Հետաքրքիր է՝ այսուհետ է՞լ ինչ պիտի անեն այս երկրում եւ այս ժողովրդին, որ սթափվեն անտարբերության նիրհից:
Ախր, վաղը-մյուս օրը ստիպված են լինելու իրենց տան բանալիների ավելորդությունն զգալ այնպես ցավալիորեն, ինչպես արցախցիներն են այսօր զգում իրենց ծաղկափթիթ հայրենիքը կորցնելուց հետո։
Ո՞ւմ են հիմա հարկավոր հազարավոր անբան բանալիները, հույսի բանալիները մեր ճամպրուկներում, երբ ջարդված են այն փակ դռները, որոնք կողպել ենք տեղահանվելուց առաջ… Հիմա ամեն տեսնելիս՝ տխուր ապրումների առիթ են տալիս դրանք, երբ ավերված են տքնանքով ստեղծված մեր օջախները, անգամ ջնջված են հայրենի սրբարաններ տանող մեր ոտնահետքերը:
Այս երկրի տերը դիմում է ժողովրդին, թե՝ «մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։
Չշարունակեմ… Հազարավոր հավատավորներ, թե անհավատներ սոցցանցերում հավանում են այս հայտարարությունը, իսկ որ երկրի ղեկավարն առցանց հարթակով է իր համակիրներին հավաքում՝ նորություն չէ, ինչպես այն «հեղափոխությունը», որ «քայլողներին» հասցրեց իշխանության։
17-դարյա պատմություն ունեցող քրիստոնեական հավատը կասկածի տակ է դրվում կուսակրոնության անվան տակ։ Հիշենք, որ այս իշխանությունները օր օրի իրենց իսկական դեմքը բացում են, եկեղեցին այն միակ հարթակն է մնում, որ հավատարիմ է մեր ինքնությանը, արմատներին, ազգային արժեքներին ու հազարամյակների պատմությանը:
Տեսանելի է, որ երկրի ղեկավարն այնքան էլ միամիտ չէ, նրա բոլոր գործողությունները պահանջված են թշնամի բռնապետի կողմից, բայց ինքը հերթով ի կատար է ածում ժողովրդի անունից, ճիշտ այնպես, երբ 680 հազարի կողմից ընտրվեց երկրորդ անգամ ու շարունակեց գործել՝ թիրախ դարձնելով նրանց։
Մտահոգիչը, սակայն, ժողովուրդն է, նրա ստվար հատվածը, իսկ նրանք լուռ են, թե ինչ է՝ աշխատանք կկորցնեն, իսկ երբ անուն են կորցնում, արժանապատվություն, պատմություն, հավատ ու հայրենիք՝ ձայն չեն հանում: Ծանր է բանալիների ավելորդության ցավը՝ խորհեք այդ ուղղությամբ, մտահոգվեք այդ ուղղությամբ, պայքարեք այդ ուղղությամբ, որպեսզի ձեր տների բանալիները երբեք չդառնան հույսի բանալիներ:
Նատաշա Պողոսյան
Բաց մի թողեք
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Հիպոխոնդրիա, ինչ է դա, ինչ անել
Լուսինե Թովմասյանը բացահայտել է ապագա բալիկի սեռը