02/07/2025

Ինչպե՞ս է Թրամփը «կառավարելու» Ռուսաստանի հավակնությունները, երբ նրա առջև հիմա էլ բացում է Եվրոպայի դռները

Բրիտանական Telegraph-ը հրապարակել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեն, որի առավել առանցքային դրույթները թարգմանաբար ներկայացրել է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը:

Ըստ այդմ, «դաշինքի անդամները համաձայնել են մեղմել Ռուսաստանի հասցեին իրենց հռետորաբանությունը»: Փաստաթղթում խոսք կա Ուկրաինային աջակցությունը շարունակելու մասին, բայց «Մոսկվայի գործողությունների մասին հիշատակում չկա»:

Պարզ ասած՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու մեղադրանք չի ներկայացրել, ինչպես նաև չի հիշատակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որևէ հեռանկար:

Սա այն է, ինչ Հաագայի գագաթաժողովից առաջ որպես հրադադարի հաստատման գլխավոր նախապայման հնչեցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են 2035 թվականին ռազմական ծախսերը հասցնել տարեկան ՀՆԱ-ի 5 տոկոսին: Այս պահանջն, ինչպես հայտնի է, ներկաայցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դաշինքի գագաթաժողովը որոշել է ռազմական ծախսերի բալանսը և աճի դինամիկան վերանայել արդեն 2029 թվականին, հաջորդ գագաթաժովի վայր է ընտրվել Թուրքիան:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ամփոփիչ փաստաթղթում տեղ է գտել այսպիսի դրույթ: «Դաշնակիցները վերահաստատում են Ուկրաինային աջակցության սուվերեն պարտավորությունները և ուկրաինական պաշտպանության նպատակներով կկատարեն նրա պաշտպանության և ռազմաարդյունաբերության նպատակի ուղղակի վճարումներ՝ անդամ պետությունների ռազմական ծախսերի հաշվառմամբ»:

Այս փաստաթուղթն, ըստ էության, կարելի է անվանել Թրամփ-Պուտին «Հաագայի գործարք»: Միացյալ Նահանգների նախագահի Հաագա մեկնելուց առաջ, ինչպես արևմտյան աղբյուրներն են վկայել, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական մի շարք երկրներ տագնապած էին, որ Թրամփը «կարող է լուծարել» Հյուսիս-ատլանտյան դաշինքը:

Թուրքական մամուլը փոխանցում է Միացյալ Նահանգների նախագահի ռեպլիկը: «Մեզ հետ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կլինի»:

Ասվածից կարելի է հասկանալ Թրամփի գլխավոր ուղերձը: «Միացյալ Նահանգներն ուժեղ է նաև առանց ՆԱՏՕ-ի, իսկ ՆԱՏՕ-ն առանց մեզ չափազանց թույլ է»: Այստեղ, ըստ էություն, որևէ նորություն չկա:

Եվրամիությունը տասնամյակներ ի վեր ապավինել է ԱՄՆ հովանավորությանը եւ այսօր հարկադրված է ընդունել Թրամփի քաղաքական նախապայմանները, միայն թե ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ միայնակ չմնա:

ԱՄՆ նախագին, երևում է, հաջողվել է «կոտրել» Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դիմադրությունը: Հարցն այժմ, ամենայն հավանականությամբ, այն է, թե ինչպե՞ս է նա «կառավարելու» Ռուսաստանի հավակնությունները: Ուկրաինայի առջև ՆԱՏՕ-ի դռները դարձյալ փակ մնացին: Իսկ Եվրոպայի դռներն Ռուսաստանի առջև բացվու՞մ են: