16/07/2025

Հայկական բռնապետության դեմքը շատ ավելի դաժան է

2018 թվականին թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական սկզբունքներով ու կոչերով իշխանության եկած (կամ՝ բերված) ՔՊ-ական խմբակը յոթ տարի անց հանեց դիմակը՝ ցույց տալով իրական դեմքը:

Այժմ արդեն ողջ ազգի համար ստուգապես հասկանալի դարձավ, որ այս ամբողջ ժամանակ գործ է ունեցել բռնապետական համակարգի հետ: Ու 2018-ից ի վեր արված բազմաթիվ կանխատեսումները, թե թրքաբարո այս խունտան եկել է (կամ բերվել է) Արցախը հանձնելու, իսկ Հայաստանը մասնատելու եւ տարածքը թուրք-ազերական դարավոր երազանքի՝ Մեծ թուրանի ոտքի կոխան դարձնելու համար, այլեւս ապացուցված իրողություն են:

Ամենաթարմ օրինակը հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ազգային խայտառակությունն էր, որին անդրադարձավ անգամ միջազգային մամուլը՝ հեգնական շեշտադրումներով: Աշխարհը տեսավ Քրիստոնեությունն առաջինը ընդունած հնագույն ազգերից մեկի լիակատար դեգրադացումը:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ ՀՀ-ում երբեւէ իշխանության էր գալու ազգային ակունքներից այսչափ օտարացած, իր երկիրն ու կրոնը, հավատքն ու ավանդույթը այսչափ ատող, էությամբ իշխանատենչ, արծաթասեր եւ ստախոս մի բռնապետիկ, ով կյանքում երբեք աչքի չի ընկել պետական գործերում, բանակում չի ծառայել, բայց փոխարենը լավ փիլիսոփայել գիտի:

Հատկանշական է, որ Մայր աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ այդ անձի ձեռնարկած աննախադեպ արշավները, տեղեկատվական ահաբեկչությունն ու նախահարձակ գործողությունները աշխուժացան հատկապես նրա՝ Թուրքիա կատարած այցից վերադառնալուց հաշվված օրեր անց:

Այդ անձը, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ թուրքական մզկիթ էր մտել բոբիկ ոտքերով, Հայ Առաքելական Եկեղեցի մտավ իրեն հլու-հնազանդ ծառայող ԱԱԾ-ի, Ոստիկանության ու վայրագություններով հայտնի կարմիր բերետավորների խմբերով, որոնց հրահանգված էր «մասկի շոուի» ցուցադրմամբ Քննչական կոմիտե բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Մայր աթոռի շուրջ համախմբված մեծաթիվ հավատացյալների համար, որոնք եկել էին զորակցելու Մայր Եկեղեցուն եւ Միքայել արքեպիսկոպես Աջապահյանին, անսովոր տեսարան էր ՀԱԵ տարածքում, նույնիսկ՝ Վեհարանում դիմակավորված, ոստիկանական մահակներով զինված հատուկ ջոկատայինների ներկայությունը:

Իրարանցումն ու քաշքշուկը սաստկացան, երբ հերթը հասավ սրբազանի ձերբակալությանը, ինչին ժողովուրդը կրծքով դիմակայում էր եւ թույլ չէր տալիս բռնի ուժով նրան բերման ենթարկել Քննչական կոմիտե: Հայոց պատմությունից հայտնի է, որ ՀԱԵ-ի նկատմամբ այդպես չէին վարվում անգամ օտար նվաճողները: Ըստ երեւույթին՝ հայկական բռնապետության դեմքը շատ ավելի դաժան է:

Մեկ անձի իշխանության վերջը, բնականաբար, բռնապետությունն էր լինելու: Նայեք ձեր շուրջը. բանտերը լցվում են քաղհալածյալներով, որոնց մեջ արդեն կարելի է հանդիպել միլիարդատերերի, եպիսկոպոսների, քահանաների, բարձրաստիճան զինվորականների, գործազուրկների…

Ժանրի կանոնների համաձայն՝ շուտով նրանց շարքերը կհամալրեն լրագրողներ, քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, ներքաղաքական իրավիճակների վրա ազդեցություն ունեցող եւ Նիկոլ Փաշինյանին դեմ խոսող այլ անձինք: Իշխանությունը պահելու համար խունտան ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում, եւ պատրաստ է գնալ մինչեւ վերջ՝ թեկուզ հայրենիքը վաճառքի հանելու գնով: Նա հստակ գիտակցում է, որ հողը ոտքերի տակից գնում է:

Ներսում ոչ մի հուսալի հենարան չի մնացել, որին կարելի է ապավինել. ո՛չ հանրային վստահություն, ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ ապագայի նախագիծ, այսինքն՝ հեռանկար, ո՛չ էլ ուժային կառույցների երբեմնի հավատարմությունը, որը հետզհետե մարում է: Բոլոր պաշարամիջոցները գնում են սպառման կամ արդեն սպառվել են:

Միակ հույսը արտաքին աջակցությունն է՝ մեծապես ի դեմս Թուրքիայի, որտեղից վերադառնալուն պես սկսվեցին այս բռնաճնշումները: Դե, ի՛նչ, պետք է պատրաստ լինենք դիմակայելու, գիտակցելու, որ սա սահմաններից, հողից ու կառույցներից անդին տանող մարտ է՝ մեր ինքնության համար վերջին գոյամարտը: