2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:
Հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ:
Պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:
Նախաքննության ընթացքում նշանակվել է համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև դեպքի վայրի զննություն կատարող նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամ հանդիսացող քննիչների կողմից»,- ասվում է Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել ենք, կա 3 զոհ, որոնք կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:
Երրորդ որոնվողը հայտնաբերվել է Երևան քաղաքում, ունենք 2 անհետ կորած:
Այս մասին Ճամբարակի պայթյունի վայրում հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Նա նշել է, որ շարունակում են փնտրել երկու անհետ կորածի:
«Երկու տղամարդ անհետ կորած է: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա:
Այս մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում, – ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Ունենք երեք մահացած, երեքն էլ կանայք են, տարիքները՝ մի կինը՝ 1935 թվականին ծնված, մյուսը՝ 1937 թվականին, երրորդը՝ 1949 թվականին ծնված»,- նշել է մարզպետը:
Նա հայտնել է, որ մարզպետի աշխատակազմից, Ճամբարակի համայնքապետարանից ժամը 10-ից արդեն իսկ ստեղծված է աշխատանքային խումբ, որը կարիքների գնահատում է իրականացնում, նախահաշվառում, թե քանի ընտանիք էր բնակվում շենքում, ընտանիքի անդամների քանակը, և կարիքների գնահատում է իրականացնում, թե այս պահին և առաջիկա ժամանակներում ինչպիսի կարիքներ են ունենալու, որպեսզի հնարավոր լինի համակարգված իրենց կարիքները հոգալ:
«Գնահատումները անելուց, վերջացնելուց հետո կներկայացնենք ՆԳՆ-ին և ՏԿԵՆ-ի գործընկերներին: Գնահատումը ներկայացնելուց հետո որոշում կկայացվի, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու, ինչ աջակցություն է տրամադրվելու բնակիչներին»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ բնակիչների՝ ցանկություն հայտնելու պարագայում հնարավոր կլինի իրենց բոլորի առաջիկա օրերին բնակության հարցը կարգավորել:
Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 11 տուժած:
Ըստ նախնական տվյալների՝ Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով. այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի շենքերի մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ:
Բաց մի թողեք
Սևան քաղաքի բնակիչները կրկին զրկվել են մայրաքաղաք հասնելու հնարավորությունից
Ողբերգական դեպք՝ «Արմենիա» ԲԿ-ում, վիրաբուժական բաժանմունքի լուսամուտի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ
Կառուցվող էլիտար թաղամասում 31-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար