14/06/2025

Արզնիի համայնքապետը գնացել էր կռվողներին բաժանելու՝ ձերբակալել են․ Լուսանկար

«Արզնի համայնքի ղեկավարն այնտեղ է եղել զուտ ծեծկռտուքը դադարեցնելու նպատակով»,- ասում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ ի պատասխան Արզնիում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հարցին։ Այսինքն, մարզպետի տրամաբանությամբ՝ իրավապահները ձերբակալել են Արզնի համայնքի ՔՊ-ական ղեկավար Ֆելիքս Միրզոեւին՝ կռվի մասնակիցներին բաժանելու համար։

«Հրապարակ»-ի ճշտող հարցին՝ ուզում եք ասել, որ համայնքի ղեկավարին ձերբակալել են կռվող կողմերին հաշտեցնելո՞ւ համար, պատասխանեց․ «Հա, ի՞նչ կլինի որ, ձերբակալել են` պարզաբանելու համար, մի քանի ժամ հետո բաց են թողել»։

Ըստ Կոտայքի մարզպետի՝ Ֆելիքս Միրզոեւն իմացել է, որ համայնքում նման բան է տեղի ունենում, գնացել է կանխելու։ Ոստիկաններն էլ եկել են ու հենց համայնքապետին են ձերբակալել` առանց պարզելու, թե ով է կռվողը, ով է բաժանողը, ով է մեղավորը, ով` անմեղը: Այսինքն, ոստիկանությունում անգրագետ եւ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում` ըստ մարզպետի: Սակայն իրականությունն այլ է։

Մենք գրել էինք, որ միջադեպի հետեւանքով 3 տուժած կա, մեկը՝ հրազենային վիրավորումով։ Մարզում հնչած կրակոցներից հետո 8 անձ էր ձերբակալվել, որից մեկը՝ Արզնի համայնքի ղեկավարը։ Երեկ Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնել էին, որ համայնքի ղեկավարին բաց են թողել, իսկ 7 անձ դեռեւս ձերբակալված է, այսօր կորոշվի նրանց կալանք տալու կամ ազատ արձակելու հարցը։ Այս միջադեպի մեջ, ի դեպ, շոշափվում են ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականների անունները։ Մասնավորապես՝ ձերբակալվածների մեջ է նրա բարեկամը` Դավիթ Վանյանը։ Մենք փորձեցինք այս առնչությամբ խոսել ՊՎԾ պետի հետ, սակայն նա չպատասխանեց։

Երեկ տեղեկացանք, որ բոլոր՝ 7 ձերբակալվածներն ազատ են արձակվել․ նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չբացակայելու ստորագրությունը: Մեկ անձի ձերբակալման մասին որոշումը դեռ ուժի մեջ է, քանի որ նա փախուստի է դիմել, նրա նկատմամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում: Տուժողը դեռ բուժում է ստանում:

Նկատենք, որ մեզանում օրենքն այնքան կամայականորեն են կիրառում, որ կարող են դատարանին «կոռումպացված» անվանող լրագրողին մեկ ամսով կալանավորել, իսկ հրազենի կիրառմամբ խուլիգանական միջադեպի մասնակիցներին, որտեղ նաեւ տուժող անձ կա, ստորագրությամբ բաց թողնել: Կարող են տնտեսական չապացուցված մեղադրանքով քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանին 2 տարի պահել կալանքի տակ, որի կեսը՝ բանտային կալանք, կեսը` տնային, իսկ զենքը ձեռքներին՝ մարդու վրա կրակողին, որից կարող էր նաեւ մարդ զոհվել, ազատ արձակել: Իսկ հնարավո՞ր է, որ դրա պատճառն այն է, որ կրակոցներով ու մեծ թվով մարդկանց մասնակցությամբ այդ հանցագործության գործող անձանց թվում ՊՎԾ պետի ազգականներն են:

«Հրապարակ». Գնացել էր կռվողներին բաժանելու` ձերբակալել են