09/06/2025

Կա՞ հայ – ֆրանսիական օրակարգ, Փարիզը պատրա՞ստ է Հայաստանում կատարել ներդրումներ

Ֆրանսիական Լը Մոնդ պարբերականը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարի Սեբաստիան Լըկորնյուին, ասել է, որ ֆրանսիական խոշոր ձեռնարկություններից մեկը Ուկրաինայում կստեղծի անօդաչուների համատեղ արտադրություն:

Թե հատկապես ֆրանսիական, որ ձեռնարկության մասին է խոսքը, պաշտպանության նախարար Լըկորնյուն չի մանրամասնել:Սա հետաքրքիր տեղեկություն է, որն, իհարկե, առնչվում է ուկրաինական պատերազմի աշխարհաքաղաքական շերտերին:

Ինչպես կզարգանա Ֆրանսիայի բարձրաձայնած մտադրությունը, հարցի մյուս կողմն է, սակայն այս օրինակը հարցերի առիթ է նաև Հայաստանում: Հենց այս մասին խոսել եմ բազմիցս՝ հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության մասին խոսակցություններում և մտադրություններում ռազմաարդյունաբերական կայուն նախագծերի քննարկում, որոնք մի կողմից թույլ կտան բարձրացնել գործակցության ռազմավարական մակարդակն ու ՕԳԳ-ն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մյուս կողմից կլինեն նաև հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության էական բաղադրիչ:

Գաղտնիք չէ, որ Հայաստան բերող լոգիստիկան ունի որոշակի բարդություններ, առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում: Այդ բարդությունների շերտերը ավելացել են նաև Վրաստանի ու Եվրամիության, այդ թվում Ֆրանսիայի հարաբերության նկատելի լարվածության պայմաններում: Մյուս կողմից, այստեղ էական է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դերը: Հայաստանում համատեղ արտադրության հանգամանքը թույլ կտա հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը դարձնել առավել կայուն:

Օրինակ, երբ Հայաստանը ձեռք է բերում հրետանային համակարգեր, անշուշտ դա լավ է, բայց նաև հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում մարտական գործողությունների ինտենսիվությունը պահանջում է տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր արկեր, եթե օրինակ գործողությունները ծավալվում են մի քանի շաբաթ կամ ամիս:

Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի բարդություններ կլինեն այդ ծավալի արկերի մատակարարման առումով: Իսկ, եթե Հայաստանում ստեղծվի արկերի համատեղ արտադրություն, ապա դա կարող է որակապես փոխել իրավիճակը:

Սա որպես օրինակ, իհարկե, հասկանալով, որ ամեն ինչ այդքան պարզ ու դյուրին չէ: Բայց, բոլոր դեպքերում, ժամանակակից տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական միջավայրում պաշտպանական կենսունակ համակարգը պահանջում է տարողունակ ռազմաարդյունաբերություն:

Իսկ Հայաստանը, որքան էլ ներդրումներ կատարի իր ռազմաարդյունաբերական մշակումներում, մի շարք պատճառներով ունի ինքնուրույն ռեսուրսների սղություն և արտաքին գործընկերային անհրաժեշտություններ:

Ֆրանսիան կարող է կարևոր և հետաքրքիր լինել հենց այդ տեսանկյունից, ըստ այդմ նաև հենց այդ չափանիշով է, որ հնարավոր է չափել հայ-ֆրանսիական քննարկումների խորությունը և առարկայականությունը:

Կա՞ այդպիսի հայ-ֆրանսիական օրակարգ, Փարիզը պատրա՞ստ է Հայաստանում կատարել ներդրումներ համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկություն հիմնելու ուղղությամբ: Բարձրացնո՞ւմ է այդ հարցերը Երևանը: