16/06/2025

ՆԳՆ կքննարկի կարմիր բերետավորի պահվածքը լրագրողի նկատմամբ, ՄԻՊ-ը դատապարտում է

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն են նշանակել այսօր առավոտյան Քասախի բնակիչների հերթական ակցիայի ժամանակ իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողին արմունկով ուժեղ հարվածած կարմիր բերետավոր ոստիկանի նկատմամբ։

Այս մասին հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, ակցիայի ժամանակ 24News-ի լրագրող Մերի Մանուկյանը փորձում է հասկանալ մի կարմիր բերետավոր ոստիկանից, թե ինչո՞ւ է քաշքշում և իրեն կոպիտ պահում ակցիայի մասնակից քաղաքացիների նկատմամբ, և ինքն է հայտնվում ոստիկանի թիրախում։ Կարմիր բերետավոր վայրենին նախ բղավում, ապա արմունկով հարվածում է լրագրողի կրծքավանդակին։

Մերի Մանուկյանը ասաց, որ դեռ բժշկի չի դիմել, որ հասկանա՝ վնասվածք ունի՞, թե՞ ոչ. «Չեմ կարող ասել՝ վնասվածք ունեմ, թե չէ, քանի որ բուժօգնության չեմ դիմել, բայց հարվածը ուժեղ էր, մի պահ շունչս կտրվեց, որովհետև կողքիս հարվածեց։ Այս պահին լավ եմ»,- ասաց ոստիկանի կողմից բռնության ենթարկված մեր գործընկերը։

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք:

Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի նման վարքագիծը, լրագրողի նկատմամբ բռնությունը և ընդգծում, որ լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր: Պաշտպանը պահանջում է, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով:

Նշենք նաև, որ Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի և լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու դեպքի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից: