«2018-ի սեպտեմբերից Հայաստանն արդեն զավթված է մեր թշնամի պետությունների եւ կենտրոնների կողմից, բայց զավթված է ներսից, քանի որ այդ մարդկանց հավաքագրել են տասնյակ տարիների աշխատանքի արդյունքում ու քանի որ տեսել են՝ դրսից զավթելը հնարավոր չէ, դրա համար զավթել են ներսից»,- Հրապարակ թերթի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ու արձագանքում երեկ վաղ առավոտից սկսված իրավապահների գործողություններին եւ իբրեւ թե իշխանությունը զավթելու Փաշինյանի բնորոշած` «քրեաօլիգարխիակղերական խոշոր ու եղկելի պլանի» բացահայտմանը:
«Դատապարտում եմ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մենք գտնվում ենք իրապես շատ դժվարագույն ժամանակներում: 2018-ից Հայաստանը զավթված է, եւ, այսպես ասած` օրվա իշխանությունը բնավ Հայաստանի իշխանությունը չէ՝ այն առումով, որ այն չի կոչվում եւ չի էլ հավակնում կոչվելու ազգային իշխանություն կամ պաշտպանել ազգային շահերն ու պետական անվտանգությունը: Եվ, դատելով արդյունքներից, կարող եմ ասել, որ ներկա իշխանության եկած թիմը սպասարկում է հայերի հանդեպ ցեղասպանական թուրք-ադրբեջանական քաղաքականությունը: Ավելին` այն, ինչ այսօր է կատարվում, դեռ ծաղիկներն են, եւ պետք է սպասենք, թե դրանք ինչ պտուղներ են տալու…»,- ցավով եւ մտահոգությամբ արձանագրում է իրավապաշտպանը:
«Ինքն իր թիմով եկել է 2 միասնական խնդիր լուծելու. Արցախն օր առաջ հանձնելու Ադրբեջանին եւ Հայաստանը դարձնելու Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ, ինչը կարծես թե ինքը չի էլ թաքցրել: Հիմա ես այլեւս խնդիրը չեմ տեսնում մեր իշխանության մեջ, ես խնդիրը տեսնում եմ մեր հասարակության, մասնավորապես` իրական վերնախավի մեջ, որը չի կարողանում միավորվել: Եկեք խոստովանենք, որ անգամ այս յոթ` Հայաստանի համար ամոթալի տարիներին նույնիսկ միասնական փորձագիտական հարթակ չստեղծվեց, էլ ինչո՞ւ ենք կոչ անում, որ ժողովուրդը միավորվի, կամ կուսակցությունները միավորվեն: Ես գիտեմ, որ կան իրապես շատ բարձր ինտելեկտուալ մարդիկ, ինչո՞ւ չեն միավորվում, եւ ինչո՞ւ մինչ այսօր Հայաստանը չունի ռազմավարություն մոտակա 100 տարվա համար, լավ` չսովորեցինք հրեաներից, ինչո՞ւ գոնե թուրքերից չենք սովորում, եթե ազգը չունի ռազմավարություն՝ գոնե կարճաժամկետ 100 տարվա համար, նա դառնում է տարածք, որի հաշվին խոշորներն օգտվելու են եւ ամեն ինչ անելու են, որպեսզի պետության ֆիզիկական ոչնչացումից բացի նաեւ պետականորեն ոչնչացնեն ազգը»:
Անդրադառնալով Փաշինյանի վերջին շաբաթների գրառում-հայտարարություններին՝ Լ. Ալավերդյանը դրանք համեմատում է դեղին մամուլի հետ. «Այդ անձնավորության վերջին հայտարարությունները խոսում են նրա մասին, որ ինքն ուղղակի դեղին թերթիկի լրագրողից այն կողմ չի անցել: Նրա բոլոր հայտարարությունները հարիր չեն անգամ ամենափոքր մի պետության ղեկավարին, հիմա այն, ինչ ինքը հայտարարում է, ճշմարտորեն զգում է այն կետերը, որտեղից իրեն սպառնում են` թուրք-ադրբեջանական ծրագիրը չսպասարկելու եւ չիրականացնելու համար»:







Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ