, այն, որ այդ համակարգը ճգնաժամում է, տեսանելի է դարձել վաղուց: Վերջին հաշվով, դա արտահայտվել է նաև ԱՄՆ նախագահի վերջին երկու-երեք ընտրությունների ընթացքում, երբ ակնհայտ է եղել անգամ թեկնածուների ճգնաժամը: Հարցն այն է, թե ինչ ուղիներով է զարգանալու ճգնաժամը և որ ուղղություններով են նշմարվելու ելքերը:

Դրանց անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում միայն արագանալու է, և, իհարկե, հնարավոր սցենարները չեն արտահայտվելու միայն Մասկով: Բոլոր դեպքերում, ներամերիկյան այդ հնարավոր տրանսֆորմացիաները ունեն համաշխարհային նշանակություն և, ըստ էության, ուշադրություն են պահանջելու բոլոր այն երկրներից, որոնք այս կամ այն նշանակալիության գոտում են: Հայաստանն այդ շարքում է: