17/06/2025

Թուրքիան իր հերթին պատրաստվում է պատերազմի՞, կօգտագործվի «Ալիևի քրդական իշխանությունը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրում է կառավարության արտահերթ նիստ: Նախօրեին նա հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ապա անվտանգության հարցերով խորհրդակցություն անցկացրել, որին ներկա են գտնվել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը, ինչպես նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը:

Ըստ Turkiye gazetesi-ի՝ կառավարության նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում է «Թուրքիան առանց ահաբեկչության», այսինքն՝ PKK-ի զինաթափման ծրագրին:

Ավելի վաղ թուրք մի շարք փորձագետներ տագնապ են հնչեցրել, որ իրանական Ատրպատականի «մայրաքաղաք» Թավրիզի և այլ բնակավայրերի իսրայելական ռմբակոծումները «տեղաշրջանում քրդական ազդեցություն հաստատելու և Թուրքիան շրջափակելու նպատակ են հետապնդում»: Այս տեսակետը հիմնավորվում է նրանով, որ Իրանի քրդական կազմակերպությունները մերժել են Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու մասին PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչը։

Ըստ տեղեկատվության՝ կառավարության նիստի ամենաթեժ հարցը կվերաբերի Իսրայելի և Իրանի միջև իրավիճակը, կքննարկվի տարածաշրջանում լարվածության աճը, այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը և նախագահ Էրդողանի դիվանագիտական քայլերը: Այդ առթիվ Turkiye gazetesi-ն իր կողմից մանրամասնել է, որ «պատերազմը բախում է» Թուրքիայի դուռը:

Ռուսաստանյան Regnum-ի խմբագրականը ձևակերպել է, որ թեև Թուրքիան ամենաբարձր մակարդակով դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումները, «դրանից չի հետևում, թե Անկարան և Թեհրանը դադարում են տարածաշրջանային մրցակիցներ լինել»: Ի՞նչ մանրամասնություններ են քննարկել ԱՄՆ և Թուրքիայի նախագահները՝ կարելի է միայն ենթադրել:

Ավելի վաղ Իսրայելը, թեև սահմանափակ ծավալով, համանման գործողություններ իրականացրել է Սիրիայում՝ շարքից հանելով ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը, ռմբակոծելով այն հենակայանները, որ Թուրքիան ծրագրում էր վերականգնել և արդիականացնել:

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև «փորձաքար» է մնում Սիրիայի «քրդական ինքնավարության» խնդիրը: Անկարան համոզված է, որ Իսրայելն ունի այդ կազմավորումն ամրապնդելու և ֆորմալացնելու ծրագիր և ձգտում է Սիրիայի «քաղաքական ամբողջականության մասնատմանը»:

Թուրքիայում, երևում է, նման լուրջ մտահոգություններ ունեն նաև Իրանի դեպքում, որի քրդաբնակ շրջանները սահմանակից են Թուրքիային և Նախիջևանին, որտեղ, ի դեպ, Իրանի դեմ Իսրայելի հարձակման նախօրեին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվել:

Ակնհայտ է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական խոշոր պատերազմն ունենալու է քաղաքական լուրջ հետևանքներ: Իրանի մասնատման հավանականությունը չափազանց բարձր է: Թուրքիան, կարծես, այդ սցենարի իրացմամբ գոնե այս փուլում այնքան էլ շահագրգռված չէ: Բայց Անկարան նաև չի կարող մնալ դիտորդի դերում և սպասել, թե ԱՄՆ-ն ինչպես է Իսրայելի ձեռքով «վերաձևում» Իրանը:

Իսրայելա-իրանական պատերազմի դադարեցման թուրքական միջնորդության պատրաստակամությունը պարզապես գործընթացներին մասնակից լինելու հայտ է: ԱՄՆ նախագահ Թրամփը կընդունի՞ Էրդողանի «ծառայությունը»: Բայց իրականում ի՞նչ ծրագիր ունի Վաշինգտոնը:

Թեհրանին պարտադրել, որ միջուկային ծրագրից լիովին հրաժարվի և մնա ամբողջական կրոնապետությու՞ն, թե՞ դրված է իրանական պետության «ժողովրդավարացման» կամ երկրի մասնատման նպատակ: Թուրքիան կարո՞ղ է պատերազմի սպառնալիքով կասեցնել այդ նախագծումները, թե՞ կբավարարվի «իր բաժինն ստանալով»:

Կարծես թե ուրվագծվում է, որ Էրդողանը փորձում է Թուրքիայի տարածաշրջանային առաջնորդության հասնել դիվանագիտական գործիքակազմով: Եթե չհաջողվի, նա տարածաշրջանային «հրդեհին բենզի՞ն կավելացնի»: Ինչպե՞ս: Ադրբեջանի ձեռքերո՞վ:

Էրդողանն «անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել»: Ինչպես փոխանցում է «Անադոլուն»՝ ներկա են գտնվել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը, ինչպես նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը:

Թուրքիան պաշտոնապես դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումները: Ուշագրավ է, որ Իրանին սատարել և ռազմական աջակցություն հայտնելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև Պակիստանը:

Նույն օրն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահների հետ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը չի կարող օգտագործվել Իրանի դեմ: Ըստ տեղեկությունների, թուրքական հեռուստաընկերություններից մեկն Ադրբեջանը ներկայացրել է Իսրայելին աջակցող երկրների շարքում:

Այս ֆոնին Turkiye gazetesi-ն քննարկման է դրել Իսրայելի կողմից Իրանի «թուրքական շրջանների» ռմբակոծությունների քաղաքական նշանակության հարցը: «Հարավային Ադրբեջանի դիմադրության ազգային խորհրդի» փորձագետ Ջավադին ուշադրություն է սեւեռել Ուրմիայի շրջանում Իսրայելի կողմից իրականացվող ռմբակոծությունների վրա:

Նրա գնահատմամբ՝ Սև Ծով- Միջերկրական գծով Թուրքիան «շրջափակելու համար Ուրմիան վերջին կետն է»: Ջավադին համոզված է, որ Իրանի թյուրքախոս շրջաններում Իսրայելի «ամեն մի ռումբ դաշտային քարտեզ է գծում այն իրավիճակի համար, երբ կրոնապետությունը կփլուզվի»:

Փորձագետը հատուկ ընդգծում է, որ Իրանի քրդական կազմակերպությունները «չեն ընդունել զենքը վայր դնելու և Թուրքիայի դեմ պատերազմը դադարեցնելու մասին PKK-ի առաջնորդ Օջալանի կոչը»: Ջավադին համոզված է, որ ներկայումս Իսրայելը «նրանց համար հիսուն կիլոմետրով առաջանցման ճանապարհ է հարթում՝ ինչպես Սիրիայում պաշտպանում է քրդական զինված ուժերին»:

Թուրքիայի նախագահի հրավիրած խորհրդակցությանն այս խնդիրը քննարկվե՞լ է: Կարելի է զգուշավոր ենթադրություն անել, որ՝ այո: Այլապես իշխանամերձ լրատվամիջոցը չէր ձևակերպի այնպես, որ Իսրայելի նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի Իրանի փլուզման դեպքում «թուրքական շրջանները» հայտնվեն քրդական վերահսկողության տակ:

Այս առումով արժե հիշեցնել, որ տևական ժամանակ Բաքուն դիմադրել է PKK-ն որպես ահաբեկչական կառույց ճանաչելու Անկարայի պահանջին: Ալիևները ծագումով քուրդ են: Հեյդար Ալիևը դեպի Ադրբեջանում բարձրագույն իշխանություն ճանապարհն սկսել է Նախիջևանից, որտեղ էթնիկ քրդերի ազդեցությունը մեծ էր:

Ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնը, նա Բաքու է տեղափոխել և բարձր պաշտոնների նշանակել ծագումով քուրդ մի քանի նախիջևանցիների:

Վերջին տարիներին Իլհամ Ալիևը նրանցից ոմանց պաշտոնազրկել է, ոմանց՝ ուղարկել պատվավոր թոշակի, բայց, ինչպես ադրբեջանցի վտարանդի փորձագետներն են պնդում՝ «քրդական կլանի պարագլուխ Էյուբովը, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է մնալ Ալիևի անձնական անվտանգության ծառայության պետը»:

Ադրբեջանը վերջին շրջանում ակնհայտորեն նվազեցրել է «միասնական Ադրբեջանի» պետական քարոզչությունը: Դա, իհարկե, հիմնականում կապված է Իրանի հետ հարաբերությունների «վերբեռնման» քաղաքականությամբ, բայց, երևում է, անձամբ Ալիևի համար իրանական Ատրպատականի հետ «վերամիավորումը» խնդրահարույց է. նա ոչ մի երաշխիք չունի, որ այդ դեպքում կհաջողվի ապահովել դինաստիական իշխանության ծրագիրը:

Այդ հարցում, կարծես, Էրդողանը նրա դաշնակիցը չէ: Բայց Թուրքիայի նախագահը կգնա՞ Ալիևի «քրդական իշխանությունը» փոխելու քայլի: Իսկ առհասարակ Իրանի «թուրքական շրջանների» խնդրի շուրջ Թուրքիայի սևեռվածությունը կարող է մարտահրավեր լինել նաև Հայաստանի համար: Մերձավոր Արևելքում «անկախ Քրդստան» հիմնելու ցանկացած փորձի հանդեպ Թուրքիան չափազանց զգայուն է: