13/06/2025

ՆԱՏՕ-ն կընդունի՞ Ռուսաստանին դիմադիր կանգնելու որոշում

Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովը դարձնի իր ներքին ջրավազան: «Ապագա-2050» խորհրդաժողովին ելույթում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գլուշկոն:

Պաշտոնական Մոսկվան նման դիրքորոշում արտահայտում է ի պատասխան ՆԱՏՕ-ի կողմից Բալթիկ ծովում կապի և էլեկտրահաղորդման մալուխների անվտանգության ապահովման կենտրոնի ստեղծման:

Գլուշկոն մեկնաբանել է, որ Ռուսաստանի սահմաններին մոտ «անվտանգային միակողմանի ձեռնարկումները կարող են բախման կայծ առաջացնել, որից հրդեհ կբռնկվի»:

Դատելով ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումներից՝ Մոսկվան խիստ անհանգստացած է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի դիտարկումից, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքն Ուկրաինայի առջև «դռները փակելու որոշում չի ընդունել»:

Ռուսաստանցի մեկնաբաններն այս առթիվ հիշեցնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ Ուկրաինան «չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել» և ենթադրում, որ եթե հստակ որոշում ընդունված չէ, ուրեմն ռուս-ուկրաինական կարգավորման «գլխավոր նախապայմանը չի կատարվում»:

ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը կգումարվի հունիսի 24-25-ին՝ Հաագայում: Մինչ այդ, Դաշինքի գլխավոր քարտուղար Ռյուտեն Լոնդոնում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ:

Մամուլը փոխանցում է Ռյուտեի լոնդոնյան ելույթի գլխավոր թեզը՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքներն աճում են, ուստի պետք է վերջ տալ բանավեճին և ձեռնամուխ լինել ռազմական ծախսերի ավելացմանը:

Ըստ երևույթին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի գլխավոր հարց կլինի անդամ երկրների ռազմական ծախսերը տարեկան ՀՆԱ-ի հինգ տոկոսին հասցնելու առաջարկության քննարկումը: Դաշինքի անդամ մի շարք երկրներ առայժմ տարեկան ՀՆԱ-ի միայն երկու տոկոսն են հատկացնում ռազմական ծախսերին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միանշանակորեն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ խաղաղ պայմանավորվածության հասնել հնարավոր չէ:

Ռյուտեն դժվարացել է կանխատեսել, թե ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովն Ուկրաինայի հարցում ինչ որոշում կընդունի կամ առհասարակ կընդունի՞, բայց կասկածել է, որ ԱՄՆ նախագահի կողմից Վլադիմիր Պուտինին տված երաշխիքները Մոսկվայի համար ընդունելի են:

Զուգահեռաբար հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Ըստ այդմ, Եվրամիությունը նախապատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 18-րդ փաթեթն ընդունել, եթե Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց տեղի չունենա: Ըստ Լայենի՝ նոր պատժամիջոցները կներառնեն Ռուսաստանի բանկային և էներգետիկայի ոլորտները:

Այս ֆոնին ԱՄՆ-ում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Դարչիևը Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններն այսուհետև տեղի կունենան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մայրաքաղաքներում:

Այդ բանակցությունները, ինչպես հայտնի է, ոչ կանոնավոր պարբերականությամբ տեղի էին ունենում Ստամբուլում: Դարչիևն ասել է, որ քննարկումներն իրենց երկրների մայրաքաղաք տեղափոխելու համաձայնությունը չի նշանակում, թե ռուս-ամերիկյան տարաձայնությունները հաղթահարված են, բայց փաստն ինքնին դրական է գնահատել:

Նա հայտնել է, որ ամենամոտ ապագայում ամերիկյան պատվիրակությունը կայցելի Մոսկվա: Ռուսաստանցի դիվանագետն այլ մանրամասնություններ չի հայտնել: Նա չի պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն էլ Ստամբուլից այլ վայր տեղափոխվեն, ինչից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի կազմակերպումն արդեն իսկ խնդրահարույց է:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Երմակն արևմտյան լրատվամիջոցներին ասել է, որ Ստամբուլում Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացրել է ի սկզբանե անընդունելի վերջնագրի փաթեթ: Ռուսաստանցի քաղաքական մեկնաբաններն ակնարկում են, որ Մոսկվայի համար «ուկրաինական կողմից պատասխանի սպասելու ժամանակն անսպառ չէ»:

ՆԱՏՕ-ն կընդունի՞ Ռուսաստանին դիմադիր կանգնելու որոշում: Նման քայլն, ինչ խոսք, հղի է եվրոպական լայնածավալ պատերազմի սպառնալիքով, բայց չէ՞ որ այն արդեն իսկ ընթանում է: