02/07/2025

Ադրբեջանն Իսրայելի հետ ռազմավարական դաշնակից է, «Մոսադի» գործակալները Բաքվում իրենց զգում են՝ ինչպես տանը

Կարելի է համեմատական վստահությամբ ասել, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ակտիվ փուլն ավարտված է:

«Անակնկալները», իհարկե, չեն բացառվում, բայց երևի Իրանի տարածքի լայնածավալ ռմբակոծությունները կդադարեն, իսրայելական քաղաքներում բնակիչներն ռմբապաստարաններից տուն կվերադառնան: Եթե, իհարկե, դրանք փլատակների վերածված չեն գտնի:

Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի մեկնաբանի գնահատմամբ՝ պատերազմից ամենատուժածն իրանական ընդդիմությունն է, որին թվացել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելն իրոք նպատակադրվել են տապալել կրոնապետությունը: Նա համոզված է, որ շուտով իրանական ռեժիմը կանցնի «պատժիչ գործողությունների»:

Մինչ այդ, սակայն, նա կարծիք է հայտնում, որ տասներկու օր տևած ռազմական գործողություններն իրականում դեկորացիա էին Մերձավոր Արևելքի համար, որտեղ բոլորը ձգտում են բոլորին խաբել:

Եթե խոսքը վերաբերում է իրանական ընդդիմության խաբվածությանը, ապա այդ հարցում առաջին խաբող պետք է ճանաչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նա է ամեն դեկտեմբերի 31-ին ուղերձով դիմել աշխարհի ադրբեջանցիներին և միասնության ու ազգային համերաշխության կոչ արել:

Գրեթե բոլոր փորձագետները միշտ պնդել են, որ Իրանում վարչակարգի փոփոխության ազդակ կարող է տալ մոտ քսան միլիոն թուրքախոս բնակչությունը՝ բարձրացնելով ազգային ինքնորոշման հարց։

Իսրայելը մոտ տասը օր դաժան ռմբակոծություններ է ենթարկել Ատրպատականի թուրքախոս շրջանները, հատկապես Թավրիզ, Արդեբիլ և Ումրա քաղաքները, բայց տեղի բնակչությունը հակակառավարական որևէ գործողության չի դիմել:

Ադրբեջանն Իսրայելի հետ ռազմավարական դաշնակից է, «Մոսադի» գործակալները Բաքվում իրենց զգում են՝ ինչպես տանը: Հարց է՝ Ադրբեջանն Իսրայելին հավաստիացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Թավրիզը ոտքի կկանգնի՞, աջակցություն է խոստացել, բայց գործնականում ոչինչ չի՞ արել, թե՞ «բաժանված ազգի միավորման իղձը» Բաքվի հնարածն է, իրականում Իրանի թուրքախոս շրջանները կրոնապետությանը հավատարի՞մ են:

Տասներկու օր տևած պատերազմին Ադրբեջանի ներգրավվածության մյուս հավանականությունը վերաբերում է Իրանի դեմ իսրայելական անօդաչուների և կործանիչների համար հարթակ և օդային միջանցք ստեղծելու մասին տեղեկություններին:

Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա ստացվում է, որ Բաքուն խաբել է Թեհրանին՝ բարձր մակարդակով հավաստիացնելով, որ Ադրբեջանի տարածքը երբեք Իրանի դեմ չի օգտագործվի:

Ստացվում է, որ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ Իսրայելին ապակողմնորոշել է՝ նրան խոստանալով Իրանի դեմ հարձակման դեպքում Թավրիզում «երկրորդ ճակատ բացել», մյուս կողմից էլ Թեհրանին է ստել՝ «եղբայրաբար երդվելով», որ Իսրայելին օդային միջանցք և ԱԹՍ-երի արձակման հարթակ չի տրամադրի:

Պատերազմից հետո, ինչ խոսք, իրենց վրիպումները, բացթողումները, հաշվարկներում թույլ տված սխալները վերլուծելու, ստեղծված իրավիճակը վերագնահատելու է թե Իսրայելը, թե Իրանը: Մեծ հաշվով նրանք եթե չեն պարտվել, ապա հաստատ չեն հաղթել:

Եվ եթե ամեն ինչ հենց միմյանց միջև գաղտնի պայմանավորվածությունների դրսեւորում չէ, ինչին շատ դժվար է հավատալ, ապա չոր արդյունքում մնում է այն, որ երկուսն էլ Մերձավոր Արևելքի նոր իրավիճակին հարկադրված են ադապտացվել ավելի թույլ ուժերով, քան մինչ հունիսի 13-ն ունեին:

Հարց է, թե ո՞ր կողմում է Ադրբեջանը կամ ո՞ր կողմում կգտնվի՝ խաբողների՞, թե՞ խաբվածների: Կարծես թե ստույգ է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները մի աստիճանով ցածրանալու են:

Իսրայելի վարչապետն ասել է, որ պատերազմից հետո «Աբրահամի ուխտի» աշխարհագրությունն ընդլայնվելու է: Ադրբեջանը կմիանա՞ այդ համաձայնագրին: Հայ-իսրայելական «վերբեռնում» սպասելի՞ է: