13/06/2025

Քարտեզ 2. Սահմանազատման արդյունքում ավելի շատ կորցնելու ենք քան ստանանք

Հրապարակ թերթը գրել էր, որ ձեռքի տակ են հայտնվել քարտեզներ` առաջիկա նոր տարածքային զիջումների մասին:

Ըստ մեր տնօրինած տեղեկատվության, ՀՀ անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ սահմանազատման հարցերի շուրջ ընթացել են բանակցություններ եւ կողմերը եկել են համաձայնության, թե ինչպես է գծվելու Հայաստան-Ադրբեջան սահմանը:

Ընդ որում, սահմանազատման հարցերի հանձնաժողովը` Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, այդ բանակցություններին չի մասնակցել:

Ըստ մեր ձեռքում հայտնված քարտեզների, Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու եւս 180 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ստանալու է ընդամենը 25 քառակուսի կիլոմետր: Ամբողջ սահմանի երկայնքով ադերբեջանական սահմանը տեղ-տեղ առաջ է գալու, որոշ հատվածներում դրանք ուղղակի լեզվակներ են, որոնք խրվելու են ՀՀ տարածքից ներս:

Մեր աղբյուրն ասում է, որ սահմանազատման նախագծի հիմքում դրվել են ադրբեջանական կողմի պարտադրած քարտեզները, սահմանազատվել է հսկայական սահմանային գիծ` Տավուշից մինչեւ Սյունիք եւ բոլոր հատվածներում մենք կորցնում ենք, իսկ ադրբեջանցիները` ձեռք են բերում: Դրանք հիմնականում բարձր լեռնային գոտիներ են, որոնք ադրբեջանցիների համար հենակետեր կդառնան` Հայաստանի տարածքը վերահսկելու համար:

Դրանք կծառայեն որպես արոտավայրեր: Այդ հատվածներից է նաեւ ձնհալների արդյունքում Հայաստանի խմելու եւ ոռոգման ջուրը գոյանում, ուստի ջրի ակունքները նույնպես կհայտնվեն թշնամու տնօրինության տակ:

Ի դեպ, անկլավների եւ էքսկլավների հարցն այս անգամ չեն քննարկել, թողնվել է հաջորդ փուլում լուծման:

Հրապարակում ենք այդ քարտեզներից եւս մեկը: Քարտեզի վրա դեղին գույնով նշված են Հայաստանին հանձնվող հատվածներն են, մանուշակագույնով` Հայաստանից Ադրբեջանին հանձնելիքը: