31/07/2025

Ինչ վիճակում են Ճամբարակի պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ը դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Կատարվածի հետևանքով կա 5 զոհ:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են մուտքին կից բնակարաններ։

Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971թ. ծնված Արթուր Սարգսյանը: