02/07/2025

Թրամփի նոր անելիքը, որ Հաագայում ՆԱՏՕ գագաթնաժողովի իր «ճակատամարտում» չստանա հարված թիկունքից

Կասկածից վեր է, որ իսրայելա-իրանյան պատերազմի դադարից հետո իրավիճակը բոլորովին չի վերադառնալու «ելման կետ»՝ թե՛ ռազմա-տեխնիկական, թե՛ քաղաքական իմաստով: Պատերազմը դադարել է, ու պետք է հուսալ, որ այդ դադարի կլինի հաստատուն ու երկար:

Իհարկե, սա ամենևին չի նշանակելու իրանա-իսրայելյան հակամարտության լուծում: Սա նույնիսկ Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծում չէ: Հակամարտությունն ու մնացյալ խնդիրները մնալու են, պարզապես փոխվում է դրանց հանդեպ դիրքավորումների միջավայրը:

Ինչպես է այն փոխվում, առայժմ ասել հնարավոր չէ, քանի որ այդ ամենն առավել տեսանելի կդառնա ժամանակի ընթացքում՝ առանցքային դերակատարների վարքագծի համատեքստում: Կա այստեղ շատ հատկանշական մի հանգամանք:

Պատերազմը կանգնում է Հաագայում մեկնարկող ՆԱՏՕ գագաթնաժողովի շեմին: Անկասկած է, որ գագաթնաժողովի ընթացքում շարունակվելու պարագայում, իսրայելա-իրանյան պատերազմը, անշուշտ, լինելու էր գագաթնաժողովին առանցքային թեման:

Ասել միարժեք, որ հիմա ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվելու է Ուկրաինան, թերևս հնարավոր չէ, բայց կստեղծվի, ըստ ամենայնի, երկակի վիճակ: Ինքը՝ Ուկրաինան, ձգտելու է լինել ուշադրության կենտրոնում:

Ընդ որում՝ այդ հարցը լուծելու համար նույնիսկ կարող են արվել որոշակի էպատաժային քայլեր: Չնայած Իրանի դեմ պատերազմի դադարին՝ ինֆորմացիոն ֆոնը, անշուշտ, շարունակում է պահպանվել: Հետևաբար, այստեղ Կիևի համար կա խնդիր: Ինչն է այս հարցում առանցքայինը:

Ուկրաինայի թեմայի առաջնայնության գլխավոր շահառուն կլինեն Եվրամիության երկրներն ու Բրիտանիան: Նրանք կփորձեն այդ թեման առաջ մղել Թրամփի հետ իրենց դիմակայության շրջանակում, որ ծավալվում է այդ թվում եվրոպական անվտանգության ճարտարաապետության հեռանկարների, դրանցում ՆԱՏՕ դերի առումով:

Հարկ է նկատել մի էական հանգամանք: Հասնելով կրակի դադարեցման Իրանի և Իսրայելի պատերազմում՝ Թրամփը ՆԱՏՕ գագաթնաժողովին է ժամանում ավելի ինքնավստահ: Դրան են, թերևս, միտված նրա հայտարարությունները, որ իր գործողություններով հասել է պատերազմի դադարեցման: Թրամփը փորձում է ներկայանալ հաղթող՝ այդ կարգավիճակով ներկայանալ Հաագա:

Եվրոպացիները այստեղ կարող են նրան հակադրել մի բան՝ Ուկրաինա: Թեև Թրամփը ունի գուցե նաև մտավախություն, որ հնարավոր է որևէ «անակնկալ» իրանա-իսրայելյան ուղղությամբ: Դրանով էր, թերևս, պայմանավորված հրադադարի խախտման մասին տեղեկությունների ֆոնին նրա հատու կոչն Իսրայելին՝ չթիրախավորել Իրանը:

Թրամփը հայտարարել էր, թե դժգոհ է Իրանից ու Իսրայելից՝ այդ տեղեկությունների ֆոնին, բայց առավել դժգոհ է Իսրայելից: ԱՄՆ նախագահի մտավախությունը, ըստ երևույթին, այն է, որ Հաագայում ՆԱՏՕ գագաթնաժողովի իր «ճակատամարտում» չստանա հարված թիկունքից: Տվյալ պարագայում, սակայն, Թրամփը ունի երկու «թիկունք» այդ իմաստով՝ Մերձավոր Արևելք ու Ուկրաինա: