03/07/2025

Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է ընդդիմության դիմադրունակության աստիճանը

Նախօրեին «հեղաշրջման պլանի» բացահայտման մասին ազդարարելուց հետո, Նիկոլ Փաշինյանը այսօր իրավապահների միջոցով մի շարք գործողություններ է իրականացրել ընդդիմադիր շրջանակներում, իրականացրել է ձերբակալություններ, այդ թվում՝ Բագրատ սրբազանի, և հայտարարել՝ իր բնորոշմամբ «քրեաօլիգարխիակղերական հեղաշրջում» կանխելու մասին:

Քննչական կոմիտեն հրապարակել է Բագրատ Գալստանյանի և ընդդիմադիր ակտիվիստների, ֆունկցիոներների խոսակցության ձայնագրություններ, որպես «հեղաշրջման պլանի» ապացույց:

Ում համար են դրանք համոզիչ, իսկ ում համար՝ ոչ, և ընդհանրապես ինչպիսին է այդ ամենի վերաբերյալ հանրային լայն վերաբերմունքը, դեռ պետք է հասկանալ: Սակայն անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես քարոզչական էֆեկտի համար չէ, որ կարող էր գնալ այդպիսի գործողությունների:

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է ընդդիմության դիմադրունակության աստիճանը: Առջևում ընտրություն է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մեղմ ասած լավ վիճակում չէ, իհարկե, ավելի լավ վիճակ չէ ընդդիմության վարկանիշի առումով, բայց այդուհանդերձ այդ պատկերը ավելի բարդացնում է Փաշինյանի խնդիրները:

Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ Երևանը կանգնած է մինչև խորհրդարանի ընտրություն կարևոր քաղաքական որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ: Հայաստանն ակնկալում է, որ մինչև ընտրություն կստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, որը հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը որպես խաղաղության օրակարգի կոնկրետ արդյունք:

Երևանն ակնհայտորեն այդ հարցում Ադրբեջանին ստորագրման բերելու առումով ակնկալիքներ ունի նաև Թուրքիայից:

Թուրքիան ու Ադրբեջանն իրենց հերթին բնականաբար փորձելու են Երևանի այդ ակնկալիքը արդարացնել հնարավորինս մեծ քաղաքական գնով և ամենևին բացառելի չէ, որ մինչև ընտրությունն էլ Երևանին հարկ կլինի կայացել քաղաքական որոշումներ, որոնք կարող են և չլինել պոպուլյար:

Ըստ այդմ, ներքին կոշտ գործողություններով Նիկոլ Փաշինյանը կամ փորձում է առաջացնել այսպես ասած հակազդեցություն և այդ կերպ գտնել լուծումներ արտաքին մանեւրների համար, կամ փորձում է ապահովել ոչ պոպուլյար լուծումների կայացման և «իմպլեմենտացման» համար:

Այստեղ սակայն հարցն այն է, թե ինչ է ուզում կամ ինչ չի ուզում ընդդիմությունը:

Կլինի՞ հակազդեցություն, թե՞ ընդդիմությունը չի ուզում պատասխանատվություն ստանձնել արտաքին այն օրակարգի ու միջավայրի համար, որ կա Նիկոլ Փաշինյանի շուրջ և լինելու է նրա տեղում հայտնվող որևէ ուժի առաջ: