XIX դարասկզբին դիվանագիտության հանճար Թալեյրանն ասել է. «Մարդուն լեզուն տրված է նրա համար, որ նա թաքցնի իր մտքերը»: Արտաբերելով այս միտքը՝ մեծ դիվանագետը, անշուշտ, նկատի է ունեցել իր մասնագիտության տեր մարդկանց: Եվ ոչ միայն նրանց։
ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ համարվող, բայց իրականում «քաղաքական անճար» Արթուր Վանեցյանը, ենթադրաբար, Թալեյրանի այս բանաձևումին ծանոթանալու պատեհություն չի ունցել։ Թեև չեկիստներն էլ, ինչպես հայտնի է, լուրջ պատրաստություն են անցնում՝ սերտելու մտքերը թաքցնելու տեխնոլոգիաներն ու հմտությունները։
Արթուր Վանեցյանի պարագան, սակայն, այլ է, նա բնությունից իրեն տրված լեզուն օգտագործում է բացահայտելու, տիրաժավորելու այն մտքերը, որոնք գեներացվել են օտար պետության ներկայացուցիչների գլուխներում։ Մասնավորապես՝ այն պետության, որտեղ գտնվող դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում էլ ուսանել է ապագա «կադրային չեկիստը»։
Ընթերցողը, համոզված ենք, միանգամից գլխի ընկավ, որ խոսքը ՌԴ-ի մասին է, որի նարատիվների ու ագրեսիվ պրոպագանդայի «տակ» էլ «մնացել» է ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ՀՀ-ի վերաբերյալ, ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչպես երևում է, դիտարկում է բացառապես այդ նարատիվների պրիզմայով։
Ասվածում համոզվեցինք նախօրեին, Հ1-ի տաղավարում տեղի ունեցած հարցազրույցը դիտելիս։ Պարոն Վանեցյանին ուղղված հարցադրումները բազմազան էին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կուսակրոն լինելուց մինչև Սյունիքով անցնող ճանապարհ, խաղաղության համաձայնագիր, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայված ԵՄ դիտորդներ։
Մասնավորապես վերջին թեմայի՝ ԵՄ դիտորդների հետ կապված հարցին, թե՝ երբ գաք իշխանության, թողնելո՞ւ եք նրանց, նախկին պաշտոնյան իրեն հատուկ «խորագիտությամբ» արձագանքեց. «Եվրամիության դիտորդները մենք պետք ա գնահատենք, իրենց ստեղ գտնվելը մեզ օգուտ տալիս ա՞, թե՞ օգուտ չի տալիս։ Եթե մեզ օգուտ տալիս ա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը եթե օգուտ ա, միանշանակ իրանք պետք ա շարունակեն մնալ։ Եթե օգուտ չի, ուրեմն պետք ա գնան»։
Դիտարկմանը՝ «հիմա օգո՞ւտ են, թե՞ օգուտ չեն»՝ ապագա իշխանության հավակնորդը վրա բերեց՝ «ես չգիտեմ, ես լսել եմ մի հայտարարություն, որ ԵՄ դիտորդները ՀՀ տարածքում զբաղվում են հետախուզական գործունեությամբ։ Հերքում դեռևս չեմ լսել։
Պետք ա հերքվի դա կամ պարզաբանվի։ Իմ կարծիքը հետևյալն ա՝ ցանկացած գործողություն, որը օգուտ ա ՀՀ-ին, …մինչև էս պահը ես տեսել եմ, որ որևէ օգուտ չեն տվել։ Որովհետև երբ որ լինում ա էսկալացիա, երբ որ կրակում են մեր սահմաններին, ԵՄ դիտորդները ոչ մի գործողություն չեն իրականացնում։ Կամ իրանք պետք ա սկսեն աշխատել արդյունավետ, կամ էլ պետք ա գնան»։
Մեծ է գայթակղությունը բացականչելու՝ «ակո՜ւնք իմաստնության», մտքերի ինչպիսի տրամաբանական շղթա՝ եթե վատ է, ուրեմն լավ չէ, եթե լավ է, ուրեմն վատ չէ, եթե այո, ուրեմն այո, եթե ոչ, ուրեմն ոչ… ԱԱԾ նախկին տնօրենի լսած այդ «մի հայտարարությունը»՝ ԵՄ դիտորդների հետախուզական նպատակների մասին, պարզվեց, պատկանում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։
Միամիտ չէինք այնքան, որ ակնկալեինք, թե Վանեցյանի լսած այդ մի հայտարարությունը եղել է որևէ ուղեղային կենտրոնի կամ հատուկ ծառայությունների կողմից մշակված օբյեկտիվ ու համակողմանի եզրակացությունը։ Քանի կա Զախարովան, ո՞ւմ է պետք վերլուծական միտքը։ Նկատենք, որ սույն տիկինը, Ալիևի հետ «ձեն ձենի տված», քանիցս զրպարտախոսել է դիտորդների հասցեին։
Ահա տիկնոջ մտքի արգասիքներից մեկը՝ ԵՄ առաքելությունը «լրտեսում» է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին», և «նման ապակառուցողական գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճին և կարող է անգամ անդառնալի հետևանքների հանգեցնել»։
Ամենազավեշտալին, սակայն, այն է, որ ԱԱԾ նախկին տնօրենը անզեն դիտորդներից, որոնց ֆունկցիան ընդամենը հրադադարի ռեժիմի խախտման մոնիտորինգ անելն է, ակնկալում է պատասխան՝ ենթադրաբար թնդանոթի կամ ԱԹՍ-ի մի քանի հարված՝ ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին ի պատասխան։
Համոզված ենք, որ եթե ինքը ու իր խելքին մարդիկ գան իշխանության, Զախարովայի «սպռավոչկաները» կդնեն դեմներն ու առանց վիճարկելու դրա որևէ տառ կամ կետադրական նշան կհանգեն եզրակացության՝ փույթ չէ, որ դիտորդները զսպիչ դեր են խաղում՝ կապելով Ադրբեջանի ձեռքերը, կարևորն այն է, որ այդ դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնելիս ազդում են տիկին Զախարովայի հիմնարկի ներկայացուցիչների նյարդերի վրա։
Կարևորը, հետևապես, ոչ թե ՀՀ անվտանգային շահն է, այլ՝ տիկին Մաշայի ու նրա վերադասի նյարդերի հանգստությունն ու նրանց կապրիզների անվերապահ կատարումը։ Կարճ ասած՝ կորչեն դիտորդները, նրանցից ի՞նչ օգուտ, նրանց տիրապետած զենքերը հեռադիտակն ու ֆոտոապարատն են, դրանք ի՞նչ դիտորդ։
Այ, կգան ՀԱՊԿ դիտորդներն իրենց ռազմական «թաշախուստով» ու ցույց կտան Ադրբեջանին, թե որը որից հետո է, ինչպես ցույց տվեցին Լեռնային Ղարաբաղում, խաղաղապահական սաբոտաժի տեսքով։ Հետաքրքիր է՝ եթե ռուս պրոպագանդիստ Սոլովյովը նորից իր եթեր հրավիրելու հնարավորություն ունենա ու հարց տա Վանեցյանին, ասենք այսպիսի՝ «չե՞յ Կառաբախ», ի՞նչ է պատասխանելու կադրային չեկիստը՝ հաշվի առնելով Զախարովայի օրերս հնչեցրած հայտարարությունը՝ «ՌԴ-ն պաշտոնապես Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք»։ Ղարաբաղը, ըստ այդմ, այսինքն՝ ըստ չեկիստա-զախարովայական ընկալման «նա՞շ», «վա՞շ», թե՞…
Վանեցյանի մեկ այլ հայտարարության էլ անդրադառնանք, որը վերաբերում է չափազանց ինտրիգային խնդրի։ Հարցին՝ Սյունիքով անցնող Զանգեզուրի ճանապարհի վրա պե՞տք է ռուսները վերահսկողություն իրականացնեն, թե՞ ոչ (խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսված՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության մասին է-խմբ.), ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանում է. «Ռուսների հսկողությունը Զանգեզուրի ճանապարհի վրա որ ասում են, մարդկանց պատկերացման մեջ ճանապարհ ա, և ողջ երկայնքով կանգնած են ռուսական զինվորականները։
Հիմա, այ հենց էս պահին ռուսական սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում Իրանի, Թուրքիայի սահմանին։ Ես դեմ եմ, որ ՀՀ տարածքի ներսում մեր ճանապարհները հսկվեն որևէ մի այլ պետության կողմից։
Բայց եթե, հայ-ռուսական պայմանագրի համաձայն, ռուս սահմանապահները պետք ա կանգնեն սահմանին՝ համաձայն գործող պայմանագրի, ուրեմն պետք ա կանգնեն։ …Մեր շահը որտե՞ղ ա, եթե մեր շահը, որ սահմանները հսկեն ռուսական սահմանապահ զորքերը, ըտեղ ա, ուրեմն պետք ա հսկեն…»։ Անկեղծ ասած, մեզ մի պահ թվաց, թե պարոն Վանեցյանն անուղղելի ռուսաֆիլ լինելուց զատ նաև ծպտյալ դաշնակցական է՝ կողմ ըլլալով դեմ կըլլա, դեմ ըլլալով՝ կողմ։
Նա, փաստորեն, դեմ է, որ ՀՀ սահմանները որևէ այլ պետություն հսկի, բայց եթե այդ երրորդ պետությունը «թարսի պես» ՌԴ-ն է, կողմ է, որ այդ երկիրը իրականացնի սահմանապահ ծառայություն։ Իսկ եթե լուրջ, ապա քաղաքական իշխանությանը հավակնող «Հայրենիք» կուսակցության ղեկավարին թերևս պետք է բարեկամաբար հորդորել չմոռանալ իր՝ ՀՀ քաղաքացի և հայ լինելու մասին և «ՏԱՍՍ»-ի լրահոսին, ՌԴ ԱԳՆ-ի «պրեսս-ռելիզներին» հետևելուց բացի կարդալ նաև ադեկվատ, օբյեկտիվ, համակողմանի վերլուծություններ։
Դա կօգնի թոթափել այն խեղված մտայնությունը, թե հայկական շահի սպասարկման անժամկետ «լիցենզիա» միայն մեկ պետություն՝ ՌԴ-ն ունի։ Եվ երբ ասում ենք հայկական կամ ՀՀ շահ, միանգամից պատկերացնում ենք Ռուսաստան, Զախարովա, Պուտին, Լավրով և մնացածը։
ԱԱԾ նախկին տնօրենին, արդ, քաղաքական գլուխկոտրուկ ենք առաջարկում առաջիկա հանգստյան օրերին ուղեղի մարզանք անելու համար՝ եթե հայկական շահը պահանջի, որ այլ երկիր, ասենք, ֆրանսիական, կանադական կամ իսլանդական ուժեր հսկեն վերոհիշյալ ճանապարհը, ինքը կո՞ղմ կլինի, թե՞ դեմ։ Թե՞ այս գլուխկոտրուկի լուծումը խոստանում է փոքր-ինչ ընդլայնել ԱԱԾ նախկին տնօրենի աշխարհաքաղաքական «կրուգազորը», որի չափազանց նեղ լինելը անհարմար դրության մեջ է դրել և դնում դրա տիրոջը։
Մեկին, որը, փաստորեն, այսպիսի մտավոր ու քաղաքական «բագաժով» հավակնում է իշխանության գալ, ընտրություններին էլ մասնակցելու է միայնակ։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը․ ԳԺ հայտարարությունը
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում
Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր