03/12/2025

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն հասել է անբանականության մի սահմանագծի

27 ամսաթվերը կարծես կրկնվելու հատկանիշ են ձեռք բերում Հայաստանի Երրորդ Հանրպետության պատմության մեջ։

Հրապարակ թերթը գրել է․ Այսօր 2025 թվականի հունիսի 27-ին ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ՔՊ կուսակցության քաղաքական պատասխանատվությամբ եւ ՀՀ իրավական համակարգի կատարմամբ իրականացվեց գրոհ Հայաստանյայց առաքելական եկեղեցու գլխավոր Նվիրապետական Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի հանդեպ, որ իր նողկալիությամբ, ազգային ինքնության եւ պետականության հիմքերին ուղղված հարվածով համեմատելի էր 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դեմ իրականացված ահաբեկչական գրոհի հետ։

Հայ ժողովրդի պետականության եւ հոգեւոր ինքնության հենասյուները առճակատելու այսպիսի զազրելի ու դատապարտելի արարք մեր 4500-ամյա պատմության մեջ չէր եղել` ոչ Հայոց արքայատների իշխանության շրջաններում՝ Հայկազունիներից մինչեւ Հեթումյաններ, ոչ անկախության կորստյան մեկ-երկու շրջափուլերին՝ 5-7-րդ, 15-19-րդ դարեր, ոչ 20-րդ դարի Հանրապետությունների պատմության մեջ։

Ընդ որում, ուշագրավ է փաստը, որ  վերջին օրերին իշխանության կողմից Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը վերագրվող ահաբեկչական, ավելի ստույգ՝ Հանրապետությունում իրադրության ապակայունացման  ծրագրի բացահայտումից հետո իշխանական շրջանակներում փորձ արվեց այդ կիսահոդաբաշխ ծրագիրը «նոր հոկտեմբերի 27» հորջորջել։ Չհաջողվեց։ Լայն հասարակության կողմից որակումը չընդունվեց։

Բագրատ Սրբազանի շարժմանը մեղսագրվող ծրագիրը «հոկտեմբերի 27-ի» հետ համեմատվել չի կարող նախ այն պարզ պատճառով, որ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն կարող Կարեն Դեմիրճյանի կամ Վազգեն Սարգսյանի հետ համեմատվել։

Փաշինյանի ու Սիմոնյանի անկառավարելի վախերը, աչքերում դաջված սարսափը մահից ու սեփական կյանքի համար, հասկանալի է, բայց իրենց արժեքը, միեւնույնն է՝ զրոյական է։ Այդքանով էլ, եթե նույնիսկ Փաշինյանը, Սիմոնյանը, ԱԺ եւ կառավարության ուսապարկերի մատյան գնդերն էլ իրենց հետ, մի դիպվածով, Աստված մի արասցե, ահաբեկչության զոհ դառնան, դարձալ հոկտմբերի 27-ի հետ զուգահեռ չի գոյանա՝ ի տես իրենց անարժեքության։

Մի՞թե պատահական է, որ երկու օր է իշխանությունը փրփուրը բերանին օրնիբուն խոսում է «Սրբազան պայքարի»՝ բացահայտված ծրագրի մասին, նույնիսկ ձայնագրություններ են հրապարակել Քննչական կոմիտեի կայքում, որոնք այլ անձանց պարագայում, այլ հանգամանքներում կարող էին ուշադրության արժանանալ, տարբեր կենտրոնների կողմից ահաբեկչությունը դատապարտելու, կամ՝ իշխանությանն աջակցելու հայտարարություններ կհնչեցին։

Սակայն ՔՊ-ական ուսապարկերի դեպքում ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս դրանք արձագանքի չեն արժանանում։ Արհամարհական լռությունը նշանակում է՝ կամ բացահայտված ծրագիրն է մակերեւութային, անհամոզիչ, գուցե՝ շինծու, կամ՝ Փաշինյանի անձի եւ քայլերի ողջամտության հանդեպ համատարած վերապահումները երկրի ներսում եւ արտերկրում թույլ չեն տալիս այդ բացահայտմանը լուրջ վերաբերվել։

Փոխարենը վերջին օրերին միջազգային լրատվադաշտում ամոթալի լուրեր են շրջանառվում ՀՀ վարչապետի կողմից մարմնի մասեր ցուցադրելու անմեղսունակ հայտարարությունների մասին։

Հանրային համատարած ատելությունից, հայհոյանքից, անեծքից․ սպառնալիքներից ու մահվան վախից ցունգ-ցվանգի մեջ ընկած Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն հասել է անբանականության մի սահմանագծի, որից եթե ի զորու չէ ետքայլ կատարել, գիտակցության եւ հոգեկան հավասարակշռության գալ, երկիրը միջազգային անվանարկումից զերծ պահել եւ քաղաքացիական դիմակայության վիհը հաղթահարել, ուրեմն պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ վարչապետի պաշտոնից եւ երկիրը տանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Դա գուցե եւ իր վերջին շանսն է հանրային տեսադաշտից չքվելու եւ Մուամար ալ Կադաֆիի ճակատագրի չարժանանալու կամ՝ այդ ճակատագրի վախից չխելագարվելու։ Եթե, իհարկե, արդեն խելագարված չէ։

Փաշինյանն ինքն էլ եթե գիտակցության որեւէ նշույլ պահպանել է պետք է գիտակցի, որ Սուրբ Էջմիածնի հանդեպ գրոհ կազմակերպող արարածը՝ կենդանական էությամբ բնութագրվի, թե մարդկային, հայ լինի, թե օտարազգի, սթափության մեջ լինի, թե հոգեկան խանգարման՝ հայ ժողովրդի կողմից այլեւս չի ընդունվի իբրեւ իշխանություն։