01/07/2025

Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան

Այս ամենը, ինչը տեղի է ունենում վերջին ժամանակներս, ամբողջությամբ ուղղված է մեր օրինականության, սահմանադրականության, պետականության, ազգայնության վերջին նշույլները վերացնելուն:

Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին, «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնի մոտ, որտեղ ոստիկանությունը ապամոնտաժում էր Սամվել Կարապետյանի լուսանկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ պաստառները, հայտարարեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։

Նրա խոսքով, այն, ինչը տեղի է ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ, բնութագրվում է, որպես պաթոլոգիկ վախի և ապօրինության ամենամեծ դրսևորում։

Ասլանյանն ասաց, որ պաստառները գովազդի հետ բացարձակապես առնչություն չունեն, այլ իրազեկման ակցիա են և իրազեկողները կարող են դիմել քաղաքապետարան, կամ հարցը պարզեն վարչական կարգով։

«Հետևաբար նման բիրտ մեթոդներով մարդու նկարը ինչո՞ւ եք հանում։ Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործե՞րն ինչ եք անելու, կառուցած շենք-շինությունների հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք», -հարցրեց Ասլանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մի օր հերոս ես, հաջորդ օրը կարող ես դառնալ հակահերոս, մի օր գործողությունը օրինական է, վաղը կարող է դառնալ անօրինական։

«Մեր երկրում տեղի են ունենում սարսափելի ոտնձգություններ, որոնք մեզ տանում են իրավական նիհիլիզմ քաոս, անդունդ»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացը միջազգային արբիտրաժում է դիտարկվելու, ներդրումային միջավայրն է աղավաղվելու։

«Ես այդ բռնաճնշումների մսաղացով անցել եմ, որևէ մեկը չի կարող նման մարդուն բռնաճնշումների միջոցով ծնկի բերել։ Իրենց մոտ պաթոլոգիկ վախ կա իշխանությունը կորցնելու, բայց խորհուրդս այն է, որ ավելի լավ է Սամվել Կարապետյանի և հայակենտրոն, բարերար, գթասիրտ, աստվածավախ մարդկանց ձեռքով իշխանափոխությունը տեղի ունենա, քան թե ռադիկալ, ավելի վատ միջոցներով, ինչպես տարածաշրջանի այլ երկրներում էր»,- հայտարարեց Մամիկոն Ասլանյանը։