16/06/2025

Իրանի դեմ Իսրայելի հարձակումը «թուլացնում է նաև Ռուսաստանին»

ԱՄՆ պետական դեպարտամենտի նախկին աշխատակից Ահարոն Միլերը Financial Times-ին ասել է, որ ապրիլին Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ միջնորդավորված բանակցություններ սկսելով՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին իրազեկված է եղել Իսրայելի հարձակողական ծրագրերին և համագործակցել է իսրայելցիների հետ»:

Նրա կարծիքով՝ «ծուղակն աշխատել է, Իրանում տպավորություն են ունեցել, թե բանակցային գործընթացն անվտանգության երաշխիք է»:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Հեգսեթը հունիսի 14-ին հայտարարել է, որ նախագահ Թրամփը «շարունակում է ազդակներ հղել, որ նախընտրում է խաղաղությունը և գերադասում, որ որոշում կայացվի բանակցությունների սեղանի շուրջ»: Նրա խոսքերով՝ «Իրանը դեռևս ընտրություն ունի»:

Իրանի արտաքին գործերի նախարար Աաղչին, սակայն, Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կալասի հետ հեռախոսազրույցում Վաշինգտոնին մեղադրել է Իսրայելին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ և ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունների շարունակումը որակել «անիմաստ և անընդունելի»:

Առկա իրավիճակում ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգսեթի հայտարարությունը տպավորություն է թողնում, որ Միացյալ Նահանգները ոչ թե Իսրայելի հարձակման դիմաց պարզապես «աչք է փակել», այլ հանդիսանում է Իրանի դեմ ուժի կիրառման նախաձեռնողը:

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, կարծես, ստանձնում է Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակի պատասխանատվությունը, բայց սլաքներն ուղղում է Իրանին, որի «ընտրությունից» է, իբր, կախված հանգուցալուծումը:

ԱՄՆ նախագահ Թրամփն, այսպիսով, բացահայտվում է որպես Իրանի թիվ մեկ հակառակորդ: Դա չափազանց ռիսկային է, որովհետև գրեթե նույն փակուղային իրավիճակ է ռուս-ուկրաինական բանակցություններում, որ նույնպես նախաձեռնել է Միացյալ Նահանգների նախագահը:

Իրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո տևական ժամանակ Մոսկվան լուռ էր, հետո հանդես եկավ Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությամբ:

Ըստ երևույթին, Ռուսաստանում զգուշանում են, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ միջնորդությունը նույնպես կարող է «ծուղակ լինել»: Իրանի դեմ Իսրայելի հարձակումից մեկ օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը բացառող որոշում այդպես էլ չի ընդունվում, իսկ առանց այդ հիմնարար հարցում պարզության հնարավոր չէ խոսել որևէ կարգավորման մասին:

Հունիսի 24-25-ին Հաագայում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթաժողով: Ըստ տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփը հրաժարվել է այդ հարթակում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումից: Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովը չի կարող շրջանցել Ուկրաինայի և իրանա-իսրայելական պատերազմի հետ կապված հարցերը:

Միջազգային հեղինակավոր փորձագետները համարում են, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը «թուլացնում է նաև Ռուսաստանին»: ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունից պարզ է դառնում, որ գործ ունենք իրանա-ամերիկյան պատերազմի հետ, որ ոչ ուղղակիորեն, բայց աշխարհաքաղաքական նշանակությամբ նաև Ռուսաստանի դեմ է:

Թրամփն, ամենայն հավանականությամբ, Պուտինի համար այլևս վստահելի վիզավի չէ, և նրանց հանդիպումն առնվազն տևական ժամանակով կհետաձգվի: Իսկ դա նշանակում է, որ նոր աշխարհակարգի ճարտարապետությունը դարձյալ մնում է սոսկ ենթադրությունների տիրույթում: