19/10/2025

Թրամփը չի ստորագրել Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները հունիսի 15-17-ը գագաթնաժողով են անցկացնում Կանադայի Կանանասկիս շրջանում:

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ G7-ի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի, առաջնորդները պատրաստել են Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարության նախագիծ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն չի ստորագրել։

Գործակալության տվյալով՝ G7-ի առաջնորդներն այդ հայտարարության նախագծում կողմերին լիցքաթափման կոչ են արել, միաժամանակ նշել, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի։

Բացի այդ, պատրաստվել է համատեղ հայտարարության նախագիծ՝ կարևորագույն օգտակար հանածոների մատակարարումները պաշտպանելու և ազգային տնտեսություններին աջակցելու մասին։ Սակայն, ըստ Reuters-ի, Թրամփը հրաժարվել է ստորագրել նաև այդ փաստաթուղթը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի որևէ հնարավորություն ռազմական ճանապարհով հաղթելու Իսրայելին, ուստի կողմերը պետք է անցնեն բանակցությունների։ Այս մասին նա ասել է G7 գագաթնաժողովից առաջ Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հետ հանդիպման ժամանակ։

«Սա ցավոտ է երկու կողմերի համար։ Կասեի՝ Իրանը չի հաղթում այս պատերազմում։ Նրանք պետք է սկսեն բանակցություններ՝ և դա անեն անհապաղ», — ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով, սակայն նման նախաձեռնությամբ պետք է հանդես գար ավելի վաղ։ Նա նշել է, որ արդեն անցել են այն 60 օրերը, որոնք Իրանին տրվել էին միջուկային համաձայնագիր կնքելու համար։ Նախագահը կոչ է արել Թեհրանին անհապաղ մտածել համաձայնագրի ստորագրման մասին, քանի դեռ ուշ չէ։

Լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը կմիանա հակամարտությանը, Թրամփը պատասխանել է . «Չեմ ցանկանում այդ մասին խոսել»։

Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիր, որը կսահմանափակի միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, սակայն Իրանը ցանկանում է պահպանել խաղաղ ատոմային էներգիայի զարգացման իրավունքը։ Իրանի ղեկավարությունը նաև կոչ է արել ԱՄՆ-ին զսպել Իսրայելին, հակառակ դեպքում իրանական զինված ուժերը կդիմեն ավելի կոշտ պատասխան քայլերի։