Ծուռ հայելիների երկիր Հայաստանում վերջին օրերին երկու հիմնական օրակարգ էր քննարկվում, մեկը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու իր խմբակի հարձակումներն ու պղծող հայտարարությունները, մյուսը Սամվել Կարապետյանի կալանավորումը: Այս երկուսը ընդհանուր առմամբ մեկ օրակարգում են տեղավորվում, և հանրությունը շունչը պահած սպասում է զարգացումներին:
Բայց ինչ է կարևոր այս տեղեկատվական կեղտոտ աղմուկի մեջ հիշեցնել, հատկապես, երբ հասարակությունը նույն Նիկոլից կամ նրան ծառայող արթուրհովհաննիսյաններից, արսենթորոսյաններից, վահագնալեքսանյաններից ամեն օր լսում է անուններ, որոնցով փորձում են հոգևորականների դերը նվազեցնել ու նսեմացնել՝ անընդունելի ու անհարիր պիտակավորումներով դրանք հրամցնելով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ ոչ միայն հոգևոր, այլև հասարակական և քաղաքական կյանքում կարևոր դեր է ունեցել։ Եկեղեցու առաջնորդները՝ կաթողիկոսն ու եպիսկոպոսները, հաճախ եղել են ոչ միայն հավատքի, այլև ազգային ինքնության, պետականության և հասարակական կյանքի կարևոր դերակատարներ։
Չնայած հոգևոր կոչումներին, եպիսկոպոսներն ու կաթողիկոսը պետական փաստաթղթերում, այդ թվում՝ անձնագրում, գրանցված են իրենց ծննդականի (ավազանի) անունով, այլ ոչ թե հոգևոր անունով կամ կոչումով։ Այսինքն՝ նրանց անձնագրում նշվում է այն անունը, որով նրանց կոչել են ծնվելու պահին, իսկ հոգևոր կոչումները, անունները՝ Գարեգին, Բագրատ (օրինակ՝ Վեհափառ, Սրբազան) իրավական ուժ չունեն քաղաքացիական փաստաթղթերում։ Անունը փոխելու համար գործում է օրենքով սահմանված հատուկ կարգ, և միայն պետական գրանցումից հետո է հնարավոր անձնագրում փոփոխություն կատարել:
Սա նշանակում է, որ հոգևորականներն իրենց քաղաքացիական անուններով են ճամփորդում, գործարքներ անում, ինչու չէ նաև՝ գնում ընտրության՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։ Եվ այստեղ է հենց տարբերությունը պետական իշխանության և հոգևոր իշխանության։ Քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը կարող է գնալ և քվեարկել ում կուզենա, իսկ իշխանության բուրգի ամենաբարձր աստիճանում գտնվողն իրավունք չունի խառնվելու բարձրադաս հոգևորականության ընտրության գործընթացին։
Ընդ որում՝ դա ամրագրված է օրենքով։ Իսկ մեր օրերում ինքնահռչակ բարեպաշտ քրիստոնյաներն անխնա անցնում են քրիստոնեական արժեհամակարգի կարմիր գիծը՝ «Մի դատիր, որ չդատվես» -ը, դրան գումարած նաև Նոր Կտակարանից հայտնի, համամարդկային բարոյական սկզբունք հանդիսացող Հիսուսի խոսքերը․ «Ձեր միջից ով անմեղ է, թող առաջինը նա քար նետի»։ Այս խոսքերն արտաբերելու պահին քար նետող չեղավ, իսկ հիմա սպասում ենք քարերը հավաքելու ժամանակին։
Բաց մի թողեք
Թրամփը ժամանակ է տալիս Իրանին բանակցությունների համար
Եվրոպական եռյակն ու Իրանը, ինչ սպասել
Ի՞նչ իրավիճակ է Թեհրանում․ Իսրայելի հարվածները նպատակ ունեն քանդել Իրանում Խամենեիի իշխանության հիմքերը