13/06/2025

Իրանի շուրջ էսկալացիայից բխող վտանգների կառավարման համար արդյո՞ք Երևանը կհանրայնացնի խնդիրները

Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին: Այս թեման հատկապես արդիական է հնչում Իրանի շուրջ առկա էսկալացիայի ֆոնին, հաշվի առնելով այդ կոմունիկացիաների հարցում Իրանի զգայունությունը, դրանից տարբեր զարգացումների հավանականությունը:

Առավել ևս, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Իրանից ակնկալում են աջակցություն «զանգեզուրյան միջանցքի» հարցում: Իրանը ներկայումս ամբողջությամբ զբաղված կլինի Իսրայելի հետ ռազմական գործողություններով, Իսրայելին տրվելիք պատասխանով: Ավելին, դատելով Նաթանյահուի հայտարարություններից, հնարավոր է երկարատև ռազմական բախումը:

Եթե Իրանը լինի զբաղված, ապա մեծ վտանգ կա, որ չի հասցնի լիարժեք զբաղվել այն «միջանցքային» հավակնություններով, որ ունեն Թուրքիան և Ադրբեջանը: Այդ դեպքում Հայաստանին կարող են փոխանցվել ոչ թե պատասխաններ, այլ ներկայացվել վերջնագրեր:

Համենայն դեպս բավականին տեսանելի է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը այսքան ժամանակ ձեռնպահ մնացել Հայաստանին պատասխանելուց: Ադրբեջանը սպասել է պահի, որ կարող էր առաջանալ հենց Իրանի շուրջ էսկալացիայի բերումով:

Դրա համար էլ Բաքուն իրեն չի կաշկանդել Հայաստանին տրվելիք որևէ պատասխանով: Որովհետև որևէ դրական պատասխան, առավել ևս լինելու էր պարտավորեցնող, իսկ բացասականը՝ Ադրբեջանին դնելու էր ապակառուցողական դիրքում:

Հետևաբար, ընտրվել է պատասխանի բացակայության տարբերակը, որը Ադրբեջանի ձեռքերը թողնում է ազատ: Իսկ արդյո՞ք Երևանի համար ժամանակը չէ մտածել Ադրբեջանին արված առաջարկը հանրայնացնելու մասին, այդպիսով, ըստ էության, փորձելով ձևավորել պատասխանատվության ավելի հրապարակային միջավայր՝ Իրանի շուրջ էսկալացիայից բխող վտանգների կառավարման համար:

Թեև, դա իհարկե քիչ հավանական է, եթե քննարկվում է Նիկոլ Փաշինյանի Անկարա կատարելիք այցը, որտեղ ըստ ամենայնի քննարկման առանցքային թեման լինելու է ճանապարհների հարցը: Ինչ խոսքին, առանձին հարց է այն, թե ինչ տրամաբանությամբ կլինի քննարկումը և ինչ համաձայնություններ կլինեն, կամ՝ ոչ:

Իսկ արդյո՞ք Երևանը կմտածի առաջարկները հանրայնացնելու մասին, եթե չստացվի այցն Անկարա, կամ Անկարայում չստացվի փոխադարձաբար շահեկան որևէ համաձայնություն: