Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի կոալիցիոն գործընկեր Բահչելին անցկացրել է խորհրդարանական խմբակցության նիստ և հայտարարել, որ «տխմարություն կլիներ հավատալ, որ Թեհրանի և Բաղդադի, հարևան այլ մայրաքաղաքների վրա նետած ռումբերը չեն վնասի Անկարային»:
Նրա գնահատմամբ, հարձակվելով Իրանի դեմ՝ Իսրայելը փորձել է քողարկել Գազայի ցեղասպանությունը և ձախողել «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» գործընթացը, ծրագրել է հարևան աշխարհագրական տարածքները վերակազմավորել և դասակարգել ըստ սիոնիստական-իմպերիալիստական գործառույթների, սերմանել վախ, աշխարհագրությունը գլխիվայր շրջել և ստիպել, որ մարդիկ մոռանան կայունության և խաղաղության մասին»:
Տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը փոխելու մտադրության մեջ Իսրայելին բազմիցս մեղադրել է նաև Թուրքիայի նախագահը, իսկ այդ ընդհանուր ձևակերպումների «գաղտնիքը բացահայտում են» թուրք վերլուծաբանները:
Նրանք պնդում են, որ Իսրայելը «տարածաշրջանում քրդական պետություն ստեղծելու ծրագիր ունի»: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի քրդական փաստացի ինքնավարությանը, որի առաջնորդները թեև Դամասկոսի հետ ֆորմալ համաձայնագիր են ստորագրել, փաստացի պահանջում են ինքնակառավարման ճանաչում:
Իրանի դեմ Իսրայելի հարձակման սկզբից թուրքական մամուլն ահազանգել է, որ իրանական Քրդստանի կամավորումները «պատրասվում են գրավել թուրքաբնակ շրջանները»: Այդ օրերին Թուրքիայի պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը, ցամաքային և ռազմաօդային ուժերի հրամանատարները Վանում խորհրդակցություն են անցկացրել, այցելել Իրանի հետ սահման և մարտական թիվ մեկ պատրաստության հայտարարել:
Թուրքիայում ի՞նչ է տեղի ունեցել: Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Ստամբուլում, Անկարայում և երկրի քառասուն այլ բնակավայրերում Թուրքիայի ոստիկանությունը և անվտանգության ուժերը զանգվածային ձերբակալություններ են իրականացրել: Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ավելի քան երկու հարյուր հոգի, որից հարյուր հիսունմեկը՝ զինվորական:
Թուրքական մամուլի տեղեկացվածությամբ՝ ձերբակալված զինվորականների թվում են տասնյակ գնդապետներ, միջին սպայական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ պայմանագրայիններ: Ըստ տեղեկությունների՝ նրանք կասկածվում են «Feto» կառույցին գաղտնի անդամակցության մեջ:
Խոսքը Ֆեթհուլլա Գյուլենի կրոնական կազմակերպության մասին է, որ Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կառույց: Էրդողանը 2016 թվականի «ռազմական հեղաշրջման փորձի» պատասխանատվությունը վերագրել է Գյուլենին, որ անցյալ աշնանը մահացել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իր առանձնատանը:
Անցած գիշեր իրականացված զանգվածային ձերբակալություններն, անկասկած, կապ ունեն իսրայելա-իրանական պատերազմի հետ: Եվ եթե զինվորականները կասկածվում են «գյուլենականության» մեջ, կարելի է ենթադրել, որ Էրդողանը սլաքներն ուղղում է ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների դեմ. թուրքական մամուլում վերջերս տեղեկություն է հայտնվել, որ Գյուլենի ԱՄՆ-ում բնակվող եղբայրը «վերականգնում է կառույցի անդամների կապերը»:
Չնայած հրապարակային ոգեւորությանը՝ Թուրքիայում PKK-ի լուծարումը, ռազմական կառույցների զինաթափումը մեծ դժվարություններ է հարուցել:
Իրանա-իսրայելական պատերազմը, երևի, ավելի է բարդացնելու «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագրի իրականացումը: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների, Թուրքիան հրապարակային հայտարարությամբ դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը: Թուրքիան փաստացի «տենդում է», որ կարող է Էրդողանին դրդել որևէ արմատական քայլի: Ըստ երևույթին, դա կարվի Դամասկոսի ուղղությամբ:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում