02/07/2025

Մակրոնը հիասթափվել է Փաշինյանից՝ սկսել է սիրաշահել Ալիևին, ինչ սպասել

Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Բուայոնը պաշտոնական հրավեր չի ստացել՝ մասնակցելու օրերս օկուպացված Արցախ կատարված այցին՝ դիվանագիտական կորպուսի մյուս ներկայացուցիչների հետ միասին. նախաձեռնությունն անձամբ իրենն էր՝ գրում է ադրբեջանական մամուլը։

«Սակայն ավելի հետաքրքիր է ոչ թե այցի փաստը, այլ՝ դեսպանի պահվածքը տեղում։ Բուայոնը լրագրողներին մոտեցել է առանց արարողակարգային ֆիլտրերի, կամավոր մեկնաբանություններ է տվել եւ հանկարծ դրականորեն է խոսել Ադրբեջանի կողմից Ղարաբաղում կատարված աշխատանքի մասին։

Ավելին, նա խոստովանել է, որ այժմ հասկանում է Շուշիի կարեւորությունը ադրբեջանական ժողովրդի համար»,- նշում է ադրբեջանական իշխանական քարոզչակայքերից «Մինվալ»-ը։

Բաքվում էլ են տարակուսած՝ ի՞նչ պատահեց Հայաստանի վաղեմի ու անխախտ բարեկամ Ֆրանսիայի հետ, եւ պնդում են. «Քաղաքական շրջադարձը կարող էր սկսվել դեռեւս մայիսին, երբ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Էմանուել Մակրոնն անսպասելիորեն մոտեցավ նախագահ Իլհամ Ալիեւին՝ ցուցադրելով այնպիսի վարքագիծ, կարծես երկարաժամկետ առճակատում ընդհանրապես տեղի չի ունեցել։ Կուլիսներում սա դիտվեց որպես հարաբերությունների «վերբեռնման» փորձի պատրվակ»:

Դեսպան Բուայոնի ուղերձները, ակնհայտորեն, իմպրովիզացված չէին՝ վստահ են հարեւան երկրում: Ադրբեջանական փորձագիտական հանրության շրջանում համոզված են՝ սրանք ազդանշաններ են, որոնք Փարիզը միտումնավոր է ուղարկում Բաքվին։ «Ի՞նչ է սա. նահա՞նջ, հռետորաբանության փոփոխություն, թե՞ տարածաշրջանում մեկուսացումից դուրս գալու փորձ «հայամետ կուրսի» ձախողումից հետո: Արդյո՞ք Փարիզը հասկացել է, որ Ադրբեջանի հետ առճակատման վրա խաղալը փակուղի է»։

Այս ամենը հետաքրքրական է նաեւ այլ դիտանկյունից: Հայտնի է, որ այս օրերին Բաքվում շարունակվում է լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի դատավարությունը: Հունիսի 24-ին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դատարանում ցուցմունք է հնչել, թե Ռայանն իբր Ֆրանսիային է փոխանցել Ադրբեջանի նավթի եւ գազի պայմանագրերի եւ զենքի մասին տեղեկություններ։

«Այս իրավիճակում դեսպան Բուայոնի բարեկամական հայտարարությունները Ֆրանսիայի հետ կապ ունեցող լրտեսական սկանդալի ֆոնին առնվազն երկիմաստ են թվում: Հնարավոր է՝ Փարիզը շտապում է հարթել հետեւանքները՝ նախքան իրավիճակը կվատթարանա»,- ենթադրում են Բաքվի իշխանամերձ փորձագետները։ Այս հարցերի պատասխանները մենք կլսենք մոտ ապագայում: Բայց միտումն արդեն ուրվագծվել է՝ նշում են նրանք։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում ընդգծված ու անթաքույց հակակրանք ունեն Ֆրանսիայի իշխանությունների եւ անձամբ Էմանուել Մակրոնի նկատմամբ՝ առաջին հերթին, իրենց պնդմամբ, հայամետ ու իբր հակաադրբեջանական դիրքորոշման համար: Ալիեւյան ռեժիմի կողմից Ֆրանսիայի եւ Մակրոնի նկատմամբ զրպարտչական ու շարունակական արշավն ուղեկցվում է ինչպես ղարաբաղյան պատերազմի համատեքստում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Փարիզի համանախագահությունը կանխակալ համարելուց, Արցախի 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանսիայի եւ անձամբ նախագահ Մակրոնի՝ Հայաստանին սատարող հայտարարություններից ջղաձգումների մեջ ընկնելուց մինչեւ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության հանդեպ հիվանդագին հիստերիայով:

Բայց որ բարեկամ Ֆրանսիայի վերջին քայլերը որոշակի տարակուսանք պետք է առաջացնեն նաեւ Հայաստանում, կասկածից վեր է: Սա կարող է լինել Փաշինյանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումներից մեկը, այլ մեզ թշնամի համարող Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաղթանակը, իսկ դրա հետեւանքները, վախենամ, կրկին ցավոտ լինեն…