03/07/2025

Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել. Լուսանկարներ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել, խմբակցություններն առաջարկը չէին մերժել, ներկայացել էին:

Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ լիազորել փաստաբան Իրինա Հակոբյանին՝ Գյումրի համայնքի և ավագանու շահերը դատարանում ներկայացնելու համար։

Գյումրի համայնքի ու ավագանու շահերը դատարանում ներկայացնում է փաստաբանների փաստաբան Իրինա Հակոբյանը:

Դեռ 2024-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ դատարան էր ուղարկվել 24 հայց, որոնք վերաբերում են Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարման տարիներին ավագանու կայացրած ապօրինի որոշումներին: Դատական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ էր ավագանու ևս մեկ որոշում, որով հնարավոր կդառնար լիազորել փաստաբան Իրինա Հակոբյանին ավագանու շահերը ներկայացնել դատարանում:

765d8c12-071c-4c54-b5e7-6c792c9f12d7.jpg (174 KB)

Մինչ քվեարկությունը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը մոտեցավ ամբիոնին՝ ասաց հայտարարություն ունի: Հետո դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Գալստանյանի կալանավորումը: Սիմոնյանն ի նշան բոյկոտի, չմասնակցեց քվեարկությանն ու դուրս եկավ դահլիճից:

76787170-804f-4a8b-912a-827f06201dfb.jpg (157 KB)

Ի պատասխան Սիմոնյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն ուղղված մի քանի ակնարկի, խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն ընդգծեց.

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կապված իրավական գործընթաց կա, բոլորս կհասկանանք, եթե կա քաղաքական դրդապատճառ, միանշանակ ես կկանգնեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ոչ թե անձերի: Իրավական պրոցեսի մեջ մտնել պետք չէ: Կարող է այնպես ստացվի, որ շատերն իրենց ամպագոռգոռ խոսքերի համար հետո ամաչեն:

Որևէ մեկը չկասկածի, որ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որևէ անդամ կարող է դուրս գալ եկեղեցու դեմ: Եկեղեցու դեմ որևէ արշավ չկա, բոլորս հավատացյալներ ենք, քրիստոնյաներ: Ես եկեղեցու կողքին եմ, որտեղ ես կնքվել եմ, և պատրաստվում եմ շուտով կնքել նաև իմ երեխաներին»:

85b677e2-7526-4af4-93ad-4087e475f90d.jpg (174 KB)

Ավագանու մի քանի անդամներ այնուհետ ազատություն ցանկացան կալանավորված հոգևոր և աշխարհիկ դասի ներկայացուցիչներին, ու անցան օրակարգին:

Մինչ քվեարկությունը Վարդան Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց նախորդ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն հինգ անդամին, որոնք այս 24 գործերը դատարան ներկայացնելու որոշմանն արձագանքեցինմանդատները վայր դնելով: Ղուկասյանը 5-ի անուններն էլ ընթերցեց ու ասաց՝ որ այդ քայլը չի մոռանա:

Քնարիկ Հարությունյանն այնուհետ ներկայացրեց օրակարգային  հարցի որոշ մանրամասներ՝ ընդգծելով.

«Բոլորը քարոզարշավի ժամանակ խոսում էին Գյումրու մասին՝ ասելով, որ քաղաքը կարևոր է, հիմա եկել է ժամանակը, որ հասկանան՝ իսկապես մտածո՞ւմ են քաղաքի բնակիչների մասին, թե՞ մերկապարանոց հայտարարություններ էին անում»։

f7d40b2d-81e3-4ea4-84c4-8c53b245f862.jpg (892 KB)

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու և բարձրաձայնեց, թե այլ կասկածելի գործարքներ կան ավելի կարևոր, որոնք դատական կարգով վիճարկման առարկա չեն դարձել:

«Ճիշտն ասած, էդ 24 գույքը, որ էդպես ներկայացնում են, բոլորը ժամկետանց գործեր են, 12 գործ, ինչքան գիտեմ դատարանը հետ է ուղարկել, որովհետև դրանք ժամկետանց գործեր են։ Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու, ուղղակի մի քանի ավելացումներ եմ ուզում անել՝ ովքեր են գտել այդ 24 գործը, որը կոպիտ խախտում է, նախ հող է, գույք չէ, հողի մասով է, ոչ թե շենք-շինություն։ Ասեմ, որ մեր քաղաքապետարանում ավելի լուրջ գործեր կան, որոնք հսկայական գումարներ կբերեն քաղաքապետարան, դրանք խախտումներով, նախկինների կողմից արվել են»,- ասաց քաղաքապետը։

Ղուկասյանն ընդգծեց Երկաթգծի հիվանդանոցը հարակից շենք-շինություններով, նախկին «Լենինական» հյուրանոցը, «Թումո»-ին տրված քաղաքային զբոսայգին և հին շուկան, նախկին մանկավարժական ինստիտուտի, Գյուլբենկյանի վիրաբուժականի շենքերին:

««Ցայգի» շենքը, որը եղել է «Լենինական» հյուրանոցը, թե ոնց է  առանց քաղաքապետարանի, վերցրել, տվել չգիտեմ ինչ նախարարության, դրանից հետո «Ցայգը», «Շիրակը», դրանք մի քանի հոգի սեփականաշնորհել են, որոշակի հատվածներ էսօր Հ1-ին է պատկանում, թե ինչ կապ ունի Հ1-ը Լենինականի ունեցվածքի հետ։ Ես առաջարկում եմ անպայման դատի տանք, հետ վերցնենք մեր շենքերը, վերանայենք սեփականաշնորհման գործընթացը, զրո դրամով որ սեփականաշնորհել են քաղաքի ունեցվածքը, վերցնենք և նայենք՝ ով է արել, ոնց է արել, որը հսկայական լուրջ բացահայտումներ են։

Մյուսը մարզադաշտն է, որ տվել են ամիսը 90 հազար դրամի, պատկերացրեք, եթե էդ մարզադաշտը գույքահարկ մուծեր, ընդհանրապես 5 միլիոն դրամ գույքահարկ պիտի մուծեր էդ հսկայական կառույցը, էսօր տվել են 30 տարով, տարեկան մեկ միլիոն 100 հազար դրամով, որ պապիս թութունի դաշտն է եղել, մանկավարժականի շենքն էլ պապս է կառուցել։ Մյուսը Լոզանի համալսարանը, որը առաջվա Խաչատրյան Սեդրակի հիվանդանոցն էր, տվել են Լոզանի համալսարանին, էնպիսի անուններ են դնում, որ մարդ փշաքաղվում է, ո՛չ Լոզանը կա, ո՛չ համալսարանը»,- ասաց Ղուկասյանը:

ccca384d-e705-43e6-922e-f7a8d378b9d2.jpg (1.32 MB)

Սարիկ մինասյանն առաջարկեց տեղեկատվության տիրապետողի իրավունքով դրանց մասին իրազեկել Գլխավոր դատախազությանն ու Հակակոռուպցիոն կոմիտեին, ինչին ի պատասխան Գյումրու քաղաքապետը հակադարձեց՝ փաստերը կտանք, դուք դիմեք:

Ի վերջո, տարատեսակ քննարկումներից հետո Գյումրու ավագանին անցավ օրակարգային մեկ հարցի քվեարկությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամները կողմ քվեարկեցին նախագծին:

7ac4c810-3b7c-4229-b45e-d3adb4dd446a.jpg (1.27 MB)

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ից քվեարկությանը չմասնակցեցին, Վարդան Ղուկասյանը, վերջինսի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը և փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Խմբակցության 5 անդամները կողմ քվեարկեցին: Դատարանում գտնվող 24 գործերի թվում նաև Ղուկասյաններին պատկանող որոշ գույքերի ու տարածքների օրինականությունն է վիճարկվում:

c48792ec-fdb2-434c-8f32-0abf247f62ff.jpg (216 KB)

«Մեր քաղաքը» խմբակցության 3 անդամները ևս կողմ քվեարկեցին ներկայացված նախագծին:

«Իմ հզոր համայնք» խմբակցության նիստին ներկա 2 անդամները մնացին ձեռնպահ:

Գյումրի համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար ներկայացուցչին լիազորելու որոշումն ընդունվեց 22 կողմ և 2 ձեռնպահ ձայներով: Այսպիսով, Գյումրու ավագանին արտահերթ նիստում որոշեց Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Իրինա Հակոբյանին լիազորել՝ Գյումրի համայնքի և ավագանու շահերը դատարանում ներկայացնելու համար։