16/06/2025

Գերիներին վերջին անգամ այցելել են մարտին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից Լաշանը մարտի 5-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին։

Ապա տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության գործունեությունը եւս։ Իսկ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որի աշխատակիցներն այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին, կապ ապահովում նրանց ընտանիքների հետ։

Այժմ թեպետ Կարմիր խաչը դեռ շարունակում է իր գործունեությունը Բաքվում, եւ բանակցություններ են վարում` գրասենյակի գործունեությունը չդադարեցնելու ուղղությամբ, սակայն ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերիներին վերջին անգամ այցելել են մարտին, այն դեպքում, երբ 4 շաբաթը մեկ անգամ պետք է այցելեն:

2 տարի առաջ գերության մեջ հայտնված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակին» ասաց՝ չգիտի, թե Կարմիր խաչը վերջին անգամ երբ է այցելել գերության մեջ գտնվող իր տարեց հորը, բայց նրա հետ վերջին անգամ խոսել են մեկ շաբաթ առաջ` չգիտեն, թե ում նախաձեռնությամբ: Իսկ դրանից հետո չունեն որեւէ տեղեկություն:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի աշխատակից Զառա Ամատունին «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Կարմիր խաչը հայ ռազմագերիներին այցելել է մարտին, իսկ թե ինչու դրանից հետո այս 3 ամիսներին ոչ մի այց չի եղել, եւ ինչպես է Վագիֆ Խաչատրյանը մեկ շաբաթ առաջ զանգել իր ընտանիքին, Ամատունին ասաց, որ տեղյակ չէ. «Առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել, այժմ զանգերի մասով էլ ոչինչ հանրային հարթակում չեմ կարող ասել, սակայն ավելի ուշ` գուցե»: Հարցին` ի՞նչ փուլում է Կարմիր խաչի գրասենյակն Ադրբեջանում փակելու գործընթացը, գուցե հենց դրանո՞վ է պայմանավորված, որ գերիներին երեք ամիս չեն այցելել գրասենյակի աշխատակիցները, Ամատունին նշեց. «Բոլոր տեսակի հարցերը մեր` Կարմիր խաչի եւ համապատասխան երկրի իշխանությունների կոնֆիդենցիալ երկխոսության տիրույթում են, մենք չենք կարող մեր երկխոսությունների մասին հրապարակավ խոսել: Ինչ վերաբերում է Կարմիր խաչի գրասենյակն Ադրբեջանում փակելուն, ապա ընկերությունն Ադրբեջանի իշխանությունների հետ այդ հարցի վերաբերյալ երկխոսությունների մեջ է: Զանգերի մասով էլ նշեմ, որ դրանք տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ մեր պատվիրակներն այցելում են տվյալ անձանց, թե երբ կլինի տեսակցություն, չենք կարող ասել, տեսակցելուց հետո նոր միայն այդ մասին տեղեկացնում ենք»: