Ձերբակալվել է Տաթև համայնքի վարչական ղեկավարը՝ Գոռ Մինասյանը:
Նրա ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այդ միջադեպի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Վարուժան Մարտիրոսյանի աղջիկը: Ժամեր անց բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա որդին, որը ևս ծեծված է եղել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Մարի Թևոսյանը ներկայացրել է կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը: Ըստ նրա՝ իրականում ամեն ինչ սկիզբ է առել 2023 թվականի հոկտեմբերից, երբ ինքը, Տաթև վարչական շրջանի ղեկավար Գոռ Մինասյանը և վերջիններիս հարազատները հաղորդագրություններ են ստացել ինչ-որ անձանցից։
«2023 թվականին ես կրթական ծրագրով պետք է մեկնեի Գերմանիա, սակայն գիշերը անծանոթ համարից սեռական հայհոյանքներ պարունակող հաղորդագրություններ ստացա և չմեկնեցի, եկա Երևան և հաղորդում ներկայացրի ոստիկանություն, բայց հույս չունեի, որ գործը կբացահայտվի։ Նման բնույթի նամակներ ուղարկվեցին նաև Գոռ Մինասյանին։ Երկու տարի է, որ այդ ամենը շարունակվում է. որոշակի օրեր է ընտրում հանցագործը և նամակները ուղարկում, նույնիսկ ուղարկվել է բանակում գտնվող իմ եղբորը։ Որոշ ժամանակ անց հետաքրքրվել էի՝ ինչ կա գործից, սակայն իրավապահները ոչինչ չէին կարողանում անել»,- ասում է նա:
Մարի Թևոսյանի խոսքով՝ ինքը իրավապահներին նաև կասկածյալների անուններ է ներկայացրել, թե ովքեր կարող են հաղորդագրություններն ուղարկել:
«Իմ ներկայացրած կասկածյալներին չեն հրավիրում հարցաքննության, փոխարենը որոշ ժամանակ անց ինձ հետ կապ է հաստատում մի կին ու ասում, որ ուզում է հանդիպել, հանդիպում ենք, ասում է՝ այլևս չի կարող այս ամենը պահել, ճիշտ է, ինքն էլ է թաթախված այս գործում, բայց ուզում է ասել, թե ովքեր են այդ ամենի հեղինակները, ու տալիս է Մարո և Կարո Մարտիրոսյանների անունը։ Ես պատասխանում եմ՝ լավ, գնում ենք, դու ցուցմունք ես տալիս Քննչականում։ Քանի որ նրան հանդիպմանը իր ամուսինն էր բերել մեքենայով, նստում ենք իրենց մեքենան, որ գնանք։ Ճանապարհին հայտնվում է Մարո Մարտիրոսյանը, ինձ տեսնում է, հասկանում է՝ ինչ է կատարվում։ Մենք մեր մեքենայով շարժվում ենք, Մարոն հետևներիցս գալիս է»,- պատմում է նա:
Այնուհետև ըստ Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Մարի Թևոսյանի՝ ճանապարհին մեքենայով հանդիպում են նաև Գոռ Մինասյանի ընկերներից մեկին՝ Գևորգին, և ինքը նրան իրազեկում է, թե ինչ է տեղի ունենում, Գևորգը պատասխանում է՝ չի թողնի, որ Մարո Մարտիրոսյանը որևէ բան ձեռնարկի. «Երբ տվյալ կնոջ հետ հասնում ենք Քննչական, դուրս գալիս տեղեկանում եմ, որ դեպք է պատահել. Մարոն ու Գևորգը մեքենայով իրար են հարվածել, վիճաբանություն է տեղի ունեցել երկուսի միջև, ու այդ աղջկան մեքենայով տեղափոխում են հիվանդանոց։ Ինձ հետ եղած կնոջ ամուսինը զանգում է հիվանդանոց, Մարոյից է հարցնում, ասում են՝ վիճակը նորմալ է, բայց աղջկան ծնողներն ուզում են տեղափոխել Երևան, չնայած դրա կարիքը չկա, բժիշկն ասել է՝ կարող եք ձեր մեքենայով տեղափոխել, իրենք պնդել են, որ շտապօգնության մեքենայով տեղափոխեն։ Քննիչները այդ դեպքի մասով հարցաքննություն են վերցնում, Գոռն էլ այժմ ձերբակալված է»։
Մարի Թևոսյանը կարծում է, որ իրենց հասցեագրված նամակների միակ նպատակը եղել է իր և Գոռ Մինասյանի հեղինակության հետ խաղալը. «Ես այդտեղ քաղաքական դրդապատճառներ եմ տեսնում։ Վարուժանը 2021 թվականին վեց ամսով եղել է Տաթև համայնքի ղեկավարի տեղակալը, 1996-2005-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եղել է Տաթև գյուղի գյուղապետը»։
Նշենք, որ Մարի Թևոսյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հոգեկան ներգործությունը):
Բաց մի թողեք
ՀՅԴ և «Սրբազան պայքար»-ի մասնակիցների են ձերբակալում
Գյումրիում մեծ ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ․ Լուսանկարներ
Գյուղապետը ծեծել է մի կնոջ, իսկ արդեն Երևանում վերջինիս եղբորն են ծեծել, պայքարում են նրանց կյանքի համար