08/06/2025

Վերջին ամրոցը, վերջին խրամատը պետք է պաշտպանենք ազգովի, պաշտպանենք կրծքով

Այս օրերին Հայաստանում սուր եւ ծայրաստիճան լարված գործընթացներ են տեղի ունենում, որոնց աղմուկը հասել է մինչեւ միջազգային հարթակներ: Փաշինյանն ու նրա գուգընկերուհին հռետորական ուժգին արշավ են սկսել ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւորականության:

Ընդ որում՝ անթույլատրելի եզրաբանությամբ ու անպարկեշտ բառապաշարով, ինչը հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային, առավել եւս՝ պետության առաջին դեմք հանդիսացող անձին:

Նա էլ հենց խոսույթի նախաձեռնողն էր եւ անընդհատ «կրակին յուղ լցնողը», իսկ թեման խիստ զգայուն է ու առնչվում է Եկեղեցուն՝ մեր ազգային ինքնության հենասյուներից մեկին, ինչպես նաեւ յուրաքանչյուր հայ ընտանիքի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը մայիսի 29-ին Կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ համեմատելով դրանք «աղբով լի չուլանների» հետ։ Սրբապղծություն է, անշուշտ, նման որակումը, եւ հոգեւոր դասի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես հարկն է, արձագանքեցին չափն անցած գործադիրի ղեկավարին՝ զսպվածության կոչ անելով նրան:

Բայց Փաշինյանն ու նրա հետ համատեղ բնակվող տիկինը հաջորդ իսկ օրը սոցցանցերում տարածեցին ավելի հանդուգն որակումներ՝ կուսակրոն հոգեւորականներից մեկին մեղադրելով քեռակնոջ հետ սեռական կապի, իսկ մյուսին՝ մանկապղծության համար:

Այնուհետեւ վեճն ավելի բորբոքվեց՝ ընդլայնելով իր տեսածիրն ու ներառելով իր մեջ իշխող կուսակցապետի ու նրա զուգընկերուհու անբարո վարքագիծն արդարացնող ՔՊ-ական անհայրենիք զանգվածին ու վճարովի «ֆեյքերին», որոնք սկսեցին մաղձ ու ատելություն տարածել Հայոց եկեղեցու եւ նրա հոգեւոր սպասավորների հասցեին:

Փաշինյան-Հակոբյան զույգը, այդպիսով, որոշակի ստորակարգ խմբերի աջակցությամբ եւ իրենց կողմից հովանավորվող քարոզչամիջոցներով փորձում էր ինչ-որ չափով համակշռել հանրության բուռն վրդովմունքը: Բայց հարց է ծագում՝ այս ի՞նչ մեղու խայթեց իշխող զույգին, ինչո՞ւ հանկարծ այսքան ցած իջան՝ չնայած «բարձրում» երբեք չեն էլ եղել:

Շաբաթվա ժամանակագրությունն այս հարցերին, կարծես թե, սպառիչ պատասխան է տալիս: Մայիսի 26-28-ը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Շվեյցարիայում էր եւ մասնակցում էր իր առաջարկով Բեռնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կազմակերպած միջազգային համաժողովին, որը կրում էր՝ «Կրոնական ազատություն. հայկական հոգեւոր-մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» խորագիրը:

Վեհափառ Հայրապետը խոսել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, էթնիկ զտումների եւ Արցախի բռնազավթման մասին, քննադատաբար արծարծել հայկական հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների ոչնչացման եւ Բաքվում պահվող հայ գերիների շուտափույթ տունդարձի խնդիրները:

Իրականում Վեհափառը Բեռնում արել էր այն, ինչն ի պաշտոնե պարտավոր է, բայց չի անում Կառավարությունը՝ զգուշանալով Ալիեւի բարեհաճությունը կորցնելու եւ մոտեցող ընտրություններին ընդառաջ առանց խաղաղության «բարաթի» մնալու մտավախությունից:

Ամենայն Հայոց Հայրապետը խառնել է Փաշինյանի հաշվարկները, տրորել Ալիեւի «ոտքը», ուստիեւ չներվեց: Հիմա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Կաթողիկոսի պաշտոնական գործունեությունը կասեցնելու միջոցներ է մտմտում, որի իրավասությունը չունի:

Մայիսի 31-ին եւ հունիսի 2-ին նա «ՖԲ»-ի իր էջում մի շարք հայտարարություններ է արել Հայ Եկեղեցու հասցեին, որոնք թե՛ վիրավորական են եւ թե՛ ուղղակի միջամտություն Եկեղեցու ներքին գործերին։

Փաշինյանը՝ թեկուզ Սահմանադրական կարգի տապալման գնով, պատրաստ է վերացնել իր իշխանության սպառնացող ցանկացած խոչընդոտ: Նա յուրացրել է իշխանության բոլոր առանցքային ճյուղերն ու հաստատությունները՝ ԱԺ-ն, ՍԴ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Բանակը, Նախագահականը, Դատաիրավական համակարգը եւ այլն:

Հերթում Եկեղեցին է՝ վերջին ամրոցը, որն արդեն 7 տարի միայնակ դիմակայում է իշխանական ճակատից հնչող ճամարտակություններին: Բոլորիս պարտքն է՝ զինվորագրվել Սրբազան պայքարին, կանգնել Վեհափառ Հայրապետի կողքին:

Վերջին ամրոցը, վերջին խրամատը պետք է պաշտպանենք ազգովի, պաշտպանենք կրծքով: Այլապես սերունդները մեզ չեն ների: