13/06/2025

Ազգային աղետի անատոմիան․ Մոլեռանդ փոքրամասնությունը՝ ընդդեմ անտարբեր մեծամասնության

Նրա մասին

Կան մարդիկ, ովքեր դեռեւս զարմանում են նրա գործից եւ խոսքից, մինչդեռ՝ նրա վարքագիծը վաղուց բավականին կանխատեսելի է: Ուստի, զարմանքի զգացումը գիտակցված ինքնախաբեություն է:

Լինելով քննադատամոլ, թերուս եւ ստեղծարար կենսափորձից զուրկ՝ նա ազգային քաղաքական հարթակ ներխուժեց որպես դեմագոգ եւ օպորտունիստ։ Փողոցը նրան բերեց իշխանության, եւ իշխանության եկած շատ պոպուլիստների նման՝ նա ժողովրդավարի քողի ներքո ձեռնամուխ եղավ միանձնյա կառավարման համակարգի հաստատմանը։

Բարդ հանրային խնդիրներ լուծելիս ապավինում է իր բնազդներին եւ ինտուիցիային։ Նա մարտահրավեր նետեց բոլոր ավանդույթներին ու էթիկական չափանիշներին եւ մերկացրեց իր բարոյականության հարաբերականությունը։

Իրեն շրջապատեց շողոքորթներով, որոնք պարտադրված են գործել՝ բացառապես որպես իր մտքի եւ խոսքի հաղորդիչներ ու ուժեղացուցիչներ։ Ազգային խոշոր բիզնեսն ավանդաբար է հավատարիմ եղել օրվա իշխանություններին։ Այն, ինչ անվանվում էր քաղաքացիական հասարակություն, ամբողջությամբ կախված է արեւմտյան դրամաշնորհներից ու պաշտոնական կերակրատաշտի հատկացումներից եւ գործում է բացառապես իշխանությունների շահերի շրջանակում։

Պետական ծառայությունը չափազանց անպաշտպան է՝ նրա վրա որեւէ կերպ ներազդելու համար։ Դատաիրավական համակարգը, հատկապես՝ Սահմանադրական դատարանը, ստերիլիզացված է։ Նա ազատ է բոլոր շղթաներից, դուրս է Հայաստանի հասարակական ու քաղաքական վերահսկողությունից եւ ուղղորդվում է այլ մայրաքաղաքների ու միջազգային ֆինանսական կառույցների հրահանգներով։

Իր մոլեռանդ հետեւորդների հետ նա բացահայտ եւ անզուսպ ատելություն է տածում ազգային ցանկացած դրսեւորման հանդեպ՝ համոզված, որ «հանուն Հայաստանի ապագայի» անհրաժեշտ է ամբողջությամբ ոչնչացնել հայկական ինքնության տարրերը։ Աղետը, որը նա բերեց մեր երկրին, ավելի ու ավելի հանդուգն է դարձրել նրան։

Մոլեռանդ փոքրամասնությունը՝ ընդդեմ անտարբեր մեծամասնության

Նրանք, ովքեր ժամանակին իշխող կուսակցությունն ընկալում էին որպես թիմ, սխալվեցին. գործ ունենք ծայրահեղական խմբավորման հետ: Պատմությունը գիտի նախահարձակ փոքրամասնությունների կողմից անկազմակերպ եւ անտարբեր մեծամասնություններին ենթարկելու օրինակներ։

Նրանց հաջողությունը պայմանավորված է եղել ոչ թե գաղափարական գերազանցությամբ, այլ հռչակված նպատակների պարզությամբ եւ մոլեռանդ վճռականությամբ՝ այն ամենով, ինչը հանդիսանում է ծայրահեղականության գործիքակազմը: Եթե արմատականները նորը կառուցելու նպատակով են ցանկանում քանդել եղածը, ապա ծայրահեղականները ձգտում են ոչնչացնել ամեն ինչ՝ առանց որեւէ բան ստեղծելու:

Ցանկացած կառուցողական միտք ու գաղափար միայն խանգարում են նրանց. կարեւորը հաստատված կարգին առավելագույն վնաս հասցնելն է: Դրա ամենաարդյունավետ միջոցն անձնապաշտական իշխանությունն է, որի հաստատմանը Հայաստանում առավել նպաստեց 2021թ. խորհրդարանական ընտրությունների ապշեցուցիչ արդյունքը. չնայած տգետ արտաքին քաղաքականության հետեւանքով հրահրված պատերազմին եւ կործանարար պարտությանն անտարբեր մեծամասնությունը թույլ տվեց մոլեռանդ փոքրամասնության վերարտադրությունը:

Պահանջվում է թշնամի

Նման ռեժիմները չեն գոյատեւում առանց թշնամու կերպարի՝ լինի դա ներքին, թե արտաքին։ 2018-ի հեղափոխությունից հետո, որպես այդպիսին, նշանակվեցին «նախկինները»։ Լեռնային Ղարաբաղի կորստի եւ ՀՀ տարածքների միակողմանի զիջումներից հետո Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչի կողմից հակակապիտուլյացիոն շարժում գլխավորելն իշխող ռեժիմի համար պատեհ առիթ էր՝ թիրախավորելու Սուրբ Էջմիածինը՝ իշխանությունների կողմից չվերահսկվող եւ ինքնուրույն գործելու ներուժ ունեցող միակ համազգային կառույցը։ Հայ Առաքելական Եկեղեցու բարձր հեղինակությունը եւ ազգանպաստ դիրքորոշումը, որը հակասում է թուրք-ադրբեջանական ալյանսի հետ կառավարության ձեռք բերած պայմանավորվածություններին, եկեղեցի-իշխանություն հարաբերությունները ստացան բացահայտ կոնֆլիկտային բնույթ։ Թեեւ դժվար է կանխատեսել այս աննախադեպ եւ վտանգավոր դիմակայության հանգուցալուծումը, ակնհայտ է, որ գործ ունենք ազգային անհամաձայնությունը խորացնող հերթական փորձի հետ։

Ազգային աղետի անատոմիան

Մտածողությունը փոխելու ժամանակն է 

Ազգային աղետը շարունակվում է, եւ ռեժիմը ձգտում է հետաձգել իր փլուզումը՝ մեծացնելով աղետի գինը: Այլեւս անհնար է կանգնեցնել կամ շրջանցել այն. Հայաստանը դատապարտված է մինչեւ վերջ ապրել աղետը: Եկել է ցավոտ փոփոխությունների ժամանակը, որը ստիպում է վերաիմաստավորել ներքին եւ արտաքին քաղաքականության բովանդակությունը եւ «ընդդեմ» պայքարից անցնել «հանուն» պայքարի։ Այս պարագայում ընդդիմադիր ուժերին դեռեւս չի հաջողվում գրավել լայն հանրային շրջանակների երեւակայությունը: Պատիր է հույսը, թե իշխանությունների շարունակական սխալները վճռորոշ կլինեն 2026թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար. կործանարար պարտության, 5 հազար լավագույն հայորդիների կորստի, Արցախի ամոթալի հանձնման, բազմաթիվ ձախողված պետական ծրագրերի եւ բարձրագույն քաղաքական գործիչների խայտառակ չարաշահումների հանդեպ հանրային անտարբերության դրսեւորումները դրա նշաններն են:

Այդ ամենը տեւական ժամանակ շարունակվող տնտեսական, հասարակական եւ քաղաքական գործընթացների եւ իբրեւ հանրային առաքինություն հռչակված տգիտության ու զոռբայության արդյունք է: Բարի մտադրությունների ցուցակագրումը ժամանակի վատնում է։ Հրատապ է հասարակությանը ներկայացնել հանրային առողջացումը եւ կայուն ներառական զարգացումը խթանող լուծումներ։ Քաղաքական համակարգը բարեփոխելու առաջարկները պետք է զուգորդվեն հանրային ծառայություններ մատուցելու ամուր հանձնառությամբ՝ խարսխված արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների վրա։ Ազդեցիկ ընդդիմադիր ուժերը պետք է ապացուցեն, որ իրենք ոչ միայն որակապես են տարբեր իշխող ռեժիմից, այլեւ՝ իրենց իսկ անցյալից։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի (1990-95թթ.) եւ Ազգային ժողովի (1995-99թթ.) պատգամավոր 
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան