02/07/2025

Խորեն Ա Կաթողիկոսի սպանության մանրամասները․ Լուսանկար

1938թ. ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը իր մահկանացուն կնքեց Ամենայն Հայոց 128-րդ կաթողիկոսը՝ Խորեն Ա Մուրադբեկյանը։ Հայ Եկեղեցու պատմության մեջ դժվար է հիշել նման առեղծվածային մահ, ինչպիսին Խորեն Հայրապետի վախճանն էր։

Ապրիլի 22-ին Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանը Հայոց Հայրապետության տեղակալ Գեւորգ Չորեքչյանին հղած նամակում գրում է, որ 10 օր է, ինչ ստացել են Վեհափառի բոլորովին անակնկալ վախճանի մասին գույժը, սակայն. «Ցարդ ի զուր սպասեցինք պատասխան տեղեկութիւն մը։ Չկարողացանք նոյն- իսկ հասկնալ, թէ որ օր պիտի կատարուէր յուղարկաւորութիւնը»։

Իսկ մայիսի 7-ին Իրաքի թեմի առաջնորդ Ռուբեն արք. Մանասյանը ԳՀԽ-ին հղած իր նամակում տարակուսում էր. «Հանգուցյալ Կաթողիկոսի մահվան լուրը տարօրինակ էր, որ ստացանք Երուսաղեմից, փոխանակ Էջմիածնից առնելու»։

Պաշտոնական վարկածով կաթողիկոսի անակնկալ մահվան պատճառը սրտի կաթվածն էր։ Սակայն Հայ Եկեղեցում այսօր էլ այն համոզմունքն է տիրում, որ կաթողիկոսը բռնության զոհ էր, թեպետ այդ մասին պաշտոնական որեւէ փաստաթուղթ դեռեւս հայտնի չէ։

ԳՀԽ անդամ Արսեն արքեպիսկոպոսի 1938թ. ապրիլ 19-ի հետին թվով գրված զեկուցագիրը միայն կցկտուր տեղեկություններ է հաղորդում Խորեն Ա Մուրադբեկյանի մահվան ու հուղարկավորության մասին։ «…Հարկավորը տնօրինեցի հոգելույս Հայրապետի թաղման մասին, երբ տեսա՝ թաղումն հապաղելն անտեղի է։

Տեր Խորեն Կաթողիկոսի մահն հաղորդվեց ավանդական երրորդը՝ հնչեցնելով, ապա հրավիրվեցին միաբան եղբայրները Վեհարան ու նրանց հաղորդվեց Հայրապետի մահը եւ Հայրապետական կոնդակով տ. Գեւորգ արքեպիսկոպոսին տեղակալ նշանակելու մասին։

Դագաղի եւ թաղման այլ պարագաների առթիվ կարգադրություններ անելուց հետո նույն օրը երեկոյան ժամասացությունը կատարվեց, առաջին հոգեհանգիստն ու ամբիծքը։ Դագաղը հազիվ գիշերվա ժամը մոտ 10-ը հասնելու պատճառով հուղարկավորությունը կատարվեց հետեւյալ օրը՝ ապրիլի 7-ին, Վեհարանից դեպի Գայանե վանքը, որի գավթումն էլ սուրբ պատարագից եւ եկեղեցական պատշաճ արարողությունից հետո հավատացյալների ստվար բազմության ներկայությամբ կատարվեց ամփոփումը հանգուցյալ Հայրապետի»։

Ո՞րն էր կաթողիկոսի հապճեպ հուղարկավորության պատճառը։ Եւ որքանո՞վ է արժանահավատ պաշտոնական տեսակետը։ Խորհրդային Միությունում այս հարցերի մասին բարձրաձայնելն անգամ հանցագործություն էր։ Սակայն Սփյուռքում, այսօր նաեւ Հայաստանում հնչում են կաթողիկոսի մահվան այլ վարկածներ եւս։

Կաթողիկոսի մահվան մասին առավել շրջանառվող վարկածով՝ Վեհափառ Հայրապետին խեղդամահ են արել Չեկայի մարդիկ` Մայր Աթոռի Գանձատան բանալիներն իրենց չհանձնելու պատճառով։ Հնաբնակ էջմիածնեցիները շատ լավ են հիշում իրենց համաքաղաքացիներին, որոնց անունների հետ են կապվում ապրիլ 6-ի չարաբաստիկ գիշերվա դեպքերը։

Պատմաբան Ստեփան Ստեփանյանի «Հայ Առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք» գրքում ներկայացացված է Խորեն Ա կաթողիկոսի սպասավոր Գեղամ Կլեկչյանի պատմությունն այն մասին, թե ինչպես է տեսել վախճանված Վեհափառ Հայրապետին. «…Մտա Վեհի ննջարանը, տեսա նրան անկողնում մեռած։ …Երբ անցա մեծ դահլիճ, աչքիս ընկան էլեկտրական լարերի կտորտանքները, զարմացա, թե այդ կտորտանքները որտեղից են հայտնվել»։

Խոսվում է նաեւ, որ ոճրագործության հետքերը կորցնելու նպատակով փորձ է արվել Խորեն կաթողիկոսին զինվորների միջոցով թաղել անհայտ մի փոսում, եւ միայն հավատացյալ մի քանի կանանց շնորհիվ է, որ այն չի իրականացել։ Այս մասին Թորգոմ Վեհապետյանն իր գրքում գրել է. «Քանի մը հատ հավատացյալ կիներ, շուտով կհասնին դեպքի վայրը, կարգելեն զինվորներուն այդ փորձը կատարելու»։ Նրանք էլ կաթողիկոսին «մեծ հարգանքով ու թափորով կտանին Ս.Գայանեի վանքը ու հոն կթաղեն»։

Հայտնի է նաեւ, որ երեք տարի անց՝ 1941-ին, կաթողիկոսական տեղապահ Գեւորգ արք. Չորեքչյանի հրամանով Խորեն կաթողիկոսի ոսկորները վերաթաղվել են Սբ. Գայանեի վանքի ավագ դռան մոտ։ Եւ միայն 1996-ին էր, որ նահատակ կաթողիկոսը գտավ իր արժանի տեղը՝ կաթողիկոսին վայել պատիվներով վերաթաղվելով Մայր Տաճարի բակում՝ հայոց հայրապետների շիրիմների կողքին։

Տսնամյակներ են անցել այս դեպքերից, սակայն այսօր էլ մինչեւ վերջ պարզաբանված չեն Խորեն Ա կաթողիկոսի մահվան հանգամանքները։ Այնուամենայնիվ խորհրդային տարիների եկեղեցամերժ քաղաքականության լույսի ներքո առավել արժանահավատ է նկատվում ոչ պաշտոնական վարկածը։

Նշենք միայն, որ 30-ականների վերջերին Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռի շուրջ սեղմօղակն ավելի ու ավելի էր ձգվում։ Իսկ Վեհափառի անակնկալ վախճանից ընդամենը 4 ամիս անց՝ օգոստոսի 4-ին, Հայաստանի Կոմկուսի (բ) կենտկոմի բյուրոյի նիստը որոշել էր. «Հաշվի առնելով, որ եղած նյութերը մերկացնում են Էջմիածնի կաթողիկոսության ակտիվ պայքարը խորհրդային իշխանության եւ հայ ժողովրդի դեմ, փակել Էջմիածնի վանքը, այն վերածելով թանգարանի, նոր կաթողիկոսի ընտրություններ չանցկացնել եւ լիկվիդացնել հայ հոգեւորականության կենտրոն Էջմիածնի Կաթողիկոսությունը»։

Նույն օրը այս մասին նամակ էր հղվել Ստալինին՝ կայացված որոշումը հաստատելու խնդրանքով։

Աստվածային նախախնամությա՞մբ, թե՞ քաղաքական սառը հաշվարկի հետեւանքով հայ կոմունիստների որոշումն իրականություն չդարձավ։ Թեեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը երջանկահիշատակ Խորեն Ա կաթողիկոսի վախճանից հետո թափուր մնաց աննախադեպ երկար ժամանակ. հաջորդ կաթողիկոսի ընտրությունը տեղի ունեցավ միայն 7 տարի անց՝ 1945-ին։

No photo description available.