Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավելի քան կեսամյա իղձը, ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթաժողովի մեկնարկից առաջ Սպիտակ տան «տեր» Դոնալդ Թրամփը նրան ընդունելության է արժանացրել:
Հանդիպումը, դատելով թուրքական կողմի պաշտոնական աղբյուրների տարածած լուսանկարից, տեղի է ունեցել Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի և նրա տիկնոջ անունից Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքից հետո՝ «ինչ-որ կողասրահում»:
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության գրասենյակի տարածած հաղորդագրության, կողմերը «քննարկել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր»:
Աչքի է զարնում Թուրքիայի նախագահի դիվանագիտական խոսույթի տոնայնությունը: Նա Դոնալդ Թրամփին «երախտագիտություն է հայտնել Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հասնելու համար և ցանկություն հայտնել, որ այն մշտական լինի»:
Էրդողանը խոսել է նաև «Գազայում մարդասիրական աղետին շուտափույթ վերջ տալու և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը խաղաղ կարգավորելու համար սերտ երկխոսության մասին»: Ինչպես տեսնում ենք, Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանն Էրդողանը Գազայում իրավիճակը՝ «ցեղասպանություն», իսկ Իրանի դեմ Իսրայելի հարձակումներն՝«ավազակություն» չի անվանել:
Էրդողանը քաղաքական նորելուկ և, մանավանդ, պրոֆան չէ և գերազանց գիտի, որ Գազայում և Իրանի դեմ պատերազմում Իսրայելն ունի Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը, որ Դոնալդ Թրամփը Միջազգային քրեական դատարանի անդամներին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել, եթե նրանք Նաթանյահուի դեմ վարույթ սկսեն, ուստի ԱՄՆ նախագահի հետ երկխոսության ժամանակ պարտադրված է «լեզուն ատամների տակ պահել»:
Փոխարենը նա կարողացել է հասնել նրան, որ մինչ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն պանելային քննարկում է կազմակերպել և կարևորել Դաշինքի զորացման ծրագրում Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի հետ եվրոպական երկրների ինտեգրացիայի բացառիկ կարևորությունը:
Ռյուտեն նույնիսկ եվրոպական որոշ երկրների հորդորել է Թուրքիայի ռազմաարդյունաբերության առջև «արգելքներ և խոչընդոտներ չհարուցել»:
ԱՄՆ նախագահի հետ զուտ աշխատանքային, հայկական չափանիշներով ասած՝ «ոտքի վրա» հանդիպմանը նա այդ հնարավորությունը շատ նրբանկատորեն ներկայացրել է նաև երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ծավալները 100 միլիարդ դոլարի հասցնելու մտադրության տեսքով՝ առանձնացնելով նաև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը:
Ընդ որում, Էրդողանը շեշտել է, որ դա թույլ կտա «ամրապնդել ՆԱՏՕ-ի զսպման կարողունակությունը»:
Թուրքական մամուլն ուշադրություն է սևեռել արձանագրված փաստի վրա, Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպման է գնացել փակ ծրարով: Ըստ երևույթին, հիմնական ասելիքը շարադրված է գրավոր, և նա այդ ուղերձը հանդիպման ավարտին փոխանցել է Դոնալդ Թրամփին:
Տպավորություն է, որ արարողակարգն աշխատել է այնպես, որպեսզի Միացյալ Նահանգների և Թորքիայի նախագահները Հաագայում շփման առիթներ ունենան: Նիդեռլանդների թագավորական զույգի կազմակերպած պաշտոնական ընթրիքից առաջ լուսանկարում նրանք կողք-կողքի են, տարածված տեսագրությունից երևում է, որ Թրամփը և Էրդողանը բավական ջերմ ձեռքսեղմում են ունենում:
Իսկ Գազայում «ցեղասպանության» և Իրանի դեմ Իսրայելի «ավազակային հարձակման» մասին կարելի է խոսել տանը կամ ավելի սուր բնորոշումներ հնչեցնել կոալիցիոն գործընկեր, ծայրահեղ ազգայնական Բահչելիի միջոցով: Թուրքիայի համար այս փուլում գերխնդիր է ինտեգրվել ՆԱՏՕ-ի զինանոցի արդիանացման և մեծացման եվրոպական ծրագրին:
Դա և աշխատատեղեր ստեղծելու, և հավելյալ ներքին արժեք գեներացնելու, և տեխնոլոգիական առաջընթացի մասնակից լինելու, իսկ ամենակարևորը՝ Մերձավոր Արևելքում ուժեղ և ինքնաբավ լինելու հնարավորություն է: Այն իրացնելու համար նույնիսկ արժե ԱՄՆ նախագահի կողքին փոքր ինչ «ամոթխած» և «շփոթված» ներկայանալ:
Բաց մի թողեք
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում
Մոսկվան Բաքվի արցունքներին ու խոսքերին չի հավատում, բայց միշտ խաբվում է տեղին
Թրամփին արդյոք հաջողվել է վերջնականապես փակել Իրանի հարցը