02/07/2025

Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը

Քննչական կոմիտեն քննությամբ պարզել է օրերս համացանցում հրապարակված կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը, որը վերագրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցումասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Ակնհայտ էր, որ այդ ձայնագրությունը կեղծված է։ Նպատակը մենք կպարզենք, բայց իմ կարծիքով այդ ձայնագրության հիմնական նպատակը պետական ինստիտուտների հեղինակազրկումն էր, մեր գործողությունները կասկածի տակ դնելը և այլ լույսի ներքո ներկայացնելը։

Այդ փաստի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համակարգչային կեղծիք կատարելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեում կա համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվում է նման հանցագործությունները բացահայտելով։ Արդեն իսկ քննությամբ ձեռք ենք բերել որոշակի տվյալներ, պարզել ենք սկզբնաղբյուրը, և առաջիկայում Քննչական կոմիտեն այդ մասով նույնպես պաշտոնական հրապարակմամբ հանդես կգա»,- նշել է Պողոսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր էջում հայտնել էր, թե որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով:

Քննչական կոմիտեն հիշյալի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նկատենք, որ կեղծ ձայնագրությունը տարածել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ասոցացվող 4rd.am կայքը: Դրանում ներկայացվում է, թե համացանցում շրջանառվում է մի գաղտնալսում, որից պարզվում է, որ «հիբրիդային պատերազմի» մասին գործը ամբողջությամբ թխված է իրավապահների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամաններով:

Ստորև ձայնագրության տեքստը.

«Ուրեմն հիմա հատուկ հանձնարարական եմ տալիս ԱԱԾ ու քննչականի պետերին։ Ինչքան հնարավոր է շուտ բռնում եք էդ Բագրատ սրբազան ա, ինչ ա, դրան ու դրա մի քանի կողմնակիցներին, մի 2 աչքի ընկնող դաշնակների, օրինակ, էն Արթուր Սարգսյանին, կամ էլ Բեղլուին ու սաղին փակում եք սահմանադրական կարգի տապալման ու բռնի հեղաշրջման փորձի մեղադրանքներով։Դե դուք սարքելու ձևերը ինձնից լավ գիտեք, զենք ա, բան ա, տարեք, գցեք նկարեք, ցույց տանք Հանրայինով, բանով, էդ Բագրատի ձենով էլ ձայնագրություններ սարքեք, թող ժողովուրդը լսի ու հավատա, որ իբր իմ վրա մահափորձ էին ուզում անել, համ էլ ձեռի հետ Գարեգինի մաֆիային կվախեցնենք… ու թող դրանք էլ իմանան, որ իրանց վրա էլ հանգիստ կարանք սարքենք։

Տաշիրի Սամոն վկա, ձեզ էդ հրամանը կատարելու համար ունեք մի շաբաթ ժամանակ, ձայնագրություններ է, բան է, սաղ սարքեք ու անցեք գործի»: