Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ական ծեծողների շարքում էր նաեւ Դավիթ Կարապետյանը։
Գուցե հաշված մարդիկ լսած լինեն այս անուն-ազգանունը, որովհետեւ խորհրդարանում այս պատգամավորը, կարելի է ասել, «ո՛չ հմում է, ո՛չ գմում»։ Նա մանդատ է ստացել նախորդ տարի, երբ պատգամավոր Գեւորգ Պապոյանը տեղափոխվեց գործադիր իշխանություն՝ ստանձնելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Դավիթ Կարապետյանը 2018-ից այս կողմ զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ 2018-2022-ը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, 2022-2023 թթ․՝ Պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու, իսկ 2023-ի հուլիսին նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, որտեղից էլ եկել է խորհրդարան։ Ի դեպ, նա Երեւանի նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ է թաղապետ դարձել ու հետո առաջ գնացել, Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետյանի հոր մորաքրոջ որդին է։ Ինչեւէ, խորհրդարանի «համրերի ակումբի» պատվավոր անդամ Դավիթ Կարապետյանը երեկ՝ ընդդիմադիրների հետ միջադեպի ընթացքում «ռեմբո» էր հիշեցնում։ Նա հուժկու հարվածներ էր հասցնում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արգիշտի Գեւորգյանի գլխին, երբ մեկ այլ իշխանական պատգամավոր` Ռուստամ Բաքոյանը, թեւի տակ դրած Գեւորգյանին խեղդում էր ու քարշ տալիս։ Կարապետյանը նաեւ ուժերը փորձեց «շիշ նետելու»՝ ՔՊ-ականների համար այդ պատվավոր մրցաշարում, բայց կարծես վրիպեց։
Միջադեպից հետո Հրապարակ թերթը մի քանի հարց է ուղղել ՔՊ-ական պատգամավորին։
– Դուք խորհրդարանի ամենապասիվ, չխոսկան պատգամավորներից եք, ինչո՞ւ էիք այդքան ակտիվացել, հախուռն պահվածք դրսեւորեցիք ծեծկռտուքի ժամանակ։
– Ես սովորաբար բաժանել եմ։
– Բայց տեսանյութերից երեւում է, որ հարվածում էիք Արգիշտի Գեւորգյանի գլխին, ապա շիշ նետեցիք։
– Հայհոյանք եղավ` շիշ նետեցի, ես բոլոր դեպքերում միշտ բաժանում էի։
– Ի՞նչ գնահատական կտաք այս միջադեպին․ թե՛ մարդկային, թե՛, առավել եւս՝ տղամարդկային տեսանկյունից նորմա՞լ եք համարում, որ կալանքի գնացող մարդու հետեւից ռեպլիկ անեն, ինչպես Ձեր գործընկերները, ապա փորձեն խփել, կռիվ հրահրել, իսկ Վահե Ղալումյանն էլ տեղից ցատկելով` հարվածի։
– Ընդհանուր առմամբ, շատ վատ եմ գնահատում նման երեւույթները, բայց պետք է հասկանալ, թե ինչից սկսվեց։ Ինչ վերաբերում է այս միջադեպին, հավանաբար, նյարդերի լարվածության հետեւանք էր, դուրս գալուց, հավանաբար, հայհոյանք տվեց Արթուր Սարգսյանը, պատասխան եղավ, ու այդպես ․․․ Իմ ինֆորմացիայով՝ այդպես է եղել․ կա՛մ հայհոյանք, կա՛մ ռեպլիկ է բաց թողել, որի արդյունքում միջադեպը սկսվել է։
– Անգամ չեք կողմնորոշվում` հայհոյա՞նք է հնչել, թե՞ ռեպլիկ: Մինչդեռ ընդդիմադիրներն ասում են, որ ՔՊ-ականներիդ դուր չի եկել, որ Արթուր Սարգսյանը հեռանում է, եւ ռեպլիկ են արել հետեւից, հետո, կարծեմ, Հակոբ Արշակյանն էլ ասաց, թե ինչու էր գնում, թող մնար` պատասխաներ մեր հարցերին։
– Ճիշտ է ասել, ես էլ եմ ասում՝ հարցեր կային, պիտի մնար ու պատասխաներ։ Տղամարդկությունից խոսեցիք, ասում եք՝ ինչքանո՞վ էր տղամարդավարի․․․ դե, թող ինքն էլ տղամարդավարի կանգներ եւ պատասխան տար։
– Նախ՝ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն արդեն քննարկվել էր, ինքը եզրափակիչ ելույթ ունեցավ, ու դրանից հետո միջադեպը տեղի ունեցավ։ Այսինքն՝ դուք ձեր բոլոր հարցերը տվել էիք, ելույթները՝ ունեցել, իսկ կալանքի միջնորդությունը սոսկ ձեւական բնույթ էր կրելու, ի վերջո, դա մարդու իրավունքն է` պատասխանել, թե ոչ, եւ նա հայտարարեց, որ չի ուզում զուր ժամանակ վատնել, գնում է ընտանիքի հետ անցկացնելու ազատության վերջին ժամերը։
– Հիմա մենք ցանկություններո՞վ պետք է առաջնորդվենք, թե՞ «ԱԺ կանոնակարգ» օրենքով։
– Օրինակ՝ ի՞նչ հարցեր էիք ուզում տալ, որ չտվեցիք եւ այդքան ծանր տարաք նրա բացակայելու լուրը։
– Հարցն այստեղ բացակայելը չէր, այլ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքը․ գուցե ոչ մեկն էլ չհերթագրվեր, հարց տար, խոսքն այն մասին է, որ չի կարելի ինստիտուտն արհամարհել։
– Ձեր այս պահվածքով դուք անչափ բարձր եք պահում օրենսդիր մարմնի վարկանիշը, շատ եք հարգում ինստիտուտը, հավանաբար։
– Շատ խորհրդարաններում նման դեպքեր լինում են, բայց քանի որ մենք ունենք տեռորիզմին աջակցող ընդդիմություն, հետեւաբար, մեզ մոտ դրա հավանականությունն էլ ավելի մեծ է։
– Ի՞նչ տեռորիզմ, չե՞ք ուզում սպասել դատարանի որոշմանը, արդեն դատավճիռն արձակե՞լ եք։
– Կապրենք՝ կտեսնենք, ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, դատարանի վճռից բացի, կա բանականություն, տեսնում, լսում, հասկանում ենք, թե ինչ է կատարվում։
– 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ձեր կողմից բռնապետ հռչակված նախկինները Սերժ Սարգսյանի հրաժարականից օրեր առաջ կալանավորեցին Փաշինյանին ու թիմին, բայց նման հոդվածներ չդրեցին, ճիշտ հակառակը՝ ազատ արձակեցին։ Հիմա դուք հարձակվում եք մի մարդու վրա, որը գնում է կալանքի, ու չկա իշխանազավթման ոչ մի նշույլ։
– ԱԺ դահլիճում եւ պետական համակարգում ես միշտ ուրախ կլինեմ, որ համերաշխություն տեսնեմ, լավ մթնոլորտ, եւ բոլորի ուղղվածությունը լինի պետության զարգացմանը, ոչ թե նման իրավիճակներին, բայց քանի որ լինում են, լինում է նաեւ այդպես։
– Վահե Ղալումյանն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման ագրեսիվ պահվածքով, սադրում է ընդդիմադիրներին, ձեռքերին ազատություն տալիս, դուք եք այսպիսի վիճակ ստեղծում։
– Վահե Ղալումյանն ադեկվատ մարդ է, չի կարող ուղղակի տեղից թռչի ու ինչ-որ բան անի, ամեն ինչ լինում է մինչեւ դա, ես ասի` դուրս գալուց, հավանաբար, ռեպլիկ է եղել։
– Իսկ տարօրինակ չէ՞, որ հենց Վահե Ղալումյանն է պարբերաբար այդ իրավիճակներում հայտնվում։
– Երեւի իր նստած տեղից է` դահլիճի դռան մոտ է նստում՝ ընդդիմության հարեւանությամբ, ու լսում է՝ ինչեր են ասում։
– Իսկ այդ ի՞նչ է ասել, որ հետեւից վազեց, որ հարվածի։
– Չեմ կարող ասել․․․
– Ես գիտեմ, որ եղել է ռեպլիկ, թե` թռնո՞ւմ ես․․․
– Հայհոյանք է տվել։
– Իսկ ինչո՞ւ պիտի Արթուր Սարգսյանը հեռանալիս հայհոյեր ձեզ։
– Որովհետեւ համարում է, որ իրեն ապօրինի են միջնորդություն ներկայացրել։
– Կարելի է կարծել, որ ամենակոռեկտ, ամենազուսպ պատգամավորն էր պարտավոր ծեծին ակտիվ մասնակցել, որովհետեւ հենց նման պահվածքն է խրախուսվում «շեֆի» մոտ։
– Ես ասացի, որ ընդամենը բաժանել եմ, եւ երբ հայհոյեցին` շիշ եմ նետել։
– Եթե բաժանում էիք, ինչո՞ւ էին հայհոյում։
– Ես չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է իմ ակտիվությանը, ես գործում ակտիվ եմ, իսկ իրականում շատ կռվարար եմ եղել, բայց ստեղ շատ-շատ փոխվել եմ։
– Խորհրդարան գալուց հետո՞։
– Մինչեւ այստեղ՝ պետական համակարգ մտնելուց հետո։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները