16/06/2025

Իրանը հրաժարվում է հրադադարի բանակցություններից, մինչև Իսրայելի հարվածներին չպատասխանի ու հարվածել է Թել Ավիվի կենտրոնին

Իրանը հրաժարվում է հրադադարի բանակցություններից, մինչև Իսրայելի հարվածներին չպատասխանի, գրել է «Reuters»-ը։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանը, Կատարի և Օմանի միջնորդներով հստակեցրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցություններ հնարավոր չեն, քանի դեռ Իսրայելի հարձակումները շարունակվում են։

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանը լուրջ երկխոսություն կսկսի միայն այն բանից հետո, երբ ավարտի Իսրայելի հարվածներին իր պատասխանը։

Գործակալության զրուցակիցը հերքել է այն տեղեկությունը, որ թե Իրանը խնդրել է Կատարին և Օմանին ներգրավել ԱՄՆ-ին հրադադարի և միջուկային խորհրդակցությունների վերսկսման վերաբերյալ բանակցություններում։

Իրանական ուժերը սկսել են Իսրայելի դեմ իրենց «պատասխան հարվածի» հաջորդ փուլը, որը նախկինում կոչվում էր «Ճշմարիտ խոստում 3»:

Այս «խոստման» շրջանակներում Իսրայելի թիրախների ուղղությամբ արձակվել է մոտ 106 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ:

Պայթյուններ են լսվել Թել Ավիվում և Հայֆայում՝ Իսրայելի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում։

Վերջին տեղեկություններով՝ Հայֆայի արդյունաբերական գոտին հրդեհվել է։ Կրկին հրթիռներ են հասել այս քաղաքի նավթավերամշակման գործարան, խոցվել է նաև էլեկտրակայանը։

Իրանական երկու հրթիռ խոցել են Հայֆայի հիմնական էլեկտրաէներգիայի գեներատորները։ Էլեկտրակայանի վրա հարվածների արդյունքում հարյուր հազարավոր իսրայելցի բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։

Մի շարք պայթյուններ են եղել Թել Ավիվի վարչական շրջաններում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում։

Զեկույցներ կան ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների գրասենյակային շենքերի և արդյունաբերական օբյեկտների վնասների մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հրթիռներից մեկը խոցել է Rafael ընկերության օբյեկտները։

Իրանի՝ Իսրայելին հասցրած հրթիռային վերջին հարվածների հետևանքով երեք մարդ է մահացել, 67-ը՝ վիրավորվել և հոսպիտալացվել, հաղորդել է The Times of Israel թերթը։

Իրանական չորս բալիստիկ հրթիռ հարվածել է Իսրայելի կենտրոնական հատվածին։ Շտապօգնության ծառայությունը տուժածներին հիվանդանոցներ է տեղափոխել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է, վեց մարդ միջին ծանրության վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ հաղորդվում էր 29 հոսպիտալացվածի մասին։

Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է դառնում, որ իսրայելական հակաօդային պաշտպանության արդյունավետությունը նախկինում զգալիորեն ուռճացված էր։

Զգալի թվով հրթիռներ են թափանցում Իսրայելի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգ, ինչը վկայում է և՛ Իրանի տեխնիկական հնարավորությունների թերագնահատման, և՛ հակաօդային պաշտպանության առումով Իսրայելի սեփական ռազմական հնարավորությունների գերագնահատման մասին։