03/07/2025

Փաստորեն, ԵՄ գումարներն իրենց նպատակներին չեն ծառայում

Հայաստանում Եվրամիության գրասենյակը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց արդյունավետությունը կասկածի տակ է կամ տեսանելի չէ ՀՀ քաղաքացիների համար: Այդ ծրագրերով հաշվետվություններ ներկայացվում են, բայց, նախ, դրանք լայնորեն չեն լուսաբանվում, եւ երկրորդ՝ ընթացքի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի տրվում:

Հրապարակ թերթը գրել է․ Այդպիսի անտեսանելի ու անարդյունավետ մի ծրագիր է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն, որի կիրարկման վերաբերյալ օրերս Հայաստանում ԵՄ գրասենյակը հրապարակեց 2024 թվականի հաշվետվությունը։ Այն այնքան լայն սահմանում ունի, որ թվում է՝ ամեն ինչ մտնում է դրա մեջ. «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համատեղ աշխատանքի շրջանակներ բազմաթիվ ոլորտների համար, ինչպիսիք են ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդումը, աշխատատեղերի եւ բիզնես հեռանկարների ստեղծումը, օրենսդրական բարելավումը, հանրային անվտանգությունը, մաքուր շրջակա միջավայրը, ինչպես նաեւ բարելավված պայմաններ կրթության եւ գիտության համար»։

2024 թվականի հաշվետվության մեջ անդրադարձ կա Հայաստանի համար խիստ կարեւոր հարցերի՝ դատական իշխանության բարեփոխումներ, մարդու իրավունքները ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում, կոռուպցիայի դեմ պայքար, Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթաց, գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելում եւ այլն։ Զեկույցները, որոնք տեղ են գտել CEPA-ի հաշվետվության մեջ, գրել են Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ներկայացնող ՀԿ-ները։

Որոշ դեպքերում այս զեկույցներում օբյեկտիվ, իրավիճակին համապատասխան գնահատականներ կան։ Օրինակ, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ի զեկույցում ներկայացված է իրավապահների անպատժելիության, ոստիկանական բռնաճնշումներին վերաբերող իրավիճակը։

Ըստ ԵՄ գնահատականների, «լուրջ մտահոգություններ կան Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ 2023-2025 թթ. գործողությունների պլանի իրագործման արդյունավետության առնչությամբ»։ Նշվում է, որ միջոցառումները մակերեսային են եւ անբավարար՝ մարդու իրավունքների խախտումների, օրինակ՝ ոչ մարտական պայմաններում զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը կանխարգելելու կամ լուծելու, ինչպես նաեւ՝ ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում վատ վերաբերմունքի դրսեւորումները կանխելու համար։
«Կան բազմաթիվ հրապարակային տվյալներ եւ դեպքեր, որոնք ցույց են տալիս ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի աճող միտումը՝ ինչպես ոստիկանության բաժանմունքներում եւ ավտոմեքենաներում, այնպես էլ զանգվածային ցույցերի ժամանակ եւ բերման ենթարկելու ընթացքում։ Ոստիկանության խախտումների առնչությամբ գլխավոր խնդիրներից են հաշվետվողականության բացակայությունն ու անպատժելիությունը։ Թեեւ վերջին տարիներին ոստիկանության կողմից բռնության դեպքերով հարուցվել է 22 քրեական գործ, իրավապահ համակարգի ընդհանուր արձագանքը դեռեւս մնում է անբավարար»։

CEPA-ն անդրադառնում է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից դժգոհ քաղաքացիների ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանության ապօրինի ուժի կիրառմանը, այդ թվում՝ հունիսի 12-ի բախումներին։ «Ոստիկանության արձագանքի համաչափությունն ու օրինականությունը քննության առարկա դարձնելուց հետո ոչ մի իրավապահ պատասխանատվության չի ենթարկվել»,- արձանագրված է ԵՄ զեկույցում։ Սակայն մյուս զեկույցներն ասես ներկայացնում են արդարադատության նախարարության, կառավարության ծրագրերը, ձեւական քննադատություններ են պարունակում՝ ընդամենը ցույց տալու, որ համապատասխանում են «իրավապաշտպան» ՀԿ կոչմանը։

Օրինակ, Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջընթաց է տեսնում կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ որպես թերություն նշում է Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի կողմից հրապարակվող բարեվարքության խորհրդատվական եզրակացությունների գաղտնիության ռեժիմը կամ հակակոռուպցիոն կրթության թերությունները, ու թվում է, թե խոսքը ոչ թե կոռուպցիայի մեջ ոտքից գլուխ թաթախված Հայաստանի, այլ որեւէ փոքրիկ եվրոպական երկրի կոռուպցիոն իրավիճակի մասին է, որտեղ բացահայտումը, թե մանկապարտեզում չկա հակակոռուպցիոն կրթություն, կարող է սենսացիա առաջացնել։

Առհասարակ, ԵՄ հաշվետվության հեղինակ ՀԿ-ներն ակնհայտորեն խնայում են կառավարությանը եւ նույնիսկ  խուսափում են օգտագործել «թերություն» բառը՝ փոխարինելով այն «մարտահրավեր» բառով, եւ սա ուղղակի ծիծաղելի է։

4 տարի է արդեն, ինչ CEPA-ն գործում է, եւ պետք է որ բարեփոխումներ արվեին՝ օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների, անկախ, արդյունավետ եւ հաշվետու արդարադատության համակարգի բնագավառներում, բայց այս բնագավառները դոփում են տեղում։ Գումարները, որոնք պետք է ծախսվեին Հայաստանի վրա, օրինակ, ծառայեին Հայաստանի փորձագիտական կարողությունների զարգացմանը, կամ, ասենք, աշխատատեղեր ու բիզնես ստեղծելուն, հավանաբար, մսխվում են: Համենայնդեպս, արդյունքը չի երեւում: Մինչդեռ ծրագրերը ֆունդամենտալ են: Միայն էներգետիկ ոլորտում, որը սահմանված է համաձայնագրի 5-րդ մասի 2-րդ գլխով, նախատեսված են հետեւյալ կետերը. էներգետիկ անվտանգության եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, մրցակցային էներգետիկ շուկաների զարգացում, վերականգնվող աղբյուրների, էներգաարդյունավետության,
էներգախնայողության առաջխաղացում եւ այլն:

Աշխատանքային իրավունքի առումով ծրագրային կետեր են աղքատության վերացումը եւ սոցիալական համերաշխության բարելավումը, ավելի լավ եւ արժանապատիվ աշխատանքի ստեղծումը, միաժամանակ չգրանցված զբաղվածության պակասեցումը, աշխատանքի անվտանգության եւ առողջության զարգացումը եւ այլն: Հասկանալի է, որ այս կետերից ոչ մեկի գծով առաջընթաց չկա:

Փաստորեն, ԵՄ գումարներն իրենց նպատակներին չեն ծառայում: Ինչ-որ միջազգային փորձագետներ են գնում, գալիս, պաշտոնյաներ են պարբերաբար փոխվում, բայց թե ինչով են նրանք զբաղված իրենց գրասենյակում, հայտնի չէ: Ճոխ-ճոխ աշխատավարձերն անհամեմատ են նրանց աշխատանքային ծանրաբեռնվածության հետ: Նրանցից ոմանք էլ սերտ կապեր են հաստատում Հայաստանում եւ ոչ միայն իրենք են օգտվում ԵՄ ճոխ-ճոխ բարիքներից, այլեւ իրենց ծանոթ-բարեկամ-ընկերուհիներին են գործի տեղավորում:

Նրանցից մեկը, օրինակ՝ ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը իր ընկերուհուն՝ մի բարի կնոջ, տեղավորել է թարգմանչիաշխատանքում՝ այն դեպքում, երբ գրասենյակն ունի տարիների փորձառություն ունեցող իր թարգմանիչները, իսկ վերջերս էլ ամուսնացել է թարգմանչուհու հետ։ Այնպես որ՝ մարդ ու կին այժմ աշխատում են ԵՄ գրասենյակում․ կինը՝ ամուսնու ենթակայության տակ։

Թվում է՝ ԵՄ ծրագրերի շուրջ պետք է մոնիտորինգ լինի թե՛ ՀՀ կառավարության, թե՛ ԵՄ-ի կողմից, իր լրջությամբ հայտարարված նպատակներին համապատասխանող, բայց ո՛չ կառավարությունն է մտնում ԵՄ դաշտ եւ մշտադիտարկումներ իրականացնում, որ տեսնի, թե ինչպիսին է ծրագրի ընթացքը, ո՛չ էլ ինքը՝ ԵՄ գրասենյակն է ստուգումներ նախաձեռնում:

Հիշենք, որ նույն գործելաոճը ստանձնել էր Սորոսի հիմնադրամը, որն այնքան անարդյունավետ ծրագրեր էր անում տեղերում, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մի օր հասկացավ դա եւ պարզապես փակեց հայաստանյան գրասենյակը: