Հունիսի 14-ի երեկոյան ուժեղ քամու և կարկտի հետևանքները, քաղաքային և մարզային իշխանություններից զատ, այս տարի անհանգստացրել էր նաև տասնամյակներով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գեներալ-մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովին:
Նա Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին զանգել և վնասների վերացման և մաքրման աշխատանքների նպատակով առաջարկել էր ռազմաբազայի աջակցությունը, մասնավորապես տեխնիկա և մարդկային ռեսուրս:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս օգնության առաջարկին՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ ՀՀ-ն, Շիրակի մարզն ու համայնքներն իրենց ուժերով կարող են նման հարցերը լուծել:
«Ես ծանոթացել եմ այդ տեղեկատվությանը համացանցից, միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը և մեր համայնքներն ի զօրու են միայնակ լուծել իրենց առաջ կանգնած խնդիրները, մանավանդ սա 1988 թվականի երկրաշարժը չէր, որ մեր հարևաններից ու բարեկամներից օգնության կարիք ունենայինք: Միանշանակ նաև շնորհակալ եմ մեր գործընկերներին, որոնք փորձել են աջակցել, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր առջև դրված խնդիրները, թեկուզ անսպասելի բնակլիմայական պայմաններից ելած, կարող է ինքնուրույն լուծել»,- ասաց մարզպետը:
Հարցին՝ ինչո՞ւ վնասների ուսումնասիրման ժամանակ մարզպետի շրջայցին ներկա չէր Գյումրու քաղաքապետը կամ կառույցի ներկայացուցիչներն այնպես, ինչպես, օրինակ, Արթիկում էին ներկա, չի՞ հաջողվում համատեղ աշխատանքը, Շիրակի մարզպետը նշեց.
«Նախ մարզպետարանի աշխատակիցները բոլորը կապի մեջ են համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցների հետ: Հենց այդ գիշերներ էլ (նկատի ունի հունիսի 14-ը -խմբ.) փոխմարզպետ պարոն Հովհաննիսյանը մեր խորհրդականների հետ շրջել է, նաև կոմունալ ծառայության աշխատակիցների հետ է կապի մեջ եղել, հիմա մարզպետարանից արդեն գրությունները գնացել են բոլոր համայնքապետարաններին, որ գույքագրվեն քաղաքացիների խնդիրները:
Երեկ եղել եմ Գյումրու մի քանի վայրերում: Իսկ թե ինչու չէր մասնակցում Գյումրու քաղաքապետարանը, գուցե և խնդիր կար, թե ով է շրջայց անելու մարզպետի հետ, գուցե և մտահոգություն կար, որ խորհրդականները կարող են մասնակցել, իսկ խորհրդականները ինձ համար խիստ խնդրահարույցը են»:
Հարցին՝ արդյոք ստացվո՞ւմ է կոմունիստ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի համագործակցությունը, մարզպետն ասաց՝ Գյումրին մարզի 6 համայնքներից մեկն է, աշխատում են այնպես, ինչպես մնացած 5-ի հետ. պաշտոնական հարաբերություններ կան:
«Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 17 հազար 200 քվե, այդ մարդիկ ձայն են տվել մեր նախընտրական ծրագրին, մեր քաղաքական ուժին: Ավագանու մեր անդամները ընդդիմություն են ու ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան մեր նախընտրական ծրագրի դրույթները կյանքի կոչել: Հիմա ինչքանով կստացվի, իշխանով չի ստացվի՝ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, բայց ամեն դեպքում էդ նախընտրական դրույթները միտված էին ի շահ քաղաքի, ի շահ գյումրեցու և ի շահ Գյումրու զարգացման տեսլականին:
Շատ ցանկալի կլինի, որ այդ նախընտրական դրույթները կյանքի կոչվեն՝ առանց նայելու ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն: Միակ շահողը էդ ամեն ինչից Գյումրին ու գյումրեցին պիտի լիներ:
Գյումրին Շիրակի մարզպետի աշխատակազմի համար 6 համայնքներից մեկն է, և ոնց-որ մենք աշխատում ենք մնացած 5 համայնքների հետ, այդ նույն ձևով աշխատում ենք Գյումրու քաղաքապետարանի հետ, օրենքի սահմաններում, լիազորությունների սահմաններում պաշտոնական փոխհարաբերությունները կան, բնականաբար, խնդիր չի կարող լինել, որևէ քաղաք չի կարող զարգանալ առանց կենտրոնական իշխանության, իսկ կենտրոնական իշխանությունը, վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու է, էդ մասին նույնիսկ քննարկումը անիմաստ է, այն աշխատանքները, որոնք Գյումրու համար արվել են, շարունակվելու են ու բազմապատկվելու են:
Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը երբևիցե քաղաքապետ չի ունեցել, բայց որևէ մի պահ էլ չի դադարել Գյումրուն ուղղված ծրագրերը և ֆինանսական միջոցները օր օրի չավելացնելը, նույն դոտացիաները, սուբվենցիոն ծրագրերը, Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից արվող աշխատանքները: Դրանք նույն ձևովը շարունակվելու են, որովհետև այն աշխատանքը, որն արվում է, կոնկրետ ո՛չ քաղաքապետի համար, ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ էլ ավագանիների համար է: Այդ աշխատանքը, որն արվում է մեր որդեգրած դիրքորոշումով՝ համայնքների համաչափ զարգացման, էդ աշխատանքներն արվում են ի շահ գյումրու և ի շահ ժողովրդին»,- ասաց Դավիթ Առուշանյանը:
Բաց մի թողեք
Սյունիքի հանդեպ առաջացած անմիջական սպառնալիքի մասին
Լիբանանի բնակիչները խնջույք են անում, զվարճանում Իսրայելի ուղղությամբ թռչող իրանական հրթիռների ֆոնին․ Տեսանյութ
Արդյո՞ք Թեհրանն իր հերթին ակնկալել է Երևանից ինչ-որ քայլեր