Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով 2,000 Ազգային գվարդիականներ տեղակայվել են Լոս Անջելեսում՝ ներգաղթի դաշնային ուժային գործողությունների դեմ սկսված խռովությունները ճնշելու նպատակով։
Կիրակի օրը նրանք բախվել են ցուցարարների հետ դաշնային շենքի առջև, որտեղ արդեն մի քանի օր է՝ մարդիկ դուրս են գալիս բողոքի՝ ընդդեմ ներգաղթի ոստիկանության (ICE) կողմից իրականացված ձերբակալությունների։
Ցուցարարները վանկարկում էին․ «ICE-ը՝ դուրս Լոս Անջելեսից»։ Դաշնային և նահանգային ուժերը ցրել են բազմությունը։ Օգտագործվել է արցունքաբեր գազ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 27 մարդու, շերիֆի վարչությունը՝ ևս երեքի, որոնցից մի քանիսը մեղադրվում են իրավապահների վրա հարձակվելու մեջ։
Թրամփը Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում ասել է․ «Նրանք թքեցին մեր զինվորների վրա։ Մենք կպատասխանենք՝ կխփենք»։ Նա չի բացառել նաև «Ապստամբության մասին» օրենքի կիրառումը՝ հայտարարելով․ «Կախված նրանից՝ դա արդյոք համարվո՞ւմ է ապստամբություն, թե ոչ»։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Սպիտակ տան խորհրդական Սթիվեն Միլլերը ցուցարարներին անվանել են «ապստամբներ»։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն հայտարարել է, որ Քեմփ Փենդլթոնում տեղակայված ԱՄՆ-ի ծովային հետևակը անցել է բարձր պատրաստվածության ռեժիմի։ «Չենք հանդուրժելու ICE-ի աշխատակիցների վրա հարձակումները», – գրել է նա։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դիմել է ցուցարարներին՝ ասելով, որ Թրամփին տեսարաններ են պետք։
«Մի՛ տվեք նրան այն, ինչ նա ուզում է։ Բողոքեք, բայց խաղաղ», – գրել է Նյուսոմը X հարթակում։
ICE-ի ուրբաթ օրվա գործողությունների արդյունքում ձերբակալվել են առնվազն 44 մարդ՝ ներգաղթի խախտումների մեղադրանքով։ Թրամփի վարչակազմը ձգտում է օրական մինչև 3,000 միգրանտի ձերբակալություն իրականացնել՝ այդ թվում մարդկանց, որոնք ունեն օրինական կեցության իրավունք։ Սա արդեն առաջացրել է մի շարք դատական բողոքներ։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը քննադատել է Թրամփի գործողությունները՝ հայտարարելով․ «Ներգաղթի խնդիրը բռնությամբ չի լուծվում։ Անհրաժեշտ է բարեփոխում»։
Թրամփը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի տեղակայումը կատարվել է դաշնային օրենքի հիման վրա՝ պաշտպանելու ԱՄՆ կառավարության աշխատակիցներին ու շենքերը։
Բաց մի թողեք
Սանդուղքը նորից փորձություն դարձավ՝ այս անգամ Թրամփի համար. Տեսանյութ
Թեժ իրավիճակ՝ Լոս Անջելեսում․ ցուցարարները սալաքարեր են նետում ոստիկանության վրա. Լուսանկար
Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միության հզորությունը․ Զելենսկի