Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը, Լոնդոնն ու Բեռլինը Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ արտգործնախարարական եռյակի հանդիպմանը սեղանին կդնեն դիվանագիտական լուծում: Ստացվում է, որ իսրայել-իրանական պատերազմի դադարեցման առնչությամբ ձեւավորվում է առնվազն երկու դիվանագիտական առաջարկ:
Մեկը այն, ինչի մասին խոսում է ֆրանսիայի նախագահը, մյուսն այն, որի մասին Պուտին-Ծինպին հանդիպումից հետո ազդարարեց ՌԴ նախագահի օգնականը: Այդպիսով, եվրոպական եռյակ ու ռուս-չինական տանդեմ:
«Պայքարն» ըստ ամենայնի ԱՄՆ նախագահի դիրքորոշման համար է: Հայաստանի համար կարևոր, անշուշտ, այն է, որ պատերազմը դադարի, որքան հնարավոր է շուտ: Այստեղ քննարկվում են ռիսկերի ամենատարբեր սցենարներ ու տարբերակներ, սակայն մի բան կասկածից վեր է, որ հանրագումարում դրանք Հայաստանի համար կազմում են համախառն մի այնպիսի մարտահրավեր, որը Հայաստանի համար թանկ արժե ընդհուպ ամենօրյա ռեժիմով:
Դրանցից մեկն օրինակ այն է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի բռնկումը լրջագույն հարված կարող է լինել Հայաստանի ռազմա-տեխնիկական մատակարարման գործընթացին, եթե հաշվի առնենք, որ այդ հարցում Երևանի առանցքային գործընկերը վերջին տարիներին դարձել է Հնդկաստանը՝ մի շարք օբյետիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
Իրանի դեմ պատերազմը, և առավել ևս պատերազմը Մերձավոր Արևելքի մեծ ընդգրկումով, ըստ էության լրջորեն կարող է խաթարել այն լոգիստիկան, որ Հայաստանի համար որոշակի բարդություն է ենթադրում անգամ խաղաղ պայմաններում: Պատերազմի պարագայում այդ խնդիրները կարող են ավելանալ մի քանի անգամ:
Հետևաբար, բոլոր իմաստներով, Հայաստանի համար առանցքային է, որ պատերազմն Իրանի դեմ դադարի օր առաջ: Թե դիվանագիտական նախաձեռնություններից հատկապես, որի շնորհիվ դա տեղի կունենա, իհարկե երկրորդական հարց չէ, որովհետև յուրաքանչյուր նախաձեռնություն իր մեջ պարունակում է բնականաբար աշխարհաքաղաքական շահերի և ռազմավարությունների համախումբ, և առաջարկների «մրցակցության» հանգամանքը ենթադրում է հենց աշխարհաքաղաքական ռազմավարությունների մրցակցություն: Իսկ այդտեղ անկարեւոր դետալներ գրեթե չկան:
Ավելին, այդտեղ կան ոչ միայն հնարավորություններ, այլ կարող են լինել Հայաստանի համար անգամ նոր մարտահրավերներ: Բայց, բոլոր դեպքերում, պատերազմի դադարեցման հնարավոր էֆեկտը Հայաստանի համար, թերևս, աներեր անհրաժեշտություն է, անկախ, թե դիվանագիտական, որ նախաձեռնության շրջանակում այն կարող է դառնալ իրականություն, եթե իհարկե՝ կարող է:
Իհարկե, այստեղ հարկ է նկատել, որ այդուհանդերձ, համախառն ռեսուրսային կենսունակությամբ, անկասկած, արդյունավետության առավել մեծ հեռանկար կարող է ունենալ ԱՄՆ, Չինաստանի ու Ռուսաստանի փոխհամաձայնությունը: Ավելին, դա կարող է նաև Հայաստանի համար լինել առավել հարմարավետ աշխարհաքաղաքական ռեժիմ, առնվազն հարաբերականորեն:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը «քայլելու է թուրքական դիվանագիտության ականապատ դաշտում»
Կապ չունի՝ խոսքը Եկեղեցու՞, թե՞ գործարարի նկատմամբ «քաղաքական հալածանքների» մասին է
Ընտրությունից առաջ Սուրեն Պապիկյանի դիրքերի թուլացում ՔՊ-ում